Ազատ գյուղի զորանոցում հրդեհի հետևանքով զոհված զինվորների իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ փաստաբան Նորիկ Նորիկյանը ֆեյսբուքյան էջում հաղորդում է․ «Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Ազատ գյուղի զորանոցում հրդեհի հետևանքով զոհված 15 զինծառայողներից Սերգեյ Կևորկովի հայրը՝ Կարեն Կևորկովը։
Բառեր չեմ գտնում հայտնելու իմ խորը ցավակցությունը Կարեն Կևորկովի մերձավոր ազգականներին ու հարազատներին։
Թող լույս իջնի շիրիմիդ, Կարեն ջան։
Իսկապես մեծագույն ողբերգություն է, որ մեկ տարվա ընթացքում հայր ու որդի այսպես հեռանում են կյանքից։
Կարդացեք նաև
Իսկապես շոկի մեջ եմ․․․»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ shamshyan.com–ը հաղորդել էր, որ նոյեմբերի 13-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում․ «Ժամը 19:40-ի սահմաններում Opel Astra մակնիշի ավտոմեքենան Մասիս-Վաղարշապատ ավտոճանապարհի Սայաթ-Նովա-Միզամի գյուղերի խաչմերուկում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբերին, ապա բետոնե սյանը և մասամբ հայտնվել չգործող առվակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Մասիսի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն»։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ մահացածը Ազատ գյուղում՝ ՀՀ ՊՆ զորանոցում, այս տարվա հունվարի 19-ին տեղի ունեցած առեղծվածային հրդեհի հետևանքով մահացած զինվորներից մեկի հայրն էր և հնարավոր է ավտոմեքենան վարելիս սրտի հետ կապված խնդիրներ են առաջացել: