Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի տնտեսությունն այժմ կախված է ՌԴ-ից և ԵԱՏՄ շուկայից, հետո կախվածություն ձեռք կբերի ադրբեջանական և թուրքական շուկաներից: Մի օր այդ թելերը քանդելը շատ ավելի բարդ կլինի. Նաիրի Սարգսյան. «Փաստ»

Նոյեմբեր 14,2023 10:41

«2024 թ.-ի պետական բյուջեն նույնն է, ինչ նախորդ տարիներինը»,-«Փաստի» հետ զրույցում կարծիք է հայտնում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, երբ առաջարկում ենք քննարկել պետբյուջեի նախագիծը: «Նախատեսված տնտեսական աճը բավականին համեստ է, որը միշտ բոլոր կառավարությունները նախատեսում են: Ինչի՞ վրա են սովորաբար հիմնվում: Միշտ ասել ենք, որ բիզնեսը, այսինքն՝ տնտեսության իրական հատվածը 5-ից 7 տոկոս աճ, այնուամենայնիվ, պլանավորում է և փորձում է իրականացնել իր համար: Եթե կառավարությունները ոչինչ չանեն ու չխանգարեն տնտեսական հատվածին, ապա յոթ տոկոսը շատ հեշտ ու հանգիստ հնարավոր կլինի ապահովել: Այդքան մեծ աշխատանք չեն կատարել, որ դեռ մի բան էլ յոթ տոկոսի մասին են խոսում: Ինչ վերաբերում է բյուջեի եկամուտները 300 միլիարդ և ավելիով ավելացնելուն, աստեղ արդեն Հայաստանի քաղաքացուն աղքատացնող քաղաքականությունն է:

«Խաղաղության խաչմերուկ» դառնալը, ըստ իշխանությունների, մեր երկրի համար տնտեսական բում է ապահովելու: Մեր զրուցակիցն ընդգծում է՝ «խաղաղության դարաշրջանը», «խաղաղության խաչմերուկը» անհասկանալի ձևակերպումներ են: «Դրանք չունեն գիտական հիմնասյուն, չենք կարող բացատրել, թե ինչ տնտեսական, սոցիալական, առողջապահական, անվտանգային էֆեկտներ կարող են ապահովել: Դրանք իրենց կողմից շուկա նետած հերթական դատարկ թեզերն են: Մի բան կարող ենք կանխատեսել և հասկանալ, որ «խաղաղության խաչմերուկ» ասվածը զիջողական և նորից հայաստանակործան ծրագիր է: Եթե «խաղաղության դարաշրջանի» մեկնարկը տրվում էր Արցախի հանձնումով ու հայաթափումով, ապա երկրորդի դեպքում գուցե ինչոր խաչմերուկի բաժանեն, որտեղ հայեր չպիտի բնակվեն, և այդտեղով թուրքերը խաղաղ անցնեն: Նման դեպքում չի կարող լինել տնտեսական բում, խոսք անգամ դրա մասին լինել չի կարող:

Տնտեսությունը խաղաղությունով չի կառուցվում: Անվտանգությունը շատ կարևոր է տնտեսության զարգացման համար, բայց միակ գործոնը չէ, իսկ անվտանգության ստեղծման համար տնտեսությունն է շատ կարևոր, որպեսզի ֆինանսապես սնուցի այն: Դրանք փոխկապակցված են, բայց մենք չունենք անվտանգություն: Խոսեցինք բյուջեի մասին, այն պետության թիվ մեկ ֆինանսական փաստաթուղթն է: Մեր բյուջեն ուղղված չէ ներդրումների ներգրավմանը, տնտեսական պոտենցիալ ի ստեղծմանը, զուգահեռ ներդրումային միջավայրն ավելի ենք տապալում, հարկադրույքները բարձրացնելով, ներդրողներին ասում ենք՝ Հայաստան մի՛ եկեք, սա վատ երկիր է ներդրողների համար, Վրաստանում ներդրում կատարեք: Եվ այստեղ խոսել տնտեսության բումի մասին, ուղղակի զարմանալի է: Այս մարդիկ այսքան ժամանակ չեն ասել, թե սահմանների բացումով ու «խաղաղության խաչմերուկ» լինելով ինչ ենք արտադրելու, որտեղ ենք վաճառելու և ինչ օգուտ ենք ստանալու: Մեր հարցազրույցներն ընթերցելով՝ երևի նրանց զեկուցում են, որ այսպիսի հարցադրումներ կան փորձագիտական հանրույթի կողմից, տվե՛ք սրա պատասխանը: Երբեմն նույնիսկ կառավարության ղեկավարի խոսքում տեսանելի են լինում պատասխաններ այդ դիտարկումներին, բայց դրանք լինում են անբովանդակ և լղոզված: Օրինակ՝ խոսում են գյուղատնտեսության զարգացման, պետական աջակցության տրամադրման մասին, բայց խաղողագործությունը այդքան աջակցություններից հետո այս տարի 20 տոկոս անկում է գրանցել:

Այդպես էլ չհայտարարեցին, թե Թուրքիային և Ադրբեջանին ինչ ենք վաճառելու, բայց հեշտ ու հանգիստ կարողանում են հայտարարել, թե ինչ ենք նրանցից ձեռք բերելու: Ասում են՝ կարող ենք ադրբեջանական գազ, բենզին գնել շատ ավելի մատչելի գներով: Հայաստանի տնտեսությունն այժմ կախված է Ռուսաստանից և ԵԱՏՄ շուկայից, հետո կախվածություն ձեռք կբերի ադրբեջանական և թուրքական շուկաներից: Եթե տնտեսական բոլոր թելերը կապենք նրանց հետ, մի օր այդ թելերը քանդելը շատ ավելի բարդ կլինի: Այդ ժամանակ ոչ թե կասենք՝ ռուսն ինչ ասում է, անում ենք, այլ կասենք՝ թուրքն ու Ադրբեջանն ինչ ասում են, դա էլ անում ենք: Նրանք մի օր կխոսեն գազի անջատման կամ սակագնի էական բարձրացման, բենզինի և գյուղատնտեսական արտադրանքի մատակատարումների դադարի մասին և այլն: Եվ այսպես՝ «խաղաղության խաչմերուկը» երևի կվերաձևակերպվի որպես «չարիքի խաչմերուկ»»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930