«Գետնին, որտեղ ընկած էին զոհված զինվորների մարմինները, հետքեր կային։ Ծնողներից մեկն այդ հատվածում հայտնաբերել է որդու մազերը։
Հայտնաբերվել է նաև այլ զինվորներին պատկանող բաճկոն, գոտի և Աստվածաշունչ։ Այդ տարածքից էլ հող ենք հավաքել, բերել ենք մեզ հետ, որ դիակները չգտնելու դեպքում, գոնե թաղելու բան ունենանք՝ նրանց արյունով թաթախված հողը»,- այս մասին պատմել է Ցորի խմբի զոհված զինծառայողներից Ռ.Պ-ի ազգականը, որը նախքան տղաների որոնողական աշխատանքներին մասնակցելը ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տեսել էր ադրբեջանցիների նկարահանած երեք տեսանյութերը, որտեղ հենց Ցորի տղաների մարմիններն էին երեւում: Ռ.Պ.-ի աջ ձեռքը հարազատները ճանաչել են, քանի որ այն երևում էր նույն դիրքում, ինչ ադրբեջանցիների տարածած տեսանյութում, երբ նա ընկած էր գետնին։
Հիշեցնենք, որ Ցորի խմբի տղաները 2020 թվականի հոկտեմբերի 12-ին Վարանդայի (Ֆիզուլի) «Ջուվարլու» կոչվող տեղանքում հայտնվել էին շրջափակման մեջ դիվերսիոն խմբի կողմից։ Արդյունքում խմբի 20 հայ զինծառայողներ զոհվել են մարտերում:
Ըստ Ռ.Պ-ի ազգականի՝ ադրբեջանցիները տեսանյութերից մեկը նկարել են գիշերը՝ հայ զինվորներին սպանելուց հետո։ Վկան տեսագրությունը տեսել է 2020 թվականի հոկտեմբերի 21-ին: Ըստ նրա՝ տեսանյութում Ռ.Պ.-ի գանգը ուռել էր։ Զոհված հերոսի մասունքները վկան և նրա ընտանիքի անդամները միայն ԴՆԹ անալիզով նույնականացման արդյունքում են ճանաչել: Նա պատմել է, որ տեսանյութերից մեկում զոհված զինվորների ականջները կտրված էին. «Մենք դժոխքի միջով ենք անցել: Երբ հետ եմ նայում, չեմ հավատում այդ ամենին»։
Կարդացեք նաև
2021 թվականի ապրիլի 2-ին խմբի այլ տղաների այլ հարազատների հետ վկան որոնողական աշխատանքների նպատակով գտնվել է Արցախում՝ Ջուվարլուում։ Նրանց ուղեկցել են ԿԽՄԿ-ն և ադրբեջանական կողմը։
Վկան պատմել է. «2021 թվականի նոյեմբերի 2-ին Ադրբեջանը վերադարձրեց հայ զինվորների աճյունները։ Արցախից Գորիս է տեղափոխվել 11 սպիտակ պարկ։
Այնուհետև այդ պարկերը տեղափոխվել են Երևան, Հերացու դիահերձարան։ Այդ պարկերում կար կոտրված գանգ։ Մեկ այլ գանգ կար։ Մեկ մարմինը կիսով չափ կտրված էր, բացակայում էր գոտկատեղից վեր հատվածը։ Կոտրված ոսկոր կար։ Այրված ոսկոր կար և այլն։ Եթե ադրբեջանցիները հավաքել են զինվորների դիակները և թաղել, ինչո՞ւ մնացած մասունքները մեզ չեն վերադարձրել»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ