Լրահոս
Օրվա լրահոսը

«Քեզ վապշե պիտի սպանեն, որ խելքդ հավաքես գլուխդ». Չագուճը գլխին ջարդող, ծեծող, լեզու կտրող ՔՊ-ականներին թողած՝ ընդդիմադիրներին են բռնում

Նոյեմբեր 13,2023 23:30

Բռնության կոչի համար հերթական ընդդիմադիրը, որին ըստ երեւույթին պիտի քաշքշեն դատարաններում, «Պատիվ  ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն է:  Նրան Քննչական կոմիտեն հարցաքննության է կանչել՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում իր հայտարարության համար, որտեղ ասել էր. «Երեւանը փոխվելու է իմ, ձեր, հայրենասերների քրտինքով եւ, եթե Փաշինյանը անմտություն անի, նաեւ արյամբ»:

Միայն  վերջին մեկ տարվա ընթացքում բազմաթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել բոլոր այն մարդկանց նկատմամբ, որոնք չեն կիսում իշխանությունների տեսակետները, ընդդիմադիր հայացքներ ունեն:

Բռնության կոչի մեղադրանք է առաջադրվել «Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին՝ ֆեյսբուքում «մահ դավաճանին» գրառման համար։

Բռնության կոչի համար կալանավորվել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, որը ֆեյսբուքում, գրել էր. «Ցուցակագրեք էն բ․․-ի թուլեքի ցանկը, որոնց սատկացնելու ենք Նիկոլի սիկ․․․ հետո»։

Նույն հոդվածով կալանավորված են նաեւ Նարեկ Մալյանն ու Տաթեւիկ Վիրաբյանը։

Փաստաբան Մուշեղ Շուշանյանին նույնպես մեղադրանք է առաջադրվել՝ ֆեյսբուքյան իր էջում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ բռնություն գործադրելու կոչեր կատարելու համար։ Նա գրել էր. « Կիկոլին դատելը միգուցե ցանկալի կլիներ՝ դավաճանության լիարժեք պատկերը ստանալու առումով, բայց նրան դատելն անիրատեսական է: Կիկոլի մահավճիռը կայացված է, մահապատիժը պետք է ի կատար ածվի: Ու նա նույնիսկ արժանի չէ թալեաթի պես արժանապատիվ շանսատակ արվելուն՝ նրա ու նրա պիղծ ընտանիքի պատիժը լինելու է անգութ, դաժան և արդար»։

«AntFake.am» կայքում «իմնեմնիմի» փոդքասթ #05»», վերտառությամբ տեսագրությունում պատգամավոր Մհեր Սահակյանին սատարելու եւ բռնության կոչի համար մեղադրանք կա Նարեկ Սամսոնյանի նկատմամբ:

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը դատարանում է հայտնվել՝ նույնպես բռնության կոչի մեղադրանքով:

Բռնության կոչի համար քրեական վարույթ կա նաեւ ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի նկատմամբ, որը ֆեյսբուքում գրել էր. «Եթե Փաշինյանը չդիմի Հիտլերի վերջին քայլին, ապա նրան սպասում է Գեբելսի ճակատագիրը»։

Օրերս «Ազատություն» ռ/կ եթերում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը հայտարարեց, որ իրենց թիմակիցներից որեւէ մեկը երբեւէ բռնության կոչ չի հնչեցրել: Ավելին, ըստ նրա, երբ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ մարդկանց ասում է՝ «ձեզ սպասվում է ասֆալտի հարուստ դիետա, էնքան բախտներդ փորձեք, էնքան ասֆալտ ուտեք ու բորդյուր լիզեք, որ Երեւանի սանմաքրման հնգամյակը մի շաբաթում կատարենք ու գերակատարենք», դա քաղաքական խոսք է:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում նախկին դեսպան, հանրային գործիչ Էդգար Ղազարյանը հիշեցրեց, թե ինչպես էր ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը կոնկրետ իրեն սպառնում եւ բռնության կոչ անում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում, որտեղ ընտրում էին ՄԻՊ թեկնածուին. «Նա կոնկրետ ինձ ասում  էր՝ իմ լեզուն եւ ականջները կկտրի, բացի դրանից, նայելով կամերաներին, ասում էր՝ սիրելի ժողովուրդ, եթե որեւէ մեկը համարձակվի մեր հեղափոխությունը անվանի ադրբեջանաթուրքական, մենք իրենց լեզուն եւ ականջները կկտրենք:

Այսինքն, բացի նրանից, որ իմը նաղդ կտրող է, նաեւ ասում է՝ կկտրենք ցանկացածինը, ով որ կհամարձակվի դա ասի: Ընդ որում, ինքը ՔՊ խմբակցության քարտուղարն է, իսկ «ԱԺ կանոնակարգի» համաձայն, խմբակցության նախագահը եւ քարտուղարը իրավունք ունեն հանդես գալ խմբակցության անունից: Այսինքն, ասում է, որ իրենց խմբակցության ցանկացած պատգամավոր կկտրի ցանկացած մարդու ականջն ու լեզուն, եթե նրանք իրենց հեղափոխությունը անվանեն ադրբեջանաթուրքական: Ընդ որում, հանձնաժողովի նախագահը զգուշացնում է, ասում է՝ պարոն  Հովհաննիսյան, դուք հիմա բռնության կոչ եք անում, ինքն ասում է՝ այո, ընդունեք դա սպառնալիք»:

Այս դեպքի հետ կապված հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրություն ուղարկեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին: Դատախազին դիմեց նաեւ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը: Բայց ՀՀ քննչական կոմիտեն պարզեց, որ Հովհաննիսյանի նկատմամբ քրգործի հարուցումը մերժելի է, քանի որ հիմքերը բացակայում են: Առաջին ատյանի դատարանը հրաժարվեց պարտադրել քրգործ հարուցել, Վերաքննիչն էլ թողեց անփոփոխ. «Երեկ էլ ստացել եմ Վճռաբեկ դատարանի որոշումը, որ մերժել են այդ գործը վարույթ ընդունել»,- ասաց Էդգար Ղազարյանը:

Նա հիշեցրեց նաեւ, որ իր նկատմամբ ոչ միայն այդ սպառնալիքն են հնչեցրել, նաեւ իր տան շքամուտքում ֆիզիկական բռնություն են կիրառել, իսկ սոցկայքերում ու Youtube-ում, որտեղ տեղադրվել էին տեսանյութեր այդ մասին ու տեղեկություններ, իրական օգտատերերը բազմաթիվ բռնություն պարունակող գրառումներ են  արել. «Մոտավորապես հետեւյալ բովանդակությամբ գրել էին՝ քեզ էդ էլ ա քիչ, քեզ պիտի սպանեին, քեզ վապշե պիտի սպանեն, որ խելքդ հավաքես գլուխդ, ավել-պակաս չխոսես…Ես գրավոր միջնորդություն եմ ներկայացրել քննիչին, որպեսզի ուսումնասիրեն այդ բռնության կոչերը, որոնք ուղղված են կոնկրետ ինձ, որովհետեւ դրանք արդեն իմ անձի դեմ սպառնալիք են, քննիչը մերժել է միջնորդությունը: Ասում է՝ ձեր պատկերացումները վերացական  են, սուբյեկտիվ, դատողական, անհիմն լինելու պատճառով մերժում են:

Բայց Արագած Ախոյանին ձերբակալել են՝ 5 ամիս առաջ ֆեյսբուքում գրառման համար: Մինչեւ հիմա  չի եղել մի դեպք, որ որեւէ քաղաքացի բռնություն գործադրած լինի ու ասի՝ դա արել եմ Արագած Ախոյանի գրառման ազդեցության տակ: Դժվար է պատկերացնել, որ հիմա որեւէ մեկը կմտնի Ախոյանի ֆեյսբուքյան էջը, կիջնի մի 5 ամիս առաջ, կկարդա ու կանի բռնություն: Լավ, բա եթե բռնություն էր գրածը պարունակում, դուք օպերատիվ հետախուզական մարմիններ եք, ձեր անգործությունը ինչո՞վ եք բացատրում, 5 ամիս անցել է, նո՞ր եք հասկացել, որ դա բռնության կոչ է: Ուրեմն դուք պիտի առաջին հերթին պատասխանատվության ենթարկվեք:

Նույնը եղել է Արմեն Գրիգորյանի պարագայում: ԱԱԾ դիմակավորված անձինք ներխուժել են, ձերբակալել են, վիզը ծռած բերել են՝ 9 ամիս առաջ արտահայտած կարծիքի համար: Եթե նրա ասածը ազգամիջյան բռնություն էր ենթադրում, դա ուղիղ եթերում է եղել, նշանակում է «Հայելի» ակումբից դուրս գալուց պիտի ձերբակալեին, կամ մտնեին ընդհատեին եթերը, եթե այդպես էր: Կարող էին հրավիրեին ոստիկանություն՝ բացատրություն տալու: Սկի մարդասպանին դեպքի վայրից այդպես չեն բռնում, ոնց բռնել են Արմեն Գրիգորյանին: Ու պարզ է, չէ՞, որ դա անում են միայն ընդդիմախոսների նկատմամբ: Եթե իշխանական ներկայացուցիչները իրենք են սպառնալիքներ հնչեցնում, ասում են՝ քաղաքական խոսք է»:

Էդգար Ղազարյանը ցույց տվեց, թե ինչպես են օրենքը կիրառում խտրական՝ իր նկատմամբ բռնություն գործադրողներին, որոնք տեսանյութից պարզ երեւում է, որ դիտավորյալ ծեծում են, գլխից արյուն է հոսում, նախաքննությանը չեն ներկայացել, հետախուզման մեջ են եղել, նրանց չեն ձերբակալում, իսկ զոհված զինվորի հայր Գարիկ Գալեյանին, որը ցույցերից մեկի ժամանակ ջուր էր լցրել մեկի գլխին, նրան կալանավորել են. «Հիմա էլ, ձեզի մեզի մեծ ավետիս՝ բանտային կալանքը փոխարինել են տնային կալանքով: Տիգրան Ավինյանի պաստառը պատռած կնոջը ձերբակալել են, բայց իմ նկատմամբ բռնություն գործադրած մարդուն չեն ձերբակալել: Արմինե Ադիբեկյանը բերում է Գեբելսի օրինակը, իսկ Գեբելսն ու իր ողբերգական ճակատագիրը պատմական փաստ է: Դա համարում են բռնության կոչ: Իշխանությունները օրենքը կիրառում են սելեկտիվ, որեւէ իշխանականի նկատմամբ բռնության կոչի համար հարուցած վարույթ չեմ հիշում»:

Էդգար Ղազարյանը նաեւ հիշեցրեց, թե ինչպես էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021-ին Վայքում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարում.

«Դո՛ւք, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, կարմիր գիծն անցել եք, ինչը նշանակում է, որ կապույտ չագուճը առաջինը ձեր գլխին է ջարդվելու»:

Բռնության կոչից բացի, ՔՊ-ականները հենց բռնություն են գործադրել ու մնացել անպատիժ. «Պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, որը  ԱԺ դահլիճում բռնություն է կիրառել մեկ այլ պատգամավորի նկատմամբ, ասում է հետեւյալը՝ մենք երբ ուզենք, կծեծենք, երբ չենք ուզի՝ չենք ծեծի ընդդիմադիր պատգամավորներին: Հովիկ Աղազարյանը, որը բռնություն է գործադրել կարտոֆիլ վաճառողի նկատմամբ, նաեւ ասում է՝ եթե ընդդիմադիր պատգամավորները խելոք մնան, իրենց չենք ծեծի, եթե խելոք  չմնան, կծեծենք: Այսինքն, իրենց գործիքակազմը ֆիզիկական բռնությունն է եւ դա հայեցողական կիրառման հնարավորություն իրենք ունեն, ազատ արտահայտում են դրա մասին ու դա ոչ մի ձեւով պատասխանատվության չի ենթարկվում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թուրք են քպականները`
    «Դիակների 70%-ը գլխատված էին. Այն դեպքերում, երբ գլուխ է եղել, հիմնականում ականջներ չեն եղել. զոհված հերոսի հայր» https://www.aravot.am/2023/11/13/1382273/

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930