Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Ավետիքյան. «Սա հնարավորություն է ծանոթանալու ֆրանսիացի արվեստի գործիչների աշխատանքային մեթոդաբանությանը և թատրոնի ու կինոյի ավանդույթներին, ժամանակակից միտումներին»

Նոյեմբեր 14,2023 21:01

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում այսօր կայացավ մամուլի ասուլիս՝ նվիրված Երկլեզու դրամատիկական արվեստանոցի երրորդ թողարկմանը:

Երկլեզու դրամատիկական արվեստանոցի նախագծի ղեկավար, դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը տեղեկացրեց, որ արվեստանոցի երրորդ թողարկումը կտևի մինչև 2024 թվականի ապրիլ ամիսը: Իսկ այդ ընթացքում հայ երիտասարդ դերասանների հետ աշխատելու համար Հայաստան կժամանեն հինգ կին արտիստներ:

«Սա հնարավորություն է ծանոթանալու ֆրանսիացի արվեստի գործիչների աշխատանքային մեթոդաբանությանը և թատրոնի ու կինոյի ավանդույթներին, ժամանակակից միտումներին»,-նշեց Սերժ Ավետիքյանը:

Այս տարվանից դրամատիկական արվեստանոցը տեղակայվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Ռեկտոր Սառա Նալբանդյանի խոսքով՝ այն հաջողված նախագիծ է և ունի կիրառական մեծ նշանակություն ու կարևոր նպատակներ: Ռեկտորը մանրամասնել է ընթացիկ ու սպասվող ծրագրերը, որոնք ամուր կապված են ֆրանկոֆոնիայի հետ: «Ֆրանսերենը բուհ բերելը, նաև մեր բուհը դեպի ֆրանկոֆոն երկրների բուհերի շարք տանելը միշտ երազանք է եղել։ Սեպտեմբերից սկսած` ԵԹԿՊԻ-ում ֆրանսերեն է դասավանդվում։ Արդեն հասցրել ենք ուսանողներ ընտրել Ավինյոնի ամառային դպրոցին մասնակցելու համար, նաև առաջիկայում կկարողանանք ֆրանկոֆոն երկիր Ռումինիա ուղարկել ուսանողների` փորձի փոխանակման համար»,-նշեց ռեկտորը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն էլ ընդգծեց՝ եղբայրական երկիր Ֆրանսիան մշտապես Հայաստանի ու հայերի կողքին է, իսկ նմանօրինակ ծրագրերը ողջունելի են և ավելի սերտ համագործակցության հնարավորություն են ստեղծում:

«Կարևորում եմ, որ արվեստի այս բուհը դառնա եվրոպական կրթական համակարգի մի մասնիկը և բոլոր չափանիշներով համապատասխանի աշխարհի բոլոր լավագույն արվեստի բուհերին»,-նշեց Դանիել Դանիելյանը՝ խրախուսելով բուհի ուսանողներին մասնագիտական կարողությունների զարգացման հարցում չսահմանափակվել առկա հնարավորություններով, այլ նոր մշակութային տարածքների ձգտել:

Ասուլիսի բանախոսների շարքում էր նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Էրիկ Պոպպը: Վերջինս ասաց, որ ուրախ է արձանագրելու ֆրանկոֆոնիայի տարեցտարի աճն ու ընդլայնումը։ «Ցանկանում եմ մասնավորապես շեշտել, թե ինչ կարևոր է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողքին ունենալ ֆրանկոֆոնիայի համար պայքարող գործընկերներ, նաև` հանձինս ձեզ:

Ավելորդ կլինի երևի թե վերադառնալ այն ողբերգական հանգամանքներին, որի մեջ այսօր ապրում է ձեր երկիրը։ Եվ ֆրանկոֆոնիան կարող է օգնել մշակութային առումով, որովհետև մեր զենքը մշակույթն է»,-նշեց Էրիկ Պոպպը:

Երկլեզու դրամատիկական արվեստանոցի գործընկերներից է նաև «Ազնավուր» հիմնադրամը: «Մենք այս նախագծի կողքին ենք, որովհետև նախագիծը ներկայացնում է Ազնավուրի տարերքներն ու սերերը՝ թատրոնը, երիտասարդությունը, ֆրանսերենը, ու այս ամենը` Հայաստանում և Հայաստանի համար: Մեզ համար նույնպես պատիվ է լինել երիտասարդների կողքին»,-ընդգծեց «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարինե Էվոյանը:

Նշենք, որ այս տարի նախագիծն իրականացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Ֆրանսիական ինստիտուտի, Ֆրանկոֆոնիայի Միջազգային Կազմակերպության (OIF), Իլ դը Ֆրանս շրջանի, Փարիզի քաղաքապետարանի, «Ազնավուր» հիմնադրամի, ՀԲԸՄ Ֆրանսիայի, «SPFA» ընկերության, «Miassine» հիմնադրամի, ԵԹԿՊԻ-ի աջակցությամբ։

 

ԵՐԵՎԱՆԻ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԿԻՆՈՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930