Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ 18 առևտրային բանկերից 15-ն ընդգրկվել է առաջին 100 խոշոր հարկատուների ցանկում

Նոյեմբեր 14,2023 15:43

2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀՀ առևտրային բանկերի տեղակայվածության նկարագրողական վերլուծություն

Հայաստանի բանկերի միությունը մշտապես դիտարկում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՀՀ ՊԵԿ) կողմից հրապարակվող առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում ՀՀ առևտրային բանկերի ընդգրկվածության միտումներն ու հետևում բանկային համակարգի կողմից կատարվող հարկային վճարումների ընթացիկ ցուցանիշներին ու ծավալներին:
Հայաստանի 18 առևտրային բանկերից 17-ը 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով շարունակում են դիրքային առաջընթաց գրանցել առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում, ընդ որում նրանցից 15-ը ընդգրկվել են առաջին 100 խոշոր հարկատուների ցանկում: 9 ամիսների ընթացքում բանկերը քանակական ներկայացվածությամբ ապահովել են 1.7% տեսակարար կշիռ, իսկ վճարած հարկերի առումով՝ 8.8%:

Համաձայն ՀՀ ՊԵԿ-ի կողմից հրապարակված վիճակագրության, հարկային մուտքերը բոլոր 1000 կազմակերպությունների գծով հաշվետու ժամանակահատվածում կազմել են 1 267 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 16.9%-ով:
Հաշվետու ժամանակահատվածում վերոնշյալ ցանկում ընդգրկված 17 առևտրային բանկերը գեներացրել են 111.8 մլրդ դրամի չափով հարկային մուտքեր, որը կազմել է ընդհանուր ծավալի 8.8%-ը: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված ցուցանիշն ավելացել է 65.3 մլրդ ՀՀ դրամով, այսինքն` հավելաճը կազմել է շուրջ 140.4%: Իսկ 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ բանկերի կողմից վճարված ընդամենը հարկերը ավելացել են շուրջ 69 482 մլն դրամով կամ շուրջ 3 անգամ (Գծապատկեր 3):

Հունվար-սեպտեմբեր ամիսներին առևտրային բանկերի վճարած ընդամենը հարկերի միջինացված ցուցանիշը մեկ բանկի հաշվով կազմել է 6 576 մլն դրամ, որն ավելի քան 5 անգամ գերազանցում է մնացած հարկ վճարողների միջինացված ցուցանիշը՝ կազմելով 1 175 մլն դրամ (Գծապատկեր 1):

Գծապատկեր 1. ՀՀ առևտրային բանկերի և այլ կազմակերպությունների կողմից վճարված ընդամենը հարկերի միջինացված ցուցանիշները

1000 խոշոր հարկատուների վճարած ուղղակի հարկերի ծավալը շահութահարկի և եկամտահարկի գծով կազմել է 437.8 մլրդ ՀՀ դրամ, որից բանկերի վճարած ուղղակի հարկերը կազմել են շուրջ 101.9 մլրդ դրամ կամ ընդհանուր ուղղակի հարկերի 23.3%-ը: Այս ցուցանիշի մասով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 62.1 մլրդ դրամի կամ 156% աճ:

Ուշագրավ է, որ առևտրային բանկերի վճարած շահութահարկի և եկամտահարկի միջինացված ցուցանիշը մեկ բանկի հաշվով կազմել է 5 994 մլն դրամ՝ ավելի քան 17 անգամ գերազանցելով մնացած կազմակերպությունների միջինացված ցուցանիշը, որը կազմել է 342 մլն դրամ (Գծապատկեր 2):

Գծապատկեր 2. ՀՀ առևտրային բանկերի և այլ կազմակերպությունների կողմից վճարված ուղղակի հարկերի միջինացված ցուցանիշները

2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին առևտրային բանկերի վճարած ընդամենը հարկերի միջինացված ցուցանիշը մեկ բանկի հաշվով ավելի քան 5 անգամ գերազանցել է մնացած հարկ վճարողների միջինացված ցուցանիշը, իսկ 2022թ. համադրելի ժամանակահատվածում՝ շուրջ 2.6 անգամ:

2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին առևտրային բանկերի վճարած ուղղակի հարկերի միջինացված ցուցանիշը մեկ բանկի հաշվով ավելի քան 17 անգամ գերազանցել է մնացած հարկ վճարողների միջինացված ցուցանիշը, իսկ 2022թ. համադրելի ժամանակահատվածում՝ շուրջ 8 անգամ:

Գծապատկեր 3. ՀՀ առևտրային բանկերի կողմից վճարված հարկերի դինամիկան

Հայաստանի բանկերի միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930