Ուր և ինչ ենք արտահանում և ինչ պոտենցիալ ունի պատրաստի, բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանքը արտասահմանում։
1.1. Հայաստանի առևտուրը Ռուսաստանի հետ
2023 թվականի սեպտեմբերի դրությամբ Հայաստանը 24 տոկոսով ավելի շատ ապրանք է արտահանում Ռուսաստան, քան ներմուծում է։ 2023 թվականի սեպտեմբերին նախորդ 12 ամիսների կտրվածքով արտահանվել է 3.68 մլրդ դոլարի ապրանք, իսկ ներմուծվել 2.97 մլրդ դոլարի ապրանք։ Ընդհանուր արտահանման ավելի քան 52 տոկոսը (կեսից ավելին) արտահանվում է Ռուսաստան և դա հիմնականում բարձր ավելացված արժեք ունեցող վերջնական արտադրանք է, տես՝ գծապատկեր 1։
Հաշվի առնելով այս հանգամանքը, կարելի է պնդել, որ այս պահին Ռուսաստանի տնտեսությունը Հայաստանից ինչ-որ տեղ ավելի շատ է կախված։
2021 թվականին տարեկան արտահանումը կազմում էր 841 մլն դոլար, իսկ ներմուծումը մոտ 2 անգամ ավել էր՝ 1,79 մլրդ դոլար։ Այս պահին հարաբերությունը հակառակն է։ Վերջին 2 տարվա ընթացքում արտահանումն աճեց ավելի քան 4 անգամ։
Կարդացեք նաև
Մեր գնահատականով վերաարտահանումը արտահանման մեջ կազմել է 43 տոկոս։ Ինչպես երևում է գծապատկերից 2023 թվականի կեսերին արտահանումը հասել է իր գագաթնային կետին և այս պահին արտահանման ցուցանիշները դեպի Ռուսաստան ամենայն հավանականությամբ անկման տենդենց ունեն։ (Վերաարտահանման մասին ավելի մանրամասն՝ Tvyal Newsletter – 2023-09-11)։
1.2. Որո՞նք են Հայաստանի հիմնական առևտրային գործընկերները և ուր է գնում պատրաստի արտադրանքը։
Գծապատկեր 2-ում ցույց տրված ցուցանիշներ մեջ դեպի ԵԱՏՄ 84 արտաքին տնտեսական գործունեության հոդվածից վերև գրեթե բոլոր ապրանքները վերաարտահանում են, ինչպես նաև դեպի Միջին Արևելք 71-րդ հոդվածը (թանկարժեք քարեր և մետաղներ) նույնպես վերաարտահանում է։
Դեպի ԵԱՏՄ այս պահին գնում է ընդհանուր արտահանման 55.6 տոկոսը, մոտ 3.8 մլրդ դոլար, դեպի Միջին արևելք արտահանման մոտ 18․8 տոկոսը, 1․3 մլրդ դոլար։ Այսինքն՝ դեպի ԵԱՏՄ արտահանվում է ապրանքի կեսից ավելին։
Դեպի Չինաստան առյուծի բաժինը պղնձի հանքաքարն է (25-րդ հոդված), այս ուղղությունը կազմում է արտահանման 6.1 տոկոսը։
Դեպի Եվրամիություն արտահանման հիմնականում հանքաքարն է և մետաղները (76 տոկոս), բացառություն է կազմում 2013-ից զարգացում ապրած թեթև արդյունաբերությունը, որը այս պահին դեպի ԵՄ արտահանման 18 տոկոսն է։ ԵՄ-ն կազմում է ընդհանուր արտահանման 10.7 տոկոսը 0.73 մլրդ դոլարով։
Դեպի ԵԱՏՄ, հիմնականում Ռուսաստան, արտահանումը ունի ամենադիվերսիֆիկացված տեսքը, արտահանվում է բարձր ավելացված արժեք ունեցող վերջնական արտադրանք։ Իհարկե, պետք է հանենք վերաարտահանումը, որը այս պահին այդ ուղղությամբ արտահանման կեսից ավելին է (տես 84 բարձր հոդվածները։ Սակայն նույնիսկ, եթե հանենք այդ հոդվածները գծապատկերից (մուգ կապույտ և մուգ կարմիր), ապա աճը այստեղ նույնպես զգալի է, գրեթե 2 անգամ։
Պետք է նշել, որ վերաարտահանման մեջ Հայաստանի տնտեսության համար կարևոր հոդված է մեքենաների արտահանումը, որը նույնպես որոշակի խթան հանդիսացավ տնտեսության զարգացման համար։
• Հաշվարկները 2023 համար արված են հուլիսից` վերջին 12 ամիսների կտրվածքով։
Աղասի Թավադյան
Տնտեսագետ, Tvyal.com կազմակերպության ղեկավար