Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե որոշվի այն տարբերակը, որը հիմա դրված է սեղանին, դուք վերցնելու եք ձեր սովորական անձնագիրն ու ճամփորդելու եք Եվրամիություն»․ Արման Եղոյան

Նոյեմբեր 14,2023 16:15

Եվրամիության հետ քննարկվում է Հայաստանի համար վիզային ռեժիմի ամբողջական ազատականացման հարցը։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

«Այն տարբերակը, որը հիմա դրված է սեղանին, այն տարբերակն է, ինչ հիմա Վրաստանն է ստացել։ Այն է՝ եթե սա լինի, դա նշանակելու է, որ դուք վերցնելու եք ձեր սովորական անձնագիրը ու այդ անձնագրով ճամփորդելու եք Եվրամիություն։ Վրաստանի դեպքում դա տեւեց երկու տարի, Մոլդովայի դեպքում էլ երկու տարի, Ուկրաինայի դեպքում՝ մի փոքր ավելի։ Հաշվի առնելով, որ մենք քայլերի մեծ մասը արդեն իրականացրել ենք, մեր դեպքում դա կարող է էլ ավելի քիչ տեւել»

Արման Եղոյան

Նա ներկայացրեց ընթացակարգը, ըստ այդմ՝ Եվրոպական հանձնաժողովը տալիս է խորհուրդ, բայց վերջնական որոշումը կայացնում են 27 երկրների ղեկավարները։ «Եթե 27 երկրների ղեկավարներից գոնե մեկը դեմ եղավ՝ թե Վրաստանի դեպքում, թե մեր դեպքում, այդ որոշումը չի կայացվի»,- ասաց Եղոյանը։

Նա հավելեց․ «Երեկ Ժոզեպ Բորելը հայտարարեց, որ այդ հարցը մտնում է քննարկման օրակարգ, ինչպես կգնա այդ քննարկումը, ես չեմ կարող ասել։ Բայց իմ կանխատեսումը բավական լավատեսական է, որովհետեւ ես գիտեմ՝ 27 պետությունների ճնշող մեծամասնության տեսակետը եւ նաեւ գիտեմ մեկ-երկու տատանվող պետությունների հետ քննարկումների արդյունքները»։

Ըստ Եղոյանի՝ եթե որոշում կայացվի, դա լինելու է Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը սկսելու որոշում։ «Որպես կանոն՝ երկխոսությունը սկսելուց հետո այն հասնում է իր վերջնարդյունքին։ Այսինքն՝ դեռ այնպես չի եղել Եվրամիության պատմության մեջ, որ երկխոսությունը սկսեն, հետո ասեն՝ չէ, չենք անում։ Երկխոսությունը սկսելուց հետո արդեն հարցի տեխնիկական կողմն են լուծում՝ բիոմետրիկ անձնագրեր, սահմանային հսկում, ռեադմիսիայի մասին համաձայնագիր։ Այդ հարցերի մեծ մասը մենք արդեն լուծել ենք»,- հավելեց նա։

Եղոյանը նշեց, որ դա քաղաքական որոշում է, Եվրամիությունը գնահատում է մի շարք գործոններ, այդ թվում՝ տվյալ երկրում տիրող իրավիճակը։ Եվ այդ գնահատումներից հետո է որոշում կայացնում՝ տվյալ երկրի հետ ունենալ, թե՞ չունենալ ազատ վիզայի ռեժիմ։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930