Նոյեմբերի 13-ին Արարատի մարզում վթարի հետեւանքով մահացած տղամարդը Կարեն Կեւորկովն է: Նա Ազատ գյուղում՝ զինվորական կացարանում այս տարվա հունվարի 19-ին տեղի ունեցած առեղծվածային հրդեհի հետևանքով մահացած զինվորներից Սերգեյ Կեւորկովի հայրն է:
«Ես մարդկայնորեն շոկի մեջ եմ, որ մեկ տարվա ընթացքում արդեն երկրորդ ծնողն է այսպես ողբերգական դեպքով հեռանում կյանքից: Կացարանի հրդեհի բացահայտման գործընթացը պետք է հասնի տրամաբանական ավարտին, ոճրագործությունը պետք է բացահայտվի ու հնարավոր բոլոր մեղավորները պետք է պատասխան տան, ինչի համար նաեւ պայքարում էր Կարենը:
Նա այնքան էր սիրում կյանքը,իր տղային, որ տիկնոջ հետ երեխայի էին սպասում մեծ ցավը հաղթահարելու համար: Ուղղակի շոկի մեջ եմ, կարեկցում եմ, համբերություն եմ մաղթում այս խորը վշտի դեմ »,-մեզ հետ զրույցում ասաց Կարեն Կեւորկովի ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ