Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդումը քննության առարկա կդարձվի ՀՀ ԱԱԾ-ում։ ՀՀ գլխավոր դատախազությունը դիմումը փոխանցել է Ազգային անվտանգության ծառայություն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ Սամվել Շահրամանյանը նամակով դիմել էր Աննա Վարդապետյանին՝ խնդրելով Արցախի Հանրապետության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու մասին հրապարակումներն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում։
«Արցախի Հանրապետության իշխանությունները շահագրգռված են պաշտոնատար անձանց կողմից կատարված հնարավոր չարաշահումները բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում», – նշվում էր Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունում։
Ի․ Ս․