Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակում չծառայած 27 տարին լրացածները կարող են վճարել 15 մլն դրամ ու ազատվել պատժից. Հայկ Սարգսյանը փողով չծառայելու նոր նախագիծ է բերել

Նոյեմբեր 14,2023 13:05

«Շրջանառության մեջ եմ դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել քրեական պատասխանատվությունից: Նախագծով առաջարկվում է, որ նրանք կարող են 2 տարի ծառայել բանակում, ծառայել 1 տարի եւ պետբյուջե վճարել 2,5 մլն դրամ, ծառայել 6 ամիս եւ պետբյուջե վճարել 5 մլն դրամ, ծառայել 1 ամիս եւ պետբյուջե վճարել 10 մլն դրամ եւ վճարել 15 մլն դրամ՝ ողջ ծառայության դիմաց»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Գործող օրենքով 27 տարին լրացած եւ բանակում չծառայածները չեն կարող այլեւս ծառայել բանակում, ունեն մեկ տարբերակ՝ դատվել՝ Քրեական օրենսգրքի 461 հոդվածով՝ մինչեւ 5 տարի ժամկետով:

Լրագրողները հիշեցրին, որ փողով այսպես բանակում չծառայածներին պատասխանատվությունից ազատելու նախագիծ էլի է եղել շրջանառության մեջ եւ չի ողջունվել անգամ իր թիմակիցների կողմից, հիմա իրավիճա՞կ է փոխվել, ունի՞ ՊՆ-ի դիրքորոշումը եւ ընդունո՞ւմ է քննադատությունը, որ սա հարուստների նախագիծ է: Հայկ Սարգսյանը պատասխանեց, որ այս կարգավորումներով նախագիծ երբեւէ չի եղել. «2019-ին իմ կողմից այլ նախագիծ է շրջանառվել, որն այս նախագծի հետ էական տարբերություն ուներ: Ինչ վերաբերում է նրան, որ սա հարուստների նախագիծ է, մենք ունենք բազմաթիվ քաղաքացիներ, որոնք երկիրը լքել են մանուկ հասակում՝ մինչեւ իրենց չափահաս դառնալը: 27 տարին լրանալուց հետո հայտնաբերել են, որ իրենք գտնվում են հետախուզման մեջ եւ որեւէ կերպ չեն կարողանում լուծել հետախուզման հարցը: Անգամ մեծ ցանկության դեպքում, եթե ուզեն ծառայեն եւ ազատվեն քրեական պատասխանատվությունից, չեն կարող: Նախագիծը հնարավորություն է տալու, որ այն քաղաքացիները, որոնք չունեն գումար, գան ծառայելու, ինչպես մեր մյուս քաղաքացիները 18-27 տարեկան հասակում»: Պատգամավորն ասաց, որ ՊՆ-ն կողմ է նախագծին, բայց եզրակացությունը դեռ չի ստացել:

Հարցին՝ չկա՞ մտավախություն, որ բոլոր տղաները կգնան երկրից, փող կաշխատեն ու կգան փողով կազատվեն բանակից՝ Հայկ Սարգսյանը պատասխանեց. «Դա քիչ հավանական եմ համարում, որովհետեւ 10 տարի հետախուզման մեջ մնալը այդքան էլ հեշտ չէ: Նաեւ ունեմ վիճակագրություն, որ մեր ժամկետային զինծառայողների թիվը տարեցտարի նվազել է եւ վերջին առնվազն 15 տարվա ընթացքում ամեն տարի ունեցել ենք ավելի քիչ ժամկետային զորակոչիկներ, քան նախորդ տարի, ինչը մտահոգությունների տեղիք է տալիս: Արդյունքում նրանք լքում են երկիրը, հրաժարվում ՀՀ քաղաքացիությունից: Ես ունեմ նաեւ տվյալներ, թե տարեկան արական սեռի քանի ներկայացուցիչ է հրաժարվում ՀՀ քաղաքացիությունից»:

Հայկ Սարգսյանը ներկայացրեց վիճակագրություն, ըստ որի՝ 2010-ին ունեցել ենք ավելի քան 44 հազար ժամկետային զինծառայող, 9 տարվա ընթացքում այդ թիվը պակասել է 44%-ով: 2019-ին դարձել է 24 հազար:

Բացի այդ, տարեցտարի ավելի քիչ են ծնվում տղաներ: 1992-ին ծնվել է 36 հազար տղա, իսկ 2001-ին արդեն՝ 17 հազար տղա: 2022-ին 2000-ով ավելացել է 19 հազար տղա:

Թե ինչպես են որոշել գումարի չափը, որով կարող են ազատվել բանակում չծառայելու պատասխանատվությունից՝ պատգամավորն ասաց, որ դա այն գումարն է, որը կարող են տալ ատեստավորված պայմանագրային զինծառայողին՝ 400 հազար դրամ աշխատավարձի չափով:

Հայկ Սարգսյանն ասաց, որ Թուրքիայում, Ղազախստանում գումարով կարճ ծառայությամբ փորձ կա, իսկ Վրաստանում կարող են 3.3 մլն վճարել ու չծառայել:

Պատգամավորը նաեւ մտադիր է քննարկել մեր երկրում զինապարտության տարիքը բարձրացնելու հարցը: Հարեւան երկրներում 40-45 տարեկանն է, մեր երկրում 27-ը:

Ի՞նչ կլինի, եթե այս նախագիծը չընդունվի՝ պատգամավորը հաշվարկում է՝ այս պահին հետախուզման մեջ գտնվող բանակում չծառայած 5000-ից ավելի քաղաքացիներ կան, եթե նրանք բոլորը գան ու դատվեն, պետությունը նրանց վրա կալանավայրում 1 տարի պահելու համար կծախսի մոտ 1 մլն դրամ: Իսկ առաջարկի ընդունման դեպքում պետությունը կստանա կամ ծառայություն, կամ փող, նաեւ նրանք կհաշվառվեն պահեստազորում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930