Իշխանության որեւէ ներկայացուցչի բերանից լսե՞լ եք երբեւէ նման կոչ: Այս հարցադրման հեղինակը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն է, որը նման կոչ ասելով՝ նկատի ունի բռնության կոչը:
«Մի հատ դե բախտներդ փորձեք, ու ձեզ սպասվում է ասֆալտի հարուստ դիետա։ Բախտներդ փորձեք՝ էնքան ասֆալտ ուտեք ու բորդյուր լիզեք, որ Երևանի սանմաքրման 5-ամյակը մի շաբաթում կատարենք ու գերակատարենք։ Դե, բախտներդ փորձեք»,- սրանք վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին սպառնալիքներն էին, այս անգամ՝ ուղղված ընդդիմությանը: Վարչապետի այս սպառնալիքները ՔՊ-ական պատգամավորը բռնության կոչ չի որակում, այլ քաղաքական խոսք է համարում՝ համեմված որոշակի պատկերավոր արտահայտություններով:
«Ինչ է նշանակում ասֆալտ լիզել, երբ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն Հայաստանում ու ամբողջ աշխարհում ինչ-որ գործողություններ են կատարում ու ինչ-որ հանցագործների են վնասազերծում, այդ մարդկանց ձերբակալում են, պառկեցնում գետնին:Դա այդ գործընթացի որոշակի քաղաքական խոսք է՝ համեմված գեղարվեստական ոճով նկարագրություններով, դա որեւէ կերպ բռնություն չէ»,- Նիկոլ Փաշինյանի ասածներն այսպես էր մեկնաբանել ՔՊ-ական պատգամավորը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը պատգամավորի այդպիսի մեկնաբանությունից չի զարմանում. «Համոզմունք ունեմ, որ պարոն Փաշինյանն ու պարոն Պապոյանը շատ թյուր, հիվանդագին ու այլասերված պատկերացում ունեն քաղաքական խոսքի համեմվածության մասին: Սա, իհարկե, քաղաքական խոսք չէ, ու ամենակարեւոր գործոնն այն է, որ երբ իրավապաշտպանների հասցեին հնչում էին նմանատիպ սպառնալիքներ, որոնք ավելի քան իրական կարող էին դառնալ, վարույթ իրականացնող մարմինների մերժելու հիմնական պատճառն այն էր, որ գնահատում էին, որ դրանք անիրականանալի են, անիրատեսական: Երբ գնահատում ես վարչապետի խոսքը, թե բա ձեր հետեւից կգան, ձեզ կփռեն ասֆալտին կամ այս ինչը կանեն, այն ինչը կանեն, սպառնալիքն ավելի քան իրատեսական է, որովհետեւ մեր գործող Սահմանադրությամբ վարչապետն ունի սուպերվարչապետական լծակներ ու հնարավորություններ: Մենք մինչեւ այսօր չունենք համակարգ, որը վեթինգվել է, մաքրվել է, լյուստրացվել է, չունենք համակարգ, որը իսկապես պատկերացնում է իր գործառույթը: Այդ իսկ պատճառով շարունակում են աշխատել որպես իշխանության խամաճիկ , շարունակում են լինել իշխանության անձնական օգտագործման մարմիններ ու հանձնարարություններով առաջնորդվել»:
Կարդացեք նաև
Նինա Կարապետյանցի խոսքով, շատ ցավալի է, որ իշխանությունները չեն կարողանում գիտակցել, որ իրենց տրված իշխանությունը սպառնալիքներ հնչեցնելու համար չէ. «Հասարակությունը հիմնականում ընդօրինակում է իր ղեկավարության, առաջին դեմքերի վարվելակերպն ու խոսքը, միտքը: Տարբեր ժամանակներում՝ սկսած չագուչ թափահարելուց, վերջացրած «ասֆալտին կփռենք», ներառյալ ՄԻՊ –ի ընտրության ժամանակ ՔՊ-ական մի երիտասարդ կար՝ ակնոցով, ազգանունը չեմ հիշում ու չեմ էլ ուզում հիշել, որ ասում էր՝ ականջներդ կկտրեմ, Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելը եւ այլ բազմաթիվ դեպքեր հասարակությանը հուշել են, որ այսպիսի վարքագիծը նորմայի մեջ է: Բայց, իհարկե, պետք է լինեին քրեական գործեր պաշտոնյաների նման վարքագծի դեպքում, անհետեւանք չի կարելի թողնել այդպիսի իրավիճակը, որովհետեւ ինչ-որ պահի դա ոչ միայն համացանցում է լինելու, այլեւ դուրս է գալու փողոց … թեկուզ քրեական գործեր չհարուցեին, բայց ներսում իշխանությունները գոնե դատապարտեին իրենց թիմի անդամների վարքագիծը, այդ ժամանակ հասարակությանը կհուշեին , որ այդ վարքագիծն ընդունելի չէ, բայց ուղիղ հակառակը, ամեն ջանք գործադրում են արդարացումներ տալու»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ