Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ կողմից հայկական վարորդական վկայականները չճանաչելը հակասում է ԵԱՏՄ պայմանագրին. Ռուզաննա Ավագիմյան

Նոյեմբեր 14,2023 16:38

2023 թ. հոկտեմբերի 24-ին ռուսական մամուլը տեղեկություններ տարածեց այն մասին, որ Պետական դուման հրաժարվել է հայկական վարորդական վկայականները ճանաչելու նախագծից։ Տվյալ քայլը Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի կողմից հիմնավորվել է նրանով, որ այժմ Ռուսաստանը ճանաչում է Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի քաղաքացիների վարորդական վկայականները, որտեղ ռուսաց լեզվի կարգավիճակն ամրագրված է մայր օրենքով, իսկ Հայաստանը դրա համար քայլեր չի ձեռնարկել։

Լիագումար նիստի սկզբում նախագծի քննարկումը կասեցնելու առաջարկով հանդես է եկել Տրանսպորտի և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հանձնաժողովի նախագահ Եվգենի Մոսկվիչևը։ Նրա կարծիքով՝ նախաձեռնությունը ներկայումս չի համապատասխանում Ռուսաստանի շահերին։

Այդպիսով, Պետական դումայի պատգամավորների քվեարկությամբ՝ անորոշ ժամանակով հետաձգվել է ՀՀ քաղաքացիների կողմից ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեություն ծավալվելու դեպքում ազգային վարորդական վկայականները ճանաչելու մասին օրինագծի քննարկումը (առաջին ընթերցումն այդ նախագիծն անցել էր դեռևս 2022-ի հունիսին)։

Այսինքն, արդեն տևական ժամանակ է, ինչ հայկական վարորդական վկայականով բազմահազար ՀՀ քաղաքացիներ Ռուսաստանում տնտեսվարական գործունեություն ծավալելիս (օրինակ՝ տաքսի կամ բեռնատար վարելիս) իրավական խնդիրների առաջ են կանգնում:

ՌԴ-ում հայկական վարորդականների չճանաչումը հակասում է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին, որը երաշխավորում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը ԵԱՏՄ տարածքում։

Մասնավորապես, նշված փաստաթղթի 1-ին հոդվածի 1-ին մասի սահմանմամբ՝

«Սույն Պայմանագրով Կողմերը հիմնադրում են Եվրասիական տնտեսական միությունը (այսուհետ՝ Միություն, ԵԱՏՄ), որի շրջանակներում ապահովվում են ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի տեղաշարժի ազատությունը, սույն Պայմանագրով և Միության շրջանակներում կնքվող միջազգային պայմանագրերով սահմանված տնտեսության ճյուղերում համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության իրականացումը»։

Նույն պայմանագրի 4-րդ հոդվածով ամրագրվում է, որ ԵԱՏՄ հիմնական նպատակներից է՝

«Միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի միասնական շուկա ձևավորելու ձգտումը»։

Իսկ ահա 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի կարգավորմամբ՝

«Միությունը միջոցներ է ձեռնարկում սույն Պայմանագրի դրույթներին համապատասխան ներքին շուկայի գործունեությունն ապահովելու նպատակով։

Ներքին շուկան ընդգրկում է տնտեսական տարածք, որում, սույն Պայմանագրի դրույթների համաձայն, ապահովվում է ապրանքների, անձանց, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժը»։

ԵԱՏՄ պայմանագիրը նաև սահմանում է, որ գործող սահմանափակումները չեն կարող խստացվել ու պետք է փուլ առ փուլ թուլացվեն: Այսպես, պայմանագրի 66-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանվել է հետևյալը՝

«Անդամ պետությունները մյուս անդամ պետությունների անձանց ծառայությունների առևտրի, հիմնադրման և գործունեության մասով չեն ներմուծի նոր խտրական միջոցներ՝ սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի դրությամբ գործող ռեժիմի հետ համեմատած։

Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման ազատությունն ապահովելու նպատակով անդամ պետություններն իրականացնում են փոխադարձ ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման պայմանների փուլ առ փուլ ազատականացում»։

Ավելին, պայմանագրի 67-րդ հոդվածի 2-րդ մասով՝

«2. Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման ազատականացման գործընթացում անդամ պետությունները ղեկավարվում են հետևյալ սկզբունքներով՝

1) ներքին կարգավորման օպտիմալացում՝ անհարկի ներքին կարգավորման, այդ թվում՝ ծառայությունների մատակարարների, ստացողների, հիմնադրում կամ գործունեություն իրականացնող անձանց և ներդրողների համար թույլատրական պահանջների և ընթացակարգերի փուլ առ փուլ պարզեցում և (կամ) վերացում՝ հաշվի առնելով ծառայությունների կոնկրետ ոլորտների կարգավորման լավագույն միջազգային փորձը, իսկ դրա բացակայության դեպքում՝ անդամ պետությունների առավել առաջադիմական մոդելներն ընտրելու և կիրառելու միջոցով»։

«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագիրը նաև ամրագրում է, որ պետությունները պետք է ձգտեն միասնական տրանսպորտային տարածքի ստեղծմանը: Այսպես, ԵԱՏՄ պայմանագրի 86-րդ հոդվածի սահմանմամբ՝

«1. Միությունում իրականացվում է համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականություն, որն ուղղված է տնտեսական ինտեգրման ապահովմանը, միասնական տրանսպորտային տարածքի հետևողական և փուլ առ փուլ ձևավորմանը՝ մրցակցության, բաց լինելու, անվտանգության, հուսալիության, հասանելիության ու էկոլոգիականության սկզբունքների հիման վրա»: 

Ըստ նույն հոդվածի 2-րդ մասի՝

«Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության խնդիրներն են ու գերակայություններն են տրանսպորտային ծառայությունների միասնական շուկայի ստեղծումը, միասնական տրանսպորտային տարածքի ձևավորումն ու անդամ պետությունների կադրային ներուժի ներգրավումն ու օգտագործումը»։

Ընդ որում՝ պայմանագրի 24-րդ արձանագրության (Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին) 1-ին գլխի 2-րդ կետի համաձայն՝

«Միասնական տրանսպորտային տարածք նշանակում է անդամ պետությունների տրանսպորտային համակարգերի ամբողջություն, որի շրջանակներում ապահովվում է ուղևորների անարգել տեղաշարժը, բեռների և տրանսպորտային միջոցների տեղափոխումը, դրանց տեխնիկական ու տեխնոլոգիական համատեղելիությունը՝ հիմնված տրանսպորտի բնագավառում անդամ պետությունների ներդաշնակեցված օրենսդրության վրա»։

Իսկ ահա պայմանագրի 87-րդ հոդվածի 2-րդ մասը հռչակել է, որ՝

«Անդամ պետությունները ձգտում են փուլ առ փուլ ազատականացնել անդամ պետությունների միջև տրանսպորտային ծառայությունները»։

Վերը նշված դրույթները վկայում են, որ ԵԱՏՄ շրջանակներում պայմանավորված և հռչակված մի շարք սկզբունքներ և նպատակներ ուղղակի մնացել են թղթի վրա՝ կենացի կամ բարի ցանկության մակարդակում, այդ թվում՝ առնվազն ՀՀ մասով չի ապահովվել ԵԱՏՄ շրջանակներում կոնկրետ ծառայությունների և աշխատուժի միասնական շուկայի ձևավորումը, ավելին՝ այդ մասով ստեղծվել են հավելյալ խոչընդոտներ, թույլատրական պահանջների և ընթացակարգերի փուլային պարզեցման և (կամ) վերացման, ինչպես նաև ազատականացման փոխարեն տեղի է ունեցել հակառակը՝ խնդիրներ են հարուցվել տրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ստեղծման (միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման) մասով:

Հայաստանի մասով՝ տրանսպորտային ծառայությունների ազատականացումն ուղղակի մնացել է հռչակագրային տիրույթում՝ փաստացի իրականության հետ չունենալով որևէ առնչություն։ Սրանից հատկապես տուժել և տուժում են Հայաստանից Ռուսաստան տեղափոխված աշխատանքային միգրանտները (օրինակ՝ տաքսի կամ առաքման ծառայության վարորդները)՝ իրենց ընտանիքներով, որոնք ստիպված են հավելյալ միջոցներ և ջանքեր ներդնել ՌԴ-ում ընդունելի համարվող վարորդական իրավունքի վկայականներ ստանալու համար։

Ռուզաննա ԱՎԱԳԻՄՅԱՆ

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930