Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Համարում եմ՝ Ժոզեպ Բորելի հայտարարություններն ընդգծում են այն հանգամանքը, որ Արևմուտքի համար ՀՀ-ն ռազմավարական առաջնայնություն է այսուհետ ստացել»․ Գուրգեն Սիմոնյան

Նոյեմբեր 14,2023 18:55

«Ես այս պահին տեսնում եմ հիմքեր, որովհետև ցանկացած գործընթացի իրականացում բխում է ռազմավարական առաջնահերթություններից»,- Aravot.am-ի հարցին՝ հաշվի առնելով իրականությունը, թե ինչ բարդություններ ունեն ՀՀ քաղաքացիները ԵՄ տարածք մուտքի արտոնագիր ստանալու հարցում արդյոք իրատեսական համարո՞ւմ եք վիզաների ազատականացման մասին հայտարարությունների հետ կապված ոգևորությունը, որ կա հանրության և քաղաքական շրջանակներում, այսպես պատասխանեց քաղաքական գիտությունների թեկնածու, ազգային շահերի և պետության ռազմավարական քաղաքականության փորձագետ Գուրգեն Սիմոնյանը։

Օրեր առաջ նա Բրյուսելում մասնակցում էր ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացում. նոր մարտահրավերներ և անսահմանափակ հնարավորություններ» կարգախոսով Հայաստան-Եվրոպա առաջին համաժողովին։

Հիշեցնենք՝ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը երեկ ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց,  որ փորձում են տարբերակներ մշակել Հայաստանի հետ վիզաների ազատականացման հարցով։

Սակայն այս պահին իրականությունն այն է, որ ՀՀ քաղաքացիները լուրջ դժվարություններ ունեն ԵՄ մուտքի վիզայի ստացման գործընթացում․ ամիսներով նրանք չեն կարողանում անգամ հանդիպման ժամ ստանալ դեսպանատներում, հայտնվել են մի շարք միջնորդ կենտրոններ, ինչի պատճառով ԵՄ տարածք մուտքի արտոնագիրը ՀՀ քաղաքացու համար արժենում է 60 հազար դրամից ավելի գումար։

Հետաքրքրվեցինք՝ այս համատեքստում՝ որքանո՞վ է իրատեսական վիզաների ազատականացման գործընթացի մոտակա ժամանակներում առաջխաղացման մասին խոսել, արդյոք անհիմն չէ՞ այն ոգևորությունը, որ տիրում է հայ հանրության և քաղաքական շրջանակներում կապված վիզաների ազատականացման հետ, Գուրգեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ժամանակներ կան, երբ որևէ իրադարձություն կարող է երկար գործընթաց պահանջել, իսկ ժամանակներ են գալիս, որոնք իրադարձություններն այնքան են կերպափոխում, որ հնարավորին են դարձնում անգամ առաջին հայացքից ամենաանհնարին թվացող բանը։ Այս առումով համարում եմ, որ Ժոզեպ Բորելի  հայտարարությունները և′ մուտքի արտոնագրերի պարզեցման գործընթացում, և′ մշտադիտարկում իրականացնող ԵՄ առաքելության թվաքանակի աճի, և′ ՀՀ-ին ռազմատեխնիկական օժանդակություն հատկացնելու, ինչպես նաև Ադրբեջանին հստակ ցուցում տալու, որ անթույլատրելի կհամարեն ցանկացած ապակառուցողական գործողություն ՀՀ-ի ինքնիշխան տարածքների հանդեպ ընդգծում է այն հանգամանքը, որ Արևմուտքի համար ՀՀ-ն ռազմավարական առաջնայնություն է այսուհետ ստացել։ Եվ սրան ի լրումն, եթե  գումարենք այն հանգամանքը, որ ՀՀ-ն սերտ, համապարփակ ու խորը երկկողմ հարաբերություններ է զարգացնում Ֆրանսիայի հետ, ՀՀ-ի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև փոխգործակցությունն այն  աստիճանի է հասել, որ ոչ վաղ անցյալում սա կարող էր անգամ ֆանտաստիկայի ժանրից թվալ։ Նաև փաստենք այն հանգամանքը, որ Մեծ Բրիտանիայում այսօր տեղի է ունենում Մեծ Բրիտանիայի և ՀՀ-ի միջև ռազմավարական երկխոսության համագործակցային հանդիպումները ԱԳ նախարարի մակարդակով և Լոնդոնում բառացիորեն երեկ բացվեց ՀՀ-ի դիվանագիտական ներկայացուցչությունը։ Սա ցույց է տալիս, որ արևմուտքը, և ոչ միայն Եվրոպան, նաևՄիացյալ  Նահանգները և անգամ արևմուտք պլյուս  ձևաչափը ՀՀ-ին դիտում և ընկալում են՝ իբրև հավանական գործընկեր Մերձավոր Արևելքում։ Արևմուտք պլյուս ձևաչափում ոչ արևմտյան պետություններ էլ կան, որ արևմտյան պետությունների դաշինքի մաս են, օրինակ՝ Հնդկաստանը, Հարավային Կորեան, Սինգապուրը, Ճապոնիան։ Բոլոր տեսակի  հայտարարություններով այդպես էլ ֆիքսում են, որ ՀՀ-ն մերձավոր արևելյան տարածաշրջանի ժողովրդավարության փարոսն է։ Սա  պայմանավորված է ռազմավարական ընտրությամբ։ Այնպես որ նկատի ունենալով այս վերլուծությունը՝ ես կարծում եմ՝ անգամ ֆանտասմագորիկ թվացող քաղաքական  գործընթացները, որոնք նախկինում անհնարինի ժանրից են, այսօր կարող են շատ արագ կյանքի կոչվել»։

Անդրադառնալով ներկայումս ԵՄ մուտքի արտոնագրի ստացման հետ կապված ՀՀ քաղաքացիների բարդություններին՝ Գուրգեն Սիմոնյանն ասաց՝ դա նաև ժամանակի հարց է․ «Իրականում չենք կարող կանխատեսել՝ ինչքան կտևի, բայց կարծում եմ՝ երկու տարվա հարց կլինի, որ այս վիզային ռեժիմներն ազատականացվեն, որովհետև սա նաև կխթանի մարդուժի, ինտելեկտուալ կապիտալի և մասնագիտական կապիտալի տեղաշարժն արևմտյան երկրներ՝ արտագնա աշխատանքների համատեքստում։ Ոչ միայն հումանիտար փոխայցելությունները, մշակութային և գիտական կապի հիմնավորումը, գիտակրթական կապի մերձեցումը, այլև տնտեսական մերձեցումը։ ՀՀ-ն կբացվի իբրև շուկա եվրոպական արտադրողների և եվրոպական տնտեսվարողների համար, եվրոպական շուկաները կբացվեն Հայաստանի արտադրողների համար։ Ի վերջո մենք կհաղորդակցվենք որակական չափանիշներով շատ ավելի զարգացած տիրույթի հետ՝ առաջանցիկ զարգացնելով սեփական տիրույթը։ Միշտ այդպես է․ առավելագույնների հետ հաղորդակցվելուց որակական աճ է գրանցվում։ Պետությունների  պարագայում էլ է այդպես․ ավելի զարգացած տիրույթների հետ համագործակցությամբ հնարավորություն կվաստակենք ինքներս զարգանալ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930