Մենք՝ «Արժանապատվության շարժում» նախաձեռնությունը հիմնադրած քաղաքացիներս,
– ամբողջությամբ գիտակցելով Հայաստանի Հանրապետության գլխին կախված գոյաբանական խնդիրները,
– անթույլատրելի համարելով ՀՀ կառավարության կողմից ՀՀ տարածքների և իրավունքների նկատմամբ վերաբերմունքը և Արցախի պաշտպանության Հայաստանի տված խոստման դրժումը,
– համոզված լինելով, որ Հայաստանում կառավարող ուժի ներկայիս վարած ներքին և արտաքին քաղաքականության պատճառով մենք հանգելու ենք ավելի մեծ ու անլուծելի խնդիրների,
Կարդացեք նաև
– զգալով մեր՝ քաղաքացիներիս բացառիկ իրավունքն ու պատասխանատվությունը այդ խնդիրների լուծման ճանապարհը որոշելու հարցում,
– քննարկումների արդյունքում ձևավորելով գործելու սկզբունքներ և ճանապարհային քարտեզ,
– գիտակցելով առկա մարտահրավերների լուծման համար ուժերը և ռեսուրսները արդյունավետ կառավարելու անհրաժեշտությունը և այդ հարցում որպես ՀՀ արժանապատիվ քաղաքացիներ մեր պարտականությունը,
հայտնում ենք, որ մեր համատեղ գործունեության նպատակներն են․
– հանրային համաձայնության արդյունքում ստեղծել իրապես ինքնիշխան պետություն՝ միջազգային իրավունքի սուբյեկտին հատուկ որոշումներ կայացնելու շրջանակներով,
– քաղաքացիների կողմից միմյանց ֆիզիկական անվտանգության, իրավունքների և մշակութային ինքնության պաշտպանության ու զարգացման գործում հասնել հանրային համերաշխության՝ պետության երաշխավորության ներքո։
Այս խնդիրներին հասնելու համար մեր առաջ դրված նպատակն է փոխել ներկայիս կառավարող ուժը՝
– այն փոխարինելով շարժման նպատակներին հավատարիմ, գործունակ ժամանակավոր կառավարիչներով,
– նոր կառավարության նկատմամբ կազմակերպելով այնպիսի վերահսկողական մեխանիզմներ, որոնք անհնար կդարձնեն շարժման նպատակներից շեղման որևէ հնարավորություն,
– կազմակերպել խորհրդարանական նոր ընտրություններ այն ժամկետներում և պայմաններով, որ ողջամիտ կհամարվեն շարժման նպատակներին հասնելու համար։
Գործունեության սկզբունքներն են․
– ներքաղաքական հարցերի լուծման գործում բռնության բացառումը,
– որպես նպատակներին հասնելու միջոց խաղաղ դիմադրության գործիքակազմի ընտրությունը,
– ապակուսակցական կազմակերպչական մարմինը։
Համատեղ գործունեության արժեքներն են․
– ժողովրդավարությունը,
– արդարությունը,
– պատասխանատվությունը
«Արժանապատվության շարժում»