ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությանը, որ Եվրամիությունը մտադիր է ավելացնել Հայաստանի սահմանին դիտորդական առաքելություն իրականացնող քաղաքացիական դիտորդների թիվը։
«Խոսքն արդեն իսկ առկա դիտորդական առաքելության անձնակազմի թվաքանակի ընդլայնման մասին է։ Խոսք է գնում նաեւ դրա ժամկետների երկարաձգման մասին։ Քանակն իրենք կորոշեն, իրենց փոխարեն ես չէի ցանկանա պատասխանել, բայց խոսքը զգալի փոփոխությունների մասին է»,- ասաց Եղոյանը։
Հարցին, թե խոսքը միայն քաղաքացիական դիտորդական առաքելության ընդլայնման մասին է, թե՞ ռազմական կոմպոնենտ կարող է ավելանալ, Արման Եղոյանը պատասխանեց․ «Այս պահին խոսքը առկա մանդատով դիտորդական առաքելության ընդլայնման, այսինքն՝ անձնակազմի թվաքանակի եւ նաեւ տեւողության ընդլայնման մասին է»։
Արման Եղոյանն ասաց, որ այսօր աշխարհն այնպիսին է, որ որեւէ պետության անվտանգային ճարտարապետություն կախված չէ մեկ կոմպոնենտից։ «Դա կոմպոնենտների համադրություն է, եւ ԵՄ դիտորդական առաքելությունը մեր անվտանգային ճարտարապետության կոմպոնենտներից մեկն է ընդամենը։ Եվ շատ լավ է, որ իրենք որոշում են կայացրել ընդլայնել այն»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Անդրադառնալով ԵՄ կողմից զենքի մատակարարման հնարավորության մասին հարցին՝ Եղոյանն ասաց․ «Մեր համագործակցությունը Եվրամիության հետ ու նաեւ ԵՄ առանձին երկրների հետ մեր անվտանգային ճարտարապետության կարեւոր մասն է։ Հաշվի առնելով Եվրամիության քաշը, որոշակի փափուկ ուժի լծակները, տնտեսական լծակները, այս ամենը հաշվի առնելով՝ մեր հարաբերությունների մեջ այդ անվտանգային կոմպոնենտը շատ բազմաշերտ է։ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների բովանդակության ընդլայնումն ինքնին մեր անվտանգային ճարտարապետության կարեւոր բաղադրիչներից է, ընդ որում՝ բոլոր ոլորտներում»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ