Իլյա Հակոբյան…
Հարազատներն ու ճանաչողները մեծ հպարտությամբ են խոսում նրա հերոսական կյանքի մասին։ Ափսոսում ու ցավում են, որ նա չհասցրեց իր երկրային կյանքում ընտանիք կազմել, երեխաներ ունենալ… Նա ամբողջ կյանքը նվիրեց հայրենիքին ու ընկերներին՝ ցույց տալով, որ կյանքը լիաթոք, բայց արժանապատվությամբ ապրելու համար է…
Օրերս Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացել է հուշ-ցերեկույթ և «Իլյան» գրքի շնորհանդեսը` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Իլյա Հակոբյանին։
Միջոցառմանը ներկա են եղել հերոսի ծնողները, հարազատները, ընկերները, Արցախյան բոլոր պատերազմների հերոսների մայրերը, քույրերն ու կանայք, քաղաքական և հասարակական գործիչներ, հյուրեր։
Կարդացեք նաև
«Իլյան» գիրքն ամբողջությամբ նվիրված է Իլյային, որտեղ տեղ են գտել հերոսի քրոջ` Հասմիկ Հակոբյանի օրագրային գրառումները, լրատվականների անդրադարձները, բանաստեղծություններ և հուշագրություններ` նվիրված հերոսին։ Իլյան լույս էր և լույս դարձավ։
Հասմիկ Հակոբյանի խոսքով` գիրքը ցավի ու կարոտի մասին է։ Այն գրվել է գրքի խմբագիր, գրող և լրագրող Վովա Արզումանյանի խորհրդով։
Շապիկի նկարի հեղինակը տաղանդավոր դիմանկարիչ Արսեն Պետրոսյանն է։ Գիրքը ցավի ու կարոտի մասին է. ինչպես կարող է մարդ միայնակ մնալ իր ցավի ու կարոտի մեջ և մի օր վեր բարձրանա ցավից` ցավով ու կարոտով։
Իլյա, դու հավերժ կմնաս մեզ հետ, մեր կողքին: Ու ամեն քայլ անելիս պետք է հիշենք ու փառք տանք քեզ, որ զոհվեցիր մեր ապրելու համար…
Ի. ԱՍԾԱՏՐՅԱՆ