Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսներից մենք էլ դժգոհելու շատ բան ունենք, այո, շատ խնդիրներ կան, բայց ինչո՞ւ ենք ստիպում, որ դառնան մեզ թշնամի»․ Արմեն Ռուստամյան

Նոյեմբեր 14,2023 16:26

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, որ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին։ «Արդեն ակնհայտ է, որ որերորդ դեպքն է՝ առաջին դեմքերով չեն մասնակցում։ Եվ սա այլ կերպ, քան դիվանագիտության մեջ ընդունված դեմարշ, դժվար է անվանել։ Ես, իհարկե, կհասկանայի, եթե Հայաստանի քաղաքականությունը լիներ այն, որ փոխլրացնենք, մեր անվտանգության ծավալն ապահովելու համար եթե մեկի հետ չի ստացվում, մյուսի հետ փոխլրացնենք։ Բայց այստեղ ավելի շատ խոսքը ոչ թե գնում է փոխլրացման մասին, այլ ճամբարափոխության մասին։ Եվ սա շատ ծանր հետեւանքներ կարող է ունենալ Հայաստանի համար, որովհետեւ մենք, ըստ էության, փոխում ենք ճամբարն այն ժամանակ, երբ ակնհայտ գոյություն ունի Ռուսաստան-Արեւմուտք հակամարտություն։ Բոլորը տեսնում են, որ սա ակնհայտ բերում է նրան, որ մենք Ռուսաստան-Արեւմուտք հակամարտությունը տեղափոխում ենք մեր տարածք, եւ սա կործանարար հետեւանքներ է ունենալու Հայաստանի համար։ Մենք իրավունք չունենք ուղղակի այդ հակամարտության զոհը դառնալ»,- ասաց Ռուստամյանը։ Նրա խոսքով, այն դեպքում, երբ մեր թշնամիները կարողանում են այդ հակամարտությունն ի շահ իրենց օգտագործել, մենք հակառակն ենք անում։

Ըստ պատգամավորի՝ ամբողջ աշխարհում այսօր Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության տրամաբանությամբ են գործընթացներն ընթանում։ Անգամ ամենահումանիտար հարցերն այդ պրիզմայով են դիտարկվում։ Աշխարհաքաղաքական առումով այսօր շատ լուրջ խնդիր է լուծվում, եւ դա լուծվում է Ռուսաստան-Արեւմուտք հակամարտության ընթացքով։ Ինչպես դա կավարտվի, ըստ այդմ էլ կունենանք նոր աշխարհակարգ։ Արդեն աշխարհակարգը փլուզված է, ինչի մասին նաեւ Հայաստանի իշխանություններն են խոսում, ուժն է որոշելու․ ով ուժեղ է, նա իր կամքը թելադրում է։ «Եվ սա նկատի ունենալով՝ մենք չպետք է այնպես անենք, որ այդ ուժերը մեր դեմ դուրս գան։ Այդ ճամբարներից որ ուժն էլ մեր դեմ դուրս եկավ, մենք ունենալու ենք լրջագույն կորուստներ»,- հավելեց նա։

Անդրադառնալով իշխանությունների հայտարարություններին, որ Ռուսաստանից չենք ստանում անվտանգային երաշխիքներ, հետեւաբար, այլընտրանքային ճանապարհներ են փորձում գտնել, Արմեն Ռուստամյանն ասաց․ «Այն, ինչ ասացիք, դա վերաբերում է փոխլրացման տրամաբանությանը։ Այսինքն՝ այն, ինչ չենք ստանում Ռուսաստանից, ստանանք այլ տեղերից։ Մենք դրան երբեք դեմ չենք եղել, բայց ոչ թե մեկը մյուսով փոխարինել, այն դեպքում, երբ երկու կողմերը հակադրության տարբեր բեւեռներում են գտնվում։ Ամբողջությամբ տեղի է ունենում մի ճամբարից անցում մեկ այլ ճամբարի։ Ճամբարափոխությանը կհաջորդի այն, ինչի մասին ասացի՝ այդ հակամարտության թատերաբեմ կդառնա Հայաստանը։ Ամեն մեկը կփորձի իր խնդիրը լուծել՝ օգտագործելով Հայաստանին։ Մենք կդառնանք ոչ թե գործոն, այլ գործիք սրա կամ նրա ձեռքին»։

Հարցին, թե այսինքն՝ Ռուսաստանը կպատժի՞ Հայաստանին, Ռուստամյանը պատասխանեց․ «Ռուսաստանը չի ուզենա Հայաստանին պատժել, բայց բնականաբար նա անընդհատ ուզում է հաղթել իր պատերազմը։ Եթե իրենց մոտ սկսելու են անտառը կտրատել, թեփուկները կթռնեն այս ու այն կողմ։ Հիմա մենք չհայտնվենք այդ թեփուկների վիճակում։ Աշխարհաքաղաքական մեծ հարց է լուծվում, այդ կռվում մենք պետք է կարողանանք մեզ ճիշտ պահել, որ հարվածներ չստանանք այս կամ այն կողմից»։

Ըստ Ռուստամյանի՝ այս տեսանկյունից Հայաստանի այսօրվա իշխանությունները հմուտ քաղաքականություն չեն վարում։ «Ռուսներից մենք էլ դժգոհելու շատ բան ունենք, այո, շատ խնդիրներ կան, բայց դնելու ու անելու ձեւ կա։ Եթե այսօր համարում ենք, որ ռուսները լավ բարեկամություն չեն արել, բայց ինչո՞ւ ենք ստիպում,որ դառնան մեզ թշնամի։ Ռուսներին ստիպել, որ դառնան լավ բարեկամ, բրավո, ամբողջ աշխարհը չի կարողանում ստիպել, դո՞ւք եք ուզում անել, հա՞»,- ասաց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930