Շիրակի պետական համալսարանի նախկին դասախոս Արթուր Համբարձումյանը, որին մեղադրանք է առաջադրվել նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանին հրապարակային վիրավորելու համար, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նախորդ օրը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած առաջին դատական նիստի ժամանակ իրեն հանձնել են այնպիսի մեղադրական եզրակացություն, որտեղ իր անվան փոխարեն որոշ տեղերում ուրիշ մեղադրյալի անուն-ազգանուն է գրված (տես փաստաթղթում)։
Ըստ Արթուր Համբարձումյանի, ակնհայտ է, որ «քոփի-փասթ են արել» ուրիշի մեղադրական եզրակացությունը ու ու տեղադրել իրեն վերագրվող մեղադրանքի մեջ։
Հիշեցնենք՝ ըստ Արթուր Համբարձումյանի, իր նկատմամբ քրեական հետապնդում իրականացվել էր ռեժիսոր Արմեն Գրիգորյանի հուղարկավորության օրը, երբ լրատվամիջոցներից մեկով Արմեն Գրիգորյանին կալանավորած դատավորին քննադատել էր՝ մեղավոր համարելով ռեժիսորին մահվան հասցնելու մեջ։
Կարդացեք նաև
Արթուր Համբարձումյանը որոշակի մանրամասներ ներկայացրեց իր առաջին դատական նիստից՝ նշելով, որ ռեժիսոր Արմեն Գրիգորյանին կալանավորած նախկին դատավորը, որն այժմ անցնում է մեկ այլ քրեական գործով, ևս ներկա էր իր դատական նիստին՝ որպես տուժող։
«Դատը սկսվելուն պես՝ ընդհատվեց, որովհետև առանց մեղադրական երգակցությունը մեղադրյալին տալու, այսինքն՝ առանց ինձ հանձնելու, դատական նիստը չի կարող տեղի ունենալ։ Եվ ես ինչքան հասկացա, մեղադրող դատախազի՝ Եդիգարյան Ա․-ի պահվածքից, դա զարմացրեց իրեն, որովհետև ինքը, երևի թե ուզում էր հենց դատարանի դահլիճում մեղադրական եզրակացությունը հանձնել։
Իմիջիայլոց, մեղադրական եզրակացության մեջ տարբեր տեղերում գրված էր այլ մարդու անուն-ազգանուն։ Այնքան փնթի է սարքված, «քոփի փասթ» են արել, մի քանի տեղ այլ մարդու անուն-ազգանուն է գրված։
Բայց ես ինչ-որ առումով պիտի շնորհակալ լինեմ դատախազին, որովհետև ինքը կարող էր իմ անուն-ազգանունը սխալ գրելու փոխարեն սխալ գրել մեղսագրվող հանցագործությունը։ Եթե այդ մարդուն մեղսագրվել է ենթադրենք սպանություն, բռնաբարություն, մարդակերություն, մարդ գողանալ և այլն, ինքը դա կարող էր «քոփի փասթ» անել, տեղադրել այլ մեղադրական եզրակացության մեջ;
Այսինքն՝ մենք ապրում ենք մի այնպիսի պետական կառավարման ժամանակահատվածում, երբ աջ ձեռքը չգիտի՝ ձախն ինչ է անում։ Առանց մեղադրական եզրակացության դատ են սկսում, և դատախազը երևի թե ուզում է մեղադրական եզրակացությունը հանձնի մեղադրյալին ու դատի շարունակվի, իր պահվածքից այդպես երևաց։ Իսկ եթե ինքը գիտի, որ դատը պիտի ընդհատվի, այստեղ այլ հարց է առաջանում․ եթե հաստատ գիտես, որ պիտի ընդհատվի, ինչու գործով տուժող համարվող նախկին դատավորին Աբովյան քաղաքացին հասցրել ես Գյումրի քաղաք՝ 5-10 րոպե նստելու համար»,- ասաց Արթուր Համբարձումյանը։
Ըստ նրա, դատական համակարգը ու դատավորներին հազարապատիկ անգամ վիրավորել են՝ սկսած Նիկոլ Փաշինյանից, սակայն մեղադրանք է առաջադրվում իրեն։
Արթուր Համբարձումյանը հայտնեց, որ փաստաբան չունի, ինքը պաշտպանվելու կարիք չունի, և որ այս գործն աբսուրդ է։
«Ես ինչքան ծանոթացա մեղադրական եզրակացությունից, նախկին դատավորն իմ դեմ բողոք չի ներկայացրել, բայց երևի նախկին դատավորի փոխարեն վիրավորվել է Եդիգարյան Ա․-ն։
Մեղադրական եզրակացությունը վերցրեցի, գնացի տուն, նոր տեսա, որ այնտեղ նշված է նաև ուրիշի անուն-ազգանուն։ Անունն այլ, ազգանունն այլ, հայրանունն այլ, նախկինում ինչ-որ մարդ անցել է քրեական գործով՝ այդ դատախազի մոտ, դատախազն էլ այդ գործից ինչ-որ հատված «քոփի փասթ» է արել և մոռացել է անուն-ազգանունը փոխել։
Ես դա դրել եմ իմ էջին և նշել եմ գլխավոր դատախազության պաշտոնական կայքին, որպեսզի իրենք իրենց դատախազների հետ գրագիտության ինչ-որ աշխատանքներ տանեն։ Այդ մարդու ազգանունը Միլիտոնյան է, իմը Համբարձումյան է, ոչ մի ձևով նման չեն, թեև ռուսներն այսպիսի անեկդոտ ունեն՝ եթե «վոդա» բառը գրես և 4 հատ սխալ անես, այն կդառնա «պիվա»։ Հիմա գուցե ուղղագրական սխալի արդյունք է, որ Համբարձումյանը դարձել է Միլիտոնյան»,-ասում է Արթուր Համբարձումյանը։
Վերջինս շարունակում է պնդել, որ Արմեն Գրիգորյանին մահվան մեղավորներից մեկը հենց այն դատավորն է, որն այժմ տուժող է իր գործով;
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ