Այսօր ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում, երբ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանին ուղիղ հարցրեց՝ ի վերջո ե՞րբ կարող են քաղաքացիները ստանալ ID քարտերը, պատասխանը չկար՝ հայտնի չի. «Մարդու պարտականությունն է ապահովել ՀՀ քաղաքացուն անձնագրերով, բայց ասում է՝ հայտնի չի: Փոխարենը՝ առավոտից գիշեր հեռուստաեթերներից չի իջնում եւ փորձում է Հայաստանի հանրությանը համոզել, որ Արցախի քաղաքացիներին տրված այդ կապույտ անձնագիրը լոկ ճամփորդական անձնագիր է ու դրանով չեն կարող Արցախի Հանրապետության քաղաքացիները տարբեր պաշտոնների նշանակվել: Բայց, օրինակ, Անվտանգության խորհրդի քարտուղարը, որը ծննդով Արցախի Հանրապետության Մարտունիից է, վստահաբար այդպիսի անձնագիր է ունեցել: ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, որը ծննդով Հադրութի Ազոխ գյուղից է, վստահ այդպիսի անձնագիր է ունեցել: 30 տարի շարունակ Արցախի առաջնագծում արցախցիները, որ պաշտպանել են մեր երկրի անվտանգությունը, Ջերմուկի ու Վարդենիսի անվտանգությունը, նրանց չեն ասել, որ դու ճամփորդական անձնագիր ես ունեցել: Պարտադիր կուտակային համակարգում վճարում կատարած Արցախում չեն ասել, որ դու ՀՀ անձնագիր չես ունեցել, քաղաքացի չես ու վաղն էլ թոշակ չես ստանալու: Նույն 1000 դրամների հիմնադրամ վճարում կատարող արցախցուն չեն ասել՝ դու միայն ճամփորդական անձնագիր ունես ու ՀՀ քաղաքացի չես»:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Դա արվում է այդ մարդկանց իրավունքները պատշաճ ձեւով ապահովելու համար նաեւ հետագայում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ