«Անբացատրելի է, բայց ես կփորձեմ, երբ մկրտված չես, մի ձեւ շատ ազատ ես, բայց երբ մկրտվում ես, կյանքդ մի ակնթարթում փոխվում է, պարտավորություններ ես զգում քո քայլերի ու գործողությունների համար»,- ստեփանակերտցի 11-ամյա Կամիլան փորձում է բացատրել մկրտության խորհուրդը: Կամիլայի չորս հոգանոց ընտանիքը՝ հայրը, մայրը եղբայրը եւ ինքը այսօր մկրտվեցին:
Մասիս խոշորացված համայնքում այսօր արցախցիների մկրտության արարողություն էր: Կամիլայի ընտանիքի հետ Արցախից բռնի տեղահանված եւ Մասիսում ապաստան գտած արցախցի այլ ընտանիքներ էլ մկրտվեցին: Ի սկզբանե նախատեսված էր 140 հոգու մկրտություն, բայց մկրտվողների թիվն անցավ 150-ը:
Կարդացեք նաև
Մասյացոտնի Թեմի Առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ, Մասիսի 7 եկեղեցիներում` միաժամանակ տեղի ունեցան մկրտության արարողություններ: Իսկ ամփոփիչ մեծ ու գեղեցիկ միջոցառումն անցկացվեց Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կամիլան ուրախ է մկրտության համար ու շատ ոգեւորված. «Երբ մարդը մկրտված չի, նա երբեք չի կարող ասել, որ քրիստոնյա է, բայց երբ մկրտվում ենք, մենք դառնում ենք Աստծո զավակներ: Եթե մտածում ես, որ Աստված քեզ բան չի տվել, տվել է. էն որ կարողանում ես աշխատել, լավ բաներ առնել, սովորել… »
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ մկրտության այս լավ գործընթացը շարունակական է լինելու: Գաղափարն առաջացել է Մասյացոտնի թեմի առաջնորդի, հոգեւոր հայրերի հետ շփումից: Հիմնական նպատակն այն է, որ Մասիս համայնքում ապաստանած Արցախցի բռնի տեղահանվածները քրիստոնեական, նաեւ՝ ավելի արագ ինտեգրվեն համայնքի կյանքին:
10 եւ ավել կնքահայրերին նման պատասխանատվություն ստանձնելու համար հատուկ համոզելու կարիք չի եղել: Դավիթ Համբարձումյանն ասում է՝ մարդիկ ինքնակամ եւ կարեւորը՝ սիրով են առաջադրվել «կնքահոր թեկնածությունը»: Ավելին, առաջադրումներն այնքան են եղել, որ արդեն ապագա կնքահայրերի ցուցակ կա՝ հետագա կնունքների համար:
Մանրամասները՝ տեսանյութում
Երգչուհի Շուշան Պետրոսյանը մկրտվողներին հորդորեց՝ մկրտությունը հոգում կրել, ոչ թե կենացներով. «Այն ամենն ինչի առաջ այսօր կանգնել ենք, որովհետեւ շատ ենք հեռացել Աստծուց: Տեր Աստված մեր վերջին հույսը չի, Տեր Աստված մեր միակ հույսն է: Մեզ արժանապատվության վերադարձ՝ ի դեմս Արցախի եւ տղերքի հիշատակի: Պատիվ ունեմ»:
Շուշան Պետրոսյանը ոչ միայն մաղթանքներ հղեց, նաեւ երգեց:
Մանրամասները՝ տեսանյութում
Մկրտության պաշտոնական արարողությանը հետեւեց նաեւ հյուրասիրություն՝ մատաղ եւ արցախյան ուտեստներ՝ արցախցի կանանց պատրաստած ավանդական ժինգյալով հացն ու փախլավան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ