Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թուրքիայի հանրապետության հիմնադիրներն իրենց ընդունած օրենքներով ստեղծեցին ապարտհեյդ համակարգ. Թաներ Աքչամ

Նոյեմբեր 14,2023 14:18

«Ակունք». Վերջին ամիսներին «Արաս» հրատարակչության կողմից հրատարակվել է Թուրքիայի պատմության թեմաներով իր ուսումնասիրություններով հայտնի Թաներ Աքչամի «Հարյուրամյա ապարտհեյդ․ 1918-1923 թթ. Թուրքիան. անկախությունը և ապարտհեյդ ռեժիմի կառուցվածքը» գիրքը, և կարճ ժամանակում թողարկվեց դրա երկրորդ հրատարակությունը: Հիմնվելով գրքի վրա՝ ես (Էդվարդ Տանձիկյան) և Աքչամը անդրադարձանք փոքրամասնությունների նկատմամբ հանրապետական  վարչակարգի քաղաքականությանը, որը նա սահմանեց որպես «ապարտհեյդ»։ 

-Ձեր գրքում ապարտհեյդը սահմանելիս խոսում եք Թուրքիայի հանրապետության հիմնադրման տարիներին «կաստայական» համակարգի ձևավորման մասին։ Ըստ դրա՝ սուննի մուսուլման թուրքերը վերևում են։ Սա ի՞նչ համակարգ է, ըստ Ձեզ, և կարո՞ղ ենք դա տեսնել այդ ժամանակահատվածում արտացոլված հայտարարություններում։ Ինչպե՞ս է դա անդրադառնում այդ ժամանակաշրջանի համակարգի վրա։

-Փորձեմ պատասխանել ձեր հարցին՝ մի քանի հարցեր տալով։ Կոչ եմ անում հանրապետությունը գովերգողներին պատասխանել այս հարցերին.

Ինչո՞ւ հանրապետության պատմության ընթացքում չի եղել ոչ մի քրիստոնյա կամ հրեա բարձրաստիճան սպա։ Ինչո՞ւ քրիստոնյաներից կամ հրեաներից անվտանգության բարձրաստիճան սպա չի նշանակվել: Ինչո՞ւ ոչ մի քրիստոնյա կամ հրեա քաղաքացի չի ընդունվել ռազմական դպրոցներ։ Իսկ այն դեպքերում, երբ սխալմամբ ընդունել են՝ հեռացրել են դպրոցից։

Շարունակենք՝ ինչո՞ւ դատական ​​համակարգում չկա մեկ քրիստոնյա կամ հրեա բարձրաստիճան պաշտոնյա։ Ինչո՞ւ Գերագույն դատարանի, Հաշվիչ դատարանի և Սահմանադրական դատարանի անդամությունը միշտ հատկացվել է մահմեդական թուրքերին: Եթե ​​պատահաբար այս պաշտոններում եղել են քրդեր կամ ալեւիներ, ինչո՞ւ են նրանց պահանջել թաքցնել իրենց ինքնությունը։

Ճշմարտությունը սա է. պետական կարևոր քաղաքացիական և ռազմական պաշտոնները լիովին փակ են քրիստոնյաների և հրեաների համար։ Որոշ բացառություններով՝ փակ են նաև քրդերի և ալևիների համար: Ալեւիների և քրդերի հասնելն այդ պաշտոններին հնարավոր է միայն իրենց ինքնությունը թաքցնելով և ժխտելով։ Եվ արդեն այդ մարդկանցից պահանջվում է ոչ թե բացահայտել իրենց քրդությունն ու ալևիությունը, այլ՝ թաքցնել:

Կարո՞ղ է 100 տարվա այս ճշմարտությունը պատահականություն լինել։ Ես պնդում եմ, որ այս ճշմարտությունը պատահականություն չէ, և այն առաջացել է որպես գիտակցաբար ստեղծված կաստայական համակարգի հետևանք։ Մեր ունեցած համակարգը ապարտհեյդ-կաստայական համակարգ է։

Մեկ այլ առանձնահատկություն էլ ավելացնելով՝ փակենք թեման։ Հանրապետության ստեղծման տարիներին քրիստոնյաների (հույներ, հայեր և ասորիներ) և հրեաների բնակչության հարաբերակցությունը 10%-ից ավել էր։ Այժմ այս թիվը իջել է 1%-ից: Սա նույնպես պատահական չէր։ Հիմնադիրների ընտրությունն այն էր, որ երկրում ոչ մի քրիստոնյա կամ հրեա չմնա։ Թեև կարողացան հասնել դրան, նպատակ ունեին այդ ընթացքում նրանց թիվը հասցնել զրոյի։

Համակարգն իր հիմնադրման տարիներին ստեղծվել է որպես ապարտհեյդի ռեժիմ։ Եվ դա ոչ միայն ժամանակաշրջանի հռչակագրերում, այլեւ օրենքներում է հստակորեն իրականացվել։ 1924 թ․ Սահմանադրության 88-րդ հոդվածը, որը կարգավորում է, թե ով է լինելու քաղաքացին, պատրաստվել է այն ըմբռնման համաձայն, ըստ որի՝ «մեր քաղաքացին հանեֆի մազհաբից մահմեդական, թուրքերեն խոսող մարդն է»։ Սա ասող հանձնաժողովի անդամը Գալիպոլիի պատգամավոր Ջելալ Նուրի բեյն է։

Նույն քաղաքացիության քննարկումների շրջանակներում այն ժամանակվա ֆինանսների նախարար Մուստաֆա Աբդուլհալիք Ռենդան քրիստոնյաների և հրեաների նկատմամբ կառավարության տեսակետը ամփոփեց մեկ նախադասությամբ. «Մենք որքան հնարավոր է, շատ դժվարություններ կպատճառենք նրանց, ովքեր մեզ չեն պատկանում»: Այսպիսով, հանրապետության քաղաքացիները երկու մասի էի բաժանված՝ «մեզնից» և «ոչ մեզնից»: Քրիստոնյաներն ու հրեաները, ովքեր «մեզնից չէին», մինչև 1940-ական թվականները գրանցված էին «օտարազգիների մատյանում», և ոչ թե սովորական բնակչության ռեգիստրում: 1926 թ․ «Քաղաքացիական ծառայողների մասին» օրենքով քաղաքացիական ծառայող դառնալը հնարավոր էր միայն «թուրքական ցեղին պատկանողների համար»։ 1960-ականներին օրենքը փոխվեց, բայց մտածելակերպը մնաց նույնը։ Քրիստոնյաներին և հրեաներին ոչ միայն հեռու էին պահում պետական ​​ծառայությունից, այլև վտարում էին մասնագիտական ​​պալատներից և արգելում էին աշխատել բազմաթիվ ընկերություններում:

Ցանկը կարելի է երկարացնել, օրինակները ներկայացված են իմ գրքում։ Ամփոփելով արձանագրենք, որ հանրապետության հիմնադիրներն իրենց ընդունած օրենքներով և հրամանագրերով ստեղծեցին ապարտհեյդ համակարգ։

-Ինչպես հայտնի է, գաղտնի օրենքներում կա «տոհմային ծածկագիր»։ Կարծես հատկապես ոչ մուսուլմաններին են պիտակավորել։ Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչի համար է ծածկագիրը:

-Առաջին, այս ծածկագիրը միայն քրիստոնյաներին և հրեաներին չի առնչվում: Գիտենք, որ քրդերը ևս ծածկագրված են։ Ամբողջական տեղեկատվություն չունենք այս կոդավորման համակարգի բոլոր ասպեկտների մասին: Այս ճշմարտությունը թաքուն է։ Ինչպես գիտեք, «տոհմային ծածկագրի» համակարգը «Ակօս»-ը օրակարգ բերեց։ Եթե դուք ​​օրակարգ չբերեիք՝ չէինք իմանա։ Քրդերի վերաբերյալ պիտակավորում-ծածկագրումն էլ ես պատահաբար գտա։ Դա ևս գաղտնի էր։ Եվ դեռ գաղտնի է: Ծավալը չգիտենք։ Այդ իսկ պատճառով ասում եմ, որ թուրքական ապարտհեյդը վախկոտության վրա կառուցված նենգ ապարտհեյդ համակարգ է: Հենց այս պիտակավորման համակարգն է որոշում ներկայիս վարչական համակարգի գործունեության հիմնական մեխանիզմը, որի չափերի մասին տեղեկություն չունենք։ Կանգնած ենք մի իրավիճակի առաջ, որի մասին նույնիսկ մտածելը պետք է «սարսափելի» համարել։ Ապարտհեյդ համակարգը թաքցնել փորձելով՝ դա իրականացնող համակարգի մասին է խոսքը։

Հարցի պատասխանը, թե ինչու այս երկրում քաղաքացիական և ռազմական բյուրոկրատիայի վերին օղակներում չկա գեթ մեկ քրիստոնյա կամ հրեա՝ այս կոդավորման համակարգում է: Թեև ոմանք 3-4 սերունդ հետո մոռացել են իրենց քրիստոնեությունն ու հուդայականությունը, պետությունը դա չի մոռանում և դրա մասին գիտի այդ համակարգի շնորհիվ։ Հենց այստեղ է այն հարցի պատասխանը, թե ինչու այս երկրում չկա մի բարձրաստիճան պաշտոնյա, ով հպարտորեն ասի «Ես ալեւի եմ» կամ «Ես քուրդ եմ»։

Ինձ համար տխուրը սա է. Հանրապետության հարյուրերորդ տարում այս «նենգության ու վախկոտության» վրա կառուցված ապարտհեյդ ռեժիմի մասին լուրջ քննարկման փոխարեն, դրա հիմնադիր փիլիսոփայության մասին բացահայտ խոսելու փոխարեն, սովորական գովեստներ են հնչում այդ ռեժիմի վերաբերյալ։ Եվ առավել եւս, այս գովեստի քարավանը ղեկավարում են իրենց առաջադեմ ու ձախ կոչող մարդիկ։

Ամփոփելով, եթե ուզում ենք, որ այս երկրում վերջանա քաղաքացիների անհավասարությունը, վերանան անարդարությունները, և գործի ժողովրդավարական իրավունքի պետությունն՝ իր ինստիտուտներով ու կանոններով, պետք է վերաիմաստավորենք հանրապետությունը ոչ միայն ազատագրման, այլև հիմնադրման հարացույցով։

Էդվարդ ՏԱՆՁԻԿՅԱՆ

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

(Շարունակելի)

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930