Այսօր ԱԺ նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը խնդրեց Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանին պարզաբանել Արցախի քաղաքացիներին տրված ՀՀ անձնագրերի հարցը: Ղազարյանը պատասխանեց. «ԼՂ բնակիչներին տրվել են ճամփորդական անձնագրեր՝ իրենց իրավունքները՝ առաջին հերթին ազատ տեղաշարժի իրավունքը իրացնելու համար: Կարող եք նայել ՄԻԵԴ-ի՝ Չիրագովն ընդդեմ Հայաստանի գործը, որտեղ վերաբերելի մասով ուղղակիորեն մեջբերվում է 1999-ի փետրվարի 24-ի համաձայնագիրը ՀՀ-ի եւ ԼՂ-ի միջեւ, որով նշվում է, որ ՀՀ-ն տրամադրում է իր անձնագիրը ԼՂ բնակիչներին որպես ճամփորդական փաստաթուղթ եւ ոչ որպես քաղաքացիության հավաստում»:
Նա նշեց, որ ՄԻԵԴ վճիռը, որտեղ ՀՀ կառավարությունը այդ հատուկ կարծիքն է ներկայացրել, եղել է 2015-2017-ին, այսինքն՝ նախորդ իշխանության ժամանակ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ