Չեռնոգորիայում ընթացող մինչեւ 22 տարեկան բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի երեք անդամներ հաջող են անցկացրել մեկնարկային մենամարտերը: Հաղթանակով են սկսել 57 կգ քաշային Ռուսլան Ասլիկյանը, 71 կգ՝ Նարեկ Զախարյանը, 91 կգ՝ Հենրիկ Ճղրիկյանը: Ընդ որում, Ճղրիկյանը ցույց տվեց հաղթանակի հասնելու մեծ կամք: Երկրորդ ռաունդում երկու անգամ նոկդաունի ենթարկվելուց հետո հայ բռնցքամարտիկն իր մեջ ոչ միայն մարտը շարունակելու ուժ գտավ, այլեւ երրորդ ռաունդի հենց սկզբում ծնոտին կարճ ու դիպուկ հարվածով գետնին տապալեց վրացի մրցակցին ու հաղթեց նոկաուտով:
Այսօր Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ մեր հավաքականի մարզիչների համար ծանրաբեռնված օր է: Նրանք ռինգ են ուղեկցելու չորս բռնցքամարտիկների՝ 60 կգ՝ Էրիկ Իսրայելյանին, 63,5 կգ՝ Արթուր Շահբազյանին, 67 կգ՝ Արարատ Հարությունյանին եւ 71 կգ՝ Նարեկ Զախարյանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ