«Մի տեսակ դեժավյու է: Կլինի՞ այս խոսակցությունը վերջինը»,- ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը այսպես ԱԺ նիստում ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանից հավաստիացումներ պոկեց, որ այլեւս ID քարտերի օրենքի ժամկետի երկարացմամբ չեն գալու ԱԺ:
Կառավարությունը հերթական անգամ ուզում է երկարաձգել հին նմուշի անձնագրերը կենսաչափական անձնագրերով փոխարինելու ժամկետը, որը վերջին փոփոխությամբ սահմանվել էր 2023-ի դեկտեմբերի 31-ը: Անցյալ տարի նույնիսկ ՔՊ-ականները «թքեցին ու մրեցին» կառավարության այն անդամներին, որոնց անգործության պատճառով ստիպված էին ժամկետ երկարաձգել: Այն ժամանակ զեկուցողը փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն էր, որը երկար-բարակ բացատրում ու խոստումներ էր տալիս: Պաշտոնյաները փոխվում են, խոստումները չեն պահպանվում:
Արսեն Թորոսյանը հիշեցրեց, երբ անցյալ տարի էլ ասացին՝ հույս ունենք, որ սա կլինի վերջին փոփոխությունը, ԱԺ փոխնախագահ Ռուբինյանը արձագանքեց, թե ԱԺ-ն քաղաքականության տեղ է եւ ոչ թե հույս ունենալու. «Մենք այդ տրամաբանությամբ մի տարի սպասել ենք, որ 2024-ի հունվարի 1-ից այդ քաղաքականությունն իրականանար, բայց նորից արձանագրում ենք, որ չի իրականանում տարբեր պատճառներով: Ես չեմ ուզում գնահատականներ տալ, որովհետեւ ցանկացած քաղաքացի էլ կարող է հարց տալ ու ինքն իրեն այդ հարցին պատասխանել: Ի վերջո, մենք այս առաջընթացը մի օր արձանագրելո՞ւ ենք, թե՞ չենք իրականացնելու»:
Կարդացեք նաև
ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասաց. «Ինչքան հետաքրքրվել եմ, խնդիրը հետեւյալն է՝ այն չիպերը, որ օգտագործվել են մեր ID-ների ու անձնագրերի համար, այդ չիպերը արդեն համարվում են հնացած ամբողջ աշխարհում: Մենք պետք է դրանք լրացնենք այսպես ասած «դուալ» չիպերով, որոնք երկակի են»: Արմեն Ղազարյանը պատասխանեց, որ իսկապես այն էլեկտրոնային կրիչները, որոնք գործածվել են, այլեւս չեն արտադրվում աշխարհում եւ ոչ մի տեղ»:
Ալեքսանյանը հորդորեց ժամանակացույց տրամադրել ԱԺ-ին, որ կարողանան վերահսկել:
Երբ եկավ ելույթների պահը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, տեսնելով հերթագրվածների ցուցակը, ասաց. «Ես էլ էի ուզում գրանցվել ու խոսել, բայց ոնց որ դրա կարիքը չի էլ լինելու: Շատ մեծ խնդիր է: Էլ չեմ ասում օդանավակայաններում տեղի ունեցողը, երբ անձնագրերով մոտենում ես, ամեն երկրորդ երկրում անձնագիրդ վերցնում են, բացում են, մի հատ նայում են՝ հասկանալու, ամաչում էլ ես ասես, որ դու պետական պաշտոնյա ես: Դիվանագիտական անձնագրերը նույն վիճակում են: 2024 թիվն է գալիս, մենք հլը էդ բանում ենք, առաջնային պետք է դրանով զբաղվել»:
Արսեն Թորոսյանն իր ելույթում մտահոգություն հայտնեց, որ եթե տեսանկարահանման ոլորտը մասնավորից վերցրեց պետությունը՝ ասելով, որ վերահսկողությունը այսպես ճիշտ է, կարեւոր ոլորտ է, ապա անձնագրերը, որ ռազմավարական նշանակություն ունեն, մասնավորի հետ համագործակցությամբ են ուզում արտադրել ու գործարկել:
ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանն իր ելույթում դիմեց դատախազությանը եւ Պետական վերահսկողական ծառայությանը՝ ուսումնասիրություններ սկսելու, թե ո՞րն է այս համակարգում թերացման պատճառը, ովքեր են մեղավորները:
Երբ բողոքին միացավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, Ալեն Սիմոնյանը կատակեց. «Պարոն Մանուկյան, մեզանից ընդդիմադիր մի եղեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ժամանակին, երբ զբաղվում էի ԱՄՆ անձնագրերի արտադրության հետ կապված խնդիրներով, պարզվեց՝ այս հզոր երկիրը իր անձնագրերը արտադրում է Թաիլանդում և, որ ավելի զարմանալի էր՝ ձեռքով, ավտոմատացման ոչ մի նշույլ արտադրական պրոցեսում: Սեպտեմբերի 11-ից հետո խնդիրը ավելի հրատապ դարձավ և տարիներ տևեց մինչև Պետական Տպագրատունը (Government Printing Office) հաստատեց և վավերացրեց առաջին ավտոմատացված հոսքագիծը: Իսկ Հայաստանի անձնագրերը առ այսօր տնական պայմաններում ստեղծվածի տպավորություն են թողնում:
«… ամաչում էլ ես ասես, որ պետական պաշտոնյա ես»
Մենք էլ ենք ամաչում՝ անկախ անձնագրի որակից: