Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանաչված նկարչուհու՝ գունառատ, լեփ-լեցուն սրահով ցուցահանդեսը Գյումրու պատմության թանգարանում (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 14,2023 22:55

Այսօր Գյումրու պատմության թանգարանի ցուցասրահում բացվեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի Սուսաննա Մկրտչյանի «Նատյուրմորտ» պայմանական անվանումը կրող անհատական ցուցահանդեսը։

Սուսաննա Մկրտչյանը նաև Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղի հիմնադիրն է, ու այս ցուցահանդեսը նվիրված է կենտրոնի 45-ամյակին։

Թանգարանի սրահը, որտեղ բացվել էր ցուցահանդեսը, լեփ-լեցուն էր․ այնտեղ էին քաղաքի մտավորականների մեծ մասը։

Նկարչուհին մեզ հետ զրույցում ասաց․ « Իմ հերթական ցուցահանդեսներից մեկն է, որը պայմանական անվանել եմ «Նատյուրմորտ», բայց իրականում այն մի ամբողջ պատմություն է, պատմություն է Գյումրու մասին։ Բոլոր նատյուրմորտներն իրենց մեջ սիմվոլներ են կրում, ու դրանք անպայման, անպայման Գյումրի են։

Եվ ցուցահանդեսը նվիրել եմ մեր Գեղագիտության կենտրոնի 45-ամյակին, ուզում էի մեծ տոնակատարություն անել, բայց ելնելով ներկայիս իրավիճակից՝ հարմար գտա ցուցահանդես անցկացնելու։

Ցուցադրել եմ 55 աշխատանք, վերջին տարիների իմ գործերից են, իհարկե, թարմ գործեր էլ կան, որոնք ինձ հատուկ տեխնիկայով են արված, այդ տեխնիկայի հեղինակը ես եմ»։

Նա ասաց, որ ցուցահանդեսը հիմնականում երիտասարդների համար է, իր սերնդակիցները շատ լավ են ճանաչում իր գործերը։

Սուսաննա Մկրտչյանը նշեց, որ այս ցուցահանդեսից հետո պլանավորել է ցուցադրել իր գրաֆիկական աշխատանքները, որոնց առանցքում դարձյալ Գյումրին է , նաև մետաքսից աշխատանքները, հոգևոր թեմաներով իր մանրանկարչությունները, որոնք արված են կտորների վրա և շատ երկրներում են ցուցադրվել։

Մենք հետաքրքրվեցինք, թե ի՞նչ տեխնիկայով է ստեղծագործել նկարչուհին։

«Գիտեք, այդ տեխնիկային ես ակամայից եմ անցել, անսպասելի, որովհետև, երբ երկրաշարժից հետո չունեի տուն, արվեստանոց, բայց ունեի մեծ ցանկություն աշխատելու, ստեղծագործելու և չունեի նյութեր, ես թղթի, սոսնձի միջոցով ուզում էի հարթություն ստանալ, հարթություն, որի վրա նկարեի, որովհետև կտավ չունեի, թուղթ չունեի, օգտագործում էի թերթերը, այն ժամանակ թերթեր շատ էինք կարդում և այդպես կամաց-կամաց զարգացնելով-զարգացնելով՝ ստացվեց այս տեխնիկան»,- ասաց նկարչուհին։

Նա իր ելույթի ժամանակ էլ բացատրեց նկարների խորհրդանիշերը։

«Յուրաքանչյուր առարկա, որ պատկերում ես քո նկարների մեջ, իրենց մեջ պատմություն են կրում։ Ուշադիր նայեք իմ նկարներին, կնկատեք, որ ես հատկապես ձուկ շատ եմ նկարում, ձուկը ինձ համար ազատության, քիչ խոսելու, չխոսելու և գործ անելու, չխոսելու և շարժվելու սիմվոլն է, որ ես անընդհատ օգտագործում եմ։

Իմ նկարների մեջ շատ կան բանալիներ, երբ ես փոքր էի, իմ ծնողները գաղտնի խոսում էին, որ պիտի վերադառնան Ղարս, և իրենք գիտեին՝ իրենց բանալիները որտեղ են։ Այն բանալիներն են, որոնք մնացին մեր պայուսակներում, երբ երկրաշարժ եղավ,տուն չունեինք, և հիմա այն բանալիները, որ արցախցիները եկան և իրենց հետ բերեցին, բայց տուն չունեցան։ Այսինքն բանալին այն հույսն է, որ պիտի գնաս ու մի օր դուռը բացես»,- ասաց Սուսաննա Մկրտչյանը։

Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն էլ ցուցահանդեսի բացմանը, դիմելով ճանաչված նկարչուհուն, ասաց․ «Դրսում աշուն է, բայց ներսում շատ գարունոտ, որովհետև տիկին Մկրտչյանը իր գունապնակի ողջ սերը, ջերմությունը, գույները, հույսը, որ ունի իր մեջ, տեղափոխել է Գյումրու համայնքային ցուցասրահ։

Քաղաքում կան անուններ, առանց որոնց հնարավոր չէ պատկերացնել քաղաքի կենսագրությունը, առավել ևս մշակութային կենսագրությունը։ Տիկին Մկրտչյանն այդ անունն է։ Սիրելի տիկին Մկրտչյան, դուք ունենք բոլոր պարգևները, շնորհակալագրերը, պատվոգրերը, ուստի ինչ-որ բան գրելը, ձեզ հանձնելը շատ դժվար է, մնում է միայն մեր սերն ու ջերմությունը, հարգանքն ու հոգատարությունը ձեր անձի նկատմամբ և այն անսահման անձնական ներքին զգացողությունները, որ ունեք ձեր արվեստի և տեսակի նկատմամբ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930