Այսօր ԱԺ քառօրյայի մեկնարկն էր, որի օրակարգային հարցերի մեջ է 2024-ի պետբյուջեի նախագիծը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, որ պաշտպանության հանձնաժողովում բաց եւ փակ նիստում մանրամասն քննարկվել է ԱԱԾ-ի, ՊՆ-ի, ՆԳՆ-ի բյուջեն, բայց մի բան մնացել է հարցական. «Արտաքին հետախուզական ծառայության բյուջեի հատվածը, որն առաջին անգամ է պետբյուջեում, որեւէ մեկը այդ հարցով պարզաբանումներ չի տվել, չի ներկայացել: Ի վերջո ինչպե՞ս է լուծվելու: Բազմամիլիարդանոց բյուջեի նախագիծ կա, գումար պետք է հատկացվի, բայց որեւէ կերպ պատգամավորները հնարավորություն չեն ունեցել այդ բյուջեի նախագծի բացվածքը ստանալ, որովհետեւ Արտաքին հետախուզական ծառայության ներկայացուցիչ ԱԺ չի եկել»:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ ընդմիջման ժամին կարող են քննարկել, թե այդ հարցը ոնց լուծեն. «Առաջարկում եմ ընդմիջման ժամանակ քննարկենք, թե ոնց կարող ենք ոսկե միջինը գտնել»:
Հիշեցնենք, որ Արտաքին հետախուզական ծառայության պետ է նշանակվել Քրիստինե Գրիգորյանը:
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ նոյեմբերի 17-ին լրանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի եւ մի շարք անդամների լիազորությունների ժամկետը եւ մրցութային խորհրդի կազմում մերժվեց իրենց թեկնածուի մասնակցությունը: Արծվիկ Մինասյանն ասաց, որ ժամկետի մեջ չեն տեղավորվի, հանձնաժողովը կկազմալուծվի: Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ չի կազմալուծվի, նման բան չի լինի, օրենքը տալիս է այլ հնարավորություն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ