Լրահոս
Օրվա լրահոսը

«Համարում եք, որ «Հայփոստը» արդյունավե՞տ եք կառավարել». Արփի Դավոյանը ԲՏԱ փոխնախարարին հարցրեց ՊՎԾ -ի գտած խախտումներից

Նոյեմբեր 14,2023 15:53

Այսօր ԱԺ նիստում ԲՏԱ փոխնախարար Դավիթ Սահակյանը ներկայացրեց «Համաշխարհային փոստային կոնվենցիան» վավերացնելու մասին նախագիծը, որով անդամ երկրները կտեղեկանան, թե որ ապրանքների առաքման համար ինչ սահմանափակումներ կան, կփոխվեն առաքման սակագները, «Հայփոստի» գործունեությունը կարդիականացվի:

Միքայել Թումասյան

Պատգամավորները հարցնում էին՝ լավ, մեծ հաշվով սա ի՞նչ է մեզ տալու: Օրինակ, Միքայել Թումասյանը հարցրեց՝ Հայաստանից Բելառուս մինչեւ 500 գրամ ծանրոց ուղարկելն արժի 3 անգամ ավելի թանկ, քան նույն արագ ծառայությունն արժի Բելառուսից ՀՀ առաքման դեպքում: Հայաստանից առաքվում է 24 հազար դրամ, Բելառուսից՝ 8000, այս կոնվենցիայով մի բան փոխվելո՞ւ է սակագների մեջ, թե՞ ոչ:

Փոխնախարարը պատասխանեց, որ կոնվենցիայով հնարավորություն է ստեղծվում, որ տարբեր երկրների փոստային օպերատորները իրար հետ բանակցեն ու նոր սակագներ սահմանեն. «Ձեր ասած 3 անգամ բարձր գինը պայմանավորված չէ միայն «Հայփոստով», պայմանավորված է նաեւ ընդունող երկրի սակագնով, թե ինչքանով է սահմանից հասցնում իր քաղաքացուն»:

Արփի Դավոյան

ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանը հարցրեց. «ՊՎԾ-ի կատարած ուսումնասիրության արդյունքում «Հայփոստը» 4,1 մլրդ-ի խախտում է արել: Բազմաթիվ խախտումներ են արձանագրվել: Պետբյուջե վճարվել է 55 մլն դրամ պակաս շահութահարկ 2019-2021-ի համար, ԱՄՆ-ի մասնաճյուղ մատակարարվել են նամականիշներ, 2019-ից 2022-ի ընթացքում չի վերահսկվել դրանց դիմաց գումարի ստացումը՝ մոտ 758 մլն դրամ: Կատարվել են ոչ ճիշտ վարձակալական պայմանագրեր, որի արդյունքում վնաս է պատճառվել պետությանը: Խնդրում եմ ձեր պարզաբանումը սրա վերաբերյալ, արդյոք համարում եք, որ «Հայփոստը» արդյունավե՞տ եք կառավարել, ես այս գումարների վերաբերյալ որեւէ պարզաբանում չեմ լսել ԱԺ-ում»:

Դավիթ Սահակյանը պատասխանեց, որ Պետական վերահսկողական ծառայության այդ հաշվետվությանը իրենք էլ են տեղյակ. «Աշխատանքներ տարվում են հաշվետվության մեջ նշված խախտումների բացահայտման եւ դրան իրավական գնահատական տալու հետ կապված: Չեմ ուզում քննարկել այստեղ դրանց ընթացքը, պատրաստ ենք հանձնաժողովում մեր «Հայփոստի» գործընկերների հետ գալ ու մանրամասն կետ առ կետ քննարկել բոլոր խախտումները, բայց եկեք սպասենք իրավապահների գնահատականներին»:

Դավոյանն ասաց, որ հարցն ուղարկված է դատախազություն ու իրավական գնահատականը կտան, բայց «Հայփոստի» կառավարման արդյունավետության վերաբերյալ իրենք էլ պիտի պարզաբանեն իրենց աշխատակիցների թերացումների վերաբերյալ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930