ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին՝ Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ԵԱՏՄ-ից ու ԵՄ Ասոցացման համաձայնագիր ստորագրել։
«Այս պահին մենք գտնվում ենք ԵՄ հետ առկա գործող համաձայնագրի կիրարկման պրոցեսում, որը, ինչպես գիտեք, ըստ ճանապարհային քարտեզի՝ պիտի ավարտվի 2026 թվականին՝ բացառությամբ մեկ-երկու կոմպոնենտի, որոնք նախատեսված են 2027-ի համար։ Բայց դա էլ կարող ենք շուտ ավարտել։ Այսինքն՝ 2026 թվականին առկա գործող համաձայնագիրը պետք է կիրարկված-վերջացած լինի։ Եթե խոսում ենք Ասոցացման համաձայնագրի մասին, Ասոցացման համաձայնագիրը, դա մեր առկա համաձայնագիրն է՝ հանած ազատ առեւտուրը։ Իսկ ազատ առեւտուրն այն ժամանակ ենթադրում էր նաեւ մաքսային միության որոշակի էլեմենտներ։ Այսինքն՝ մաքսային արտոնություններ, անմաքս առեւտուր, բայց, ինչպես գիտեք, Հայաստանն այն ժամանակ դարձավ մեկ այլ մաքսային միության անդամ։ Իսկ մեկ պետությունը տեխնիկապես չի կարող երկու մաքսային միությունների անդամ լինել։ Իսկ Եվրամիությունը տեղով հենց մաքսային միություն է իր բնույթով»։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու հարցին, Եղոյանն ասաց․ «Այս պահին մենք զբաղվում ենք մեր ապրանքների որակի ստանդարտների բարձրացմամբ։ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնություն չկա»:
Անդրադառնալով հարցին, թե Հայաստանը Եվրամիության անդամության թեկնածու դառնալու ծրագրեր ունի՞, Եղոյանը պատասխանեց․ «Անդամության թեկնածու դառնալու համար Հայաստանը պետք է դիմի, ապագայում միգուցե ծրագրի, ի՞նչ խնդիր կա։ Եթե նկատի ունեք՝ արդյոք մինչեւ այս շաբաթվա վերջ Հայաստանը մտադի՞ր է դիմել՝ անդամության թեկնածու դառնալու համար, ապա, ոչ։ Մեկ տարվա կտրվածքով՝ չեմ կարող ասել»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով տեղեկությանը, որ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին, արդյոք Հայաստանը սառեցնո՞ւմ է հարաբերությունները ՀԱՊԿ հետ, Արման Եղոյանը պատասխանեց․ «Հարաբերություն սառեցնել, լավացնել, վատացնել․․․ Մենք արտահայտել ենք մեր դիրքորոշումը ՀԱՊԿ մասին, եւ այդ դիրքորոշումից հետո պատշաճում է այս քաղաքականությունը։ Սկսած 2021 թվականից՝ Հայաստանի սուվերեն տարածքի դեմ հարձակումից, ՀԱՊԿ-ին ուղղված մեր դիմումից եւ դրան ոչ պատշաճ արձագանքելուց հետո մենք բազմաթիվ անգամներ արտահայտել ենք մեր դիրքորոշումն այդ կառույցի գործունեության վերաբերյալ։ Դուք զարմացե՞լ եք, որ մենք չենք մասնակցո՞ւմ»։
Հարցին, թե այդ դեպքում, ինչո՞ւ այդ կառույցից դուրս չի գալիս Հայաստանը, Եղոյանը պատասխանեց․ «Իսկ ո՞վ է ասում, որ մեկին պետք է հետեւի մյուսը։ Այսինքն՝ ձեր ասածն այն է, որ եթե 5 նիստի չմասնակցեցինք, վեցերորդ քայլով պետք է դո՞ւրս գանք այդ կառույցից։ Միգուցե ձեր ցանկությունն է, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից։ Դուք ցանկանում եք, որ ես հիմա կանխատեսում անել, թե ի՞նչ է լինելու մեկ տարուց»։
Հարցին, թե ՀՀ իշխանությունները չկարողացա՞ն աշխատեցնել ՀԱՊԿ-ը, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասել, Եղոյանը պատասխանեց․ «ՀԱՊԿ-ը տեսախցիկ չէ, որ աշխատի կամ չաշխատի, ՀԱՊԿ-ը բարդ, մի քանի պետություններից բաղկացած ռազմաքաղաքական միավորում է»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ