Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը գոյություն ունի այն փաստից սկսած՝ երբ արձանագրվել է, որ տեղի է ունեցել էթնիկ զտում»․ Արմեն Ռուստամյան

Նոյեմբեր 14,2023 17:02

«Մենք պետք է պահպանենք Արցախի ժողովրդի վերադառնալու իրավունքը։ Այդ իրավունքը հստակ գոյություն ունի այն փաստից սկսած՝ երբ արձանագրվել է, որ տեղի է ունեցել էթնիկ զտում, որը ցեղասպանական արարք է»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ Եվ որպես այդ ամենի հատուցում, նրա խոսքով, Արցախի ժողովուրդն իրավունք ունի վերադառնալ։ «Այդպիսի օրինակներ կան, Կիպրոսում կա այդպիսի օրինակ, մեկ ամբողջ քաղաք մինչեւ հիմա դատարկ է մնացել, որովհետեւ ապացուցել են, որ այդտեղից եղել է էթնիկ զտման քաղաքականությամբ տեղահանում։ Եվ թույլ չեն տալիս, որպեսզի այնտեղ վերաբնակեցնեն Կիպրոսի թուրքերին։ Այսինքն՝ միջազգային պրակտիկա կա, իրավական առումով մենք դրա հիմքերն ունենք, պարզապես պետք է, որպեսզի Արցախի սուբյեկտայնությունը պահպանվի։ Սա է, որ այսօրվա իշխանությունները չեն ուզում անել։ Իրենք իրենց համար վտանգ են տեսնում, որ արցախահայությունը՝ որպես ժողովուրդ, սուբյեկտ մնա եւ դառնա գործոն։ Արցախի ժողովուրդը պետք է պահպանի իր՝ գործոն լինելու հանգամանքը։ Բայց այդ գործոն լինելը նաեւ վտանգ է սպառնում այսօրվա իշխանություններին։ Ես իրենց հայտարարություններից ելնելով եմ դա ասում։ Մենք պետք է կարողանանք այդ գործոնը պահպանել՝ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների եւ նրա վերադարձի իրավունքի հիմնավորմամբ»,- ասաց Ռուստամյանը։

Արմեն Ռուստամյան

Նրա խոսքով՝ ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը պետք է այս տեսակետը պաշտպանի, բայց սրա կրողը, իր իրավունքների ու վերադարձի մասին խոսելու առաջնահերթ իրավունք ունի հենց Արցախի ժողովուրդը եւ առաջնային մանդատով օժտված Արցախի խորհրդարանը, դրանից բխած նախագահը։ «Այսինքն՝ այս երկու սուբյեկտը պետք է պահպանեն այդ իրավունքը՝ խոսելու այն իրավունքների մասին, որոնք Արցախի ժողովուրդը կհամարի բավարար եւ անհրաժեշտ, որպեսզի կարողանա վերադառնալ, եւ այն անվտանգության ծավալը, որը կլինի բավարար, որ հնարավոր կլինի վերադառնալ ու այնտեղ ապրել։ Մենք մինչեւ հիմա էլ ունենք կապերը, գիտեք, որ այդ կապերն այսօրվա իշխանությունների ձեռքով խզվեցին, միջխորհրդարանական հանձնաժողով կա, այդ հանձնաժողովն ամենալավ գործելու հնարավորությունն ունի։ Եվ կարծում եմ, որ դա պետք է խթանվի, որպեսզի աշխատենք։ Արցախի մեր գործընկերների հետ այս թեմաներով հանդիպումներ, շփումներ ունենք, բայց իրենք էլ այս խնդիրը պետք է դնեն իրենց օրակարգում։ Կարծում եմ՝ Արցախի խորհրդարանը պետք է նիստ գումարի եւ սկսի իր գործունեությունը ծավալել հենց այս ուղղությամբ։ Որեւէ մեկն իրավունք չունի Արցախի ժողովրդին զրկելու այդ հնարավորությունից, որ ինքը որպես սուբյեկտ պահպանի իր իրավունքներն ու լիազորությունները»,- հավելեց նա։

Հարցին, թե Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը ի՞նչ քաղաքական քայլեր կձեռնարկի, Արմեն Ռուստամյանը պատասխանեց․ «Այս ուղղությամբ պետք է առաջին ձայնը լսվի Արցախի մեր գործընկերների կողմից։ Եվ մենք այս գաղափարի վրա կարող ենք իրար հետ համագործակցել։ Օրինակ՝ կարող ենք նաեւ պահանջել միջխորհրդարանական հանձնաժողովի նիստեր այստեղ Ազգային ժողովում»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930