«Սիրիզա–Առաջադեմ դաշինք» կուսակցության խորհրդարանական ֆրակցիայի ղեկավար Ֆամելոս Սոկրատիսը հանդիպել է Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ, ում հետ քննարկել են Ադրբեջանի ռազմական հարձակումից հետո Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումները։
Ֆամելոս Սոկրատիսը հայտնել է, որ «Սիրիզա–Առաջադեմ դաշինք» կուսակցությունը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնակիչներին իրենց բնօրրանից տեղահանումը։ Նա ընդգծել է «Սիրիզա–Առաջադեմ դաշինք» կուսակցության աջակցությունը՝ Բրյուսելի կարգավորման գործընթացի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության համաձայնագրի հաստատմանը՝ դատապարտելով Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը խախտելու ադրբեջանական ցանկացած փորձ։
Միևնույն ժամանակ, նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հայերի, այդ թվում՝ իրենց բնակավայրեր վերադառնալ ցանկացողների իրավունքների ու անվտանգության երաշխավորման անհրաժեշտությունը, ինչպես նաև միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի մշակութային ժառանգության հուշարձանների պահպանությունը։
Հանդիպմանը մասնակցել են կուսակցության արտաքին հարաբերությունների համար պատասխանատու տիկին Ռենա Դուրուն, ինչպես նաև «Սիրիզա–Առաջադեմ դաշինք» կուսակցության դիվանագիտական հարցերով խորհրդական պարոն Էվանգելոս Կալպադակիսը։
Կարդացեք նաև
«Սիրիզա–Առաջադեմ դաշինք» կուսակցություն