Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գլխուղեղն այնքան էլ «մեկուսացված» չէ, որքան թվում է

Նոյեմբեր 15,2023 09:30

Տասնամյակներ շարունակ գլխուղեղը համարվում էր մարմնի ամենաարժեքավոր, հետևաբար և ամենից լավ պաշտպանված ակտիվը։ Հուսալիորեն շրջապատված լինելով կենսաբանական գրեթե անանցանելի պատնեշով՝ այն հիմնականում զերծ է մնում մանրէների ներխուժման քայքայիչ ազդեցությունից, իմունային համակարգի կողմից մղվող պայքարի արգասիքներից։

Սակայն մոտ 20 տարի առաջ որոշ հետազոտողներ սկսեցին հետաքրքրվել՝ արդյո՞ք գլխուղեղն իսկապես այդքան մեկուսացված է, և ինչպես պարզվեց օրեցօր ավելացող տվյալներով՝ ո՛չ, գլխուղեղն ու մարմինը սերտորեն փոխկապակցված են, և այդ պատասխանը մեծ դեր ունի ինչպես գիտության, այնպես էլ առողջապահական համակարգի զարգացման գործում։

Մարմնի այլ հատվածների փոփոխությունների հետ կապված գլխուղեղի հիվանդությունների ցանկը բավականին երկար է, և այն շարունակվում է համալրվել։ Օրինակ՝ աղիներում ապրող միկրոօրգանիզմների կազմի փոփոխությունները կապվում են այնպիսի խանգարումների հետ, ինչպիսիք են Պարկինսոնի հիվանդությունն ու շարժիչ նեյրոնների հիվանդությունը։ Որոշ հետազոտություններ ենթադրում են, որ որոշակի վարակներ կարող են հրահրել Ալցհայմերի հիվանդության զարգացումը։ Կա նաև տեսություն, որ հղիության ժամանակ վարակվելը կարող է բերել երեխայի մոտ աուտիստիկ սպեկտրի խանգարումների։

Աղիների միկրոբիոմի փոփոխությունները կապվում են այնպիսի խանգարումների հետ, ինչպիսին Պարկինսոնի հիվանդությունն է։

Ընդ որում, արդյունքը երկկողմանի է։ Կան բազմաթիվ ախտանշաններ, որոնք չեն դիտարկվում որպես նյարդային համակարգի խանգարումներ և որոնց հարցում մեծ դեր ունեն գլխուղեղն ու նյարդային գործընթացները։ Օրինակ՝ ջերմության բարձրացման վրա ազդում են մարմնի ջերմաստիճանն ու ախորժակը վերահսկող նեյրոնները։ Օրգանիզմի վրա գլխուղեղի ազդեցության մասին խոսում է, օրինակ, այն հետազոտությունը, որի ժամանակ մկների գլխուղեղի որոշ հատվածների խթանումը «հիշեցնում է» օրգանիզմին նախկինում ունեցած բորբոքային գործընթացների մասին՝ վերարտադրելով դրանք։

Այս ցանկը կարելի է շարունակել։ Ավելի շատ ապացույցներ են հայտնվում, որ քաղցկեղն օգտագործում է նյարդերը աճելու և տարածվելու համար։

Գիտնականներն այժմ որոնում են նյարդային այն ուղիները, որոնք առաջացնում են զարկերակային ճնշման իջեցում և ուշաթափություններ։ Խոսքը սրտից դեպի գլխուղեղ գնացող նյարդերի խմբի մասին է։

Գլխուղեղի և մարմնի այլ հատվածների կապի ավելի լավ պատկերացումը թույլ կտա հիվանդությունների բուժման առավել արդյունավետ եղանակներ մշակել։ Եթե գլխուղեղի որոշ հիվանդություններ սկսվում են գլխուղեղի սահմաններից անդին, ապա, հնարավոր է, դրանց բուժումը ևս պետք է իրականացնել գլխուղեղից դուրս։ Օրինակ՝ շատ ավելի հեշտ և պակաս ինվազիվ կլինի մարսողական համակարգի, սրտի կամ այլ օրգանների միջոցով իրականացվող բուժումը, քան բուժումը, որը ենթադրում է գլխուղեղի պաշտպանության առաջնագծի՝ հեմատոէնցեֆալիկ (արյունաուղեղային) պատնեշի հաղթահարում։

Մյուս կողմից նաև կարելի է օգտագործել մարդու հույզերի ու տրամադրության ազդեցությունը հիվանդություններից ապաքինման հնարավորությունների վրա։ Օրինակ՝ հետազոտվում է այն հարցը, թե կարո՞ղ է արդյոք գլխուղեղի` դրական հույզերի համար պատասխանատու հատվածների խթանումը արագացնել օրգանիզմի վերականգնումն այնպիսի վիճակներից հետո, ինչպիսին սրտի կաթվածն է։ Առավել հուսադրող է թվում այն հնարավորությունը, որ վարքագծային որոշակի փոփոխությունները, օրինակ՝ սթրեսի նվազեցումը կարող արագացնել «գլխուղեղից դուրս» գտնվող հիվանդություններից ապաքինման գործընթացը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Nature

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930