Լրահոս
Օրվա լրահոսը

Դիակների 70%-ը գլխատված էին. Այն դեպքերում, երբ գլուխ է եղել, հիմնականում ականջներ չեն եղել. զոհված հերոսի հայր

Նոյեմբեր 13,2023 21:55

«Հայկական կողմին է հանձնվել մոտ 1500 դի՝ մոտ 2000 աճյուն։ Ես տեսել եմ նրանցից յուրաքանչյուրը:  Դիակների 70%-ը գլխատված էին։ Այն դեպքերում, երբ գլուխ է եղել, հիմնականում ականջներ չեն եղել, ուստի, ամեն դեպքում մարմիններն անդամահատված են եղել։ Այս երևույթը ակնհայտ էր նաև այն դիակների մոտ, որոնք ադրբեջանական կողմը պահել էր սառցարաններում և հանձնել հայկական կողմին»,- այս մասին պատմել է Ցորի խմբի զոհված զինծառայողներից Ա.Մ-ի հայրը, որը մասնակցել է ոչ միայն որդու և նրա ընկերների, այլ նաև այլ զինվորների որոնողական աշխատանքներին։ Ա.Մ-ի հոր հարցաքննությունը տեղ է  գտել նաեւ Ճշմարտության և Արդարադատության կենտրոնի հրապարակած Ադրբեջանի կողմից հայ զինվորների դիակների պղծման դեպքերի վերաբերյալ զեկույցում:

Հիշեցնենք, որ Ցորի խմբի տղաները 2020 թվականի հոկտեմբերի 12-ին Վարանդայի (Ֆիզուլի) «Ջուվարլու» կոչվող տեղանքում հայտնվել էին շրջափակման մեջ դիվերսիոն խմբի կողմից։ Արդյունքում խմբի 20 հայ զինծառայողներ զոհվել են մարտերում:

Ա. Մ.-ի հայրը պատմել է, որ ադրբեջանցի սպաները հայկական կողմին թույլատրել են կատարել Ցոր խմբի որոնողական աշխատանքները իրենցից 10 մետրից ոչ հեռու։ Երբեմն դա կարող էր լինել մինչև 50 մետր. «Երբեմն ադրբեջանցի սպան կարող էր հրամայել իր զինվորներին մնալ ասֆալտին, քանի որ նրանց կոշիկները ցեխոտվում էին։ Սա նշանակում էր, որ որոնողական աշխատանքները անհնարին էր իրականացնել խիստ սահմանափակ տարածքից դուրս: Արդյունքում, այդ օրվա որոնողական ջանքերը լիովին անիմաստ էին դառնում»:

Զոհված հերոս Ա.Մ-ի հայրը ասել է, որ ադրբեջանցիները որոնողական աշխատանքներին խոչընդոտել են։ Խիստ ժամկետներ են եղել՝ բոլոր որոնողական աշխատանքները կարող էին իրականացվել մինչև ժամը 17։00-ը։ Չնայած դրան՝  շատ դեպքերում որոնողական խմբերին թույլատրվում էր մուտք գործել որոշակի տարածք ժամը 16-ից ոչ շուտ, ինչը բավարար չէր՝ որոնողական աշխատանքները պատշաճ կերպով իրականացնելու համար։ Շատ հազվադեպ են ադրբեջանցիները թույլ տվել որոնողական խմբերին ժամը 14-ի սահմաններում մտնել տարածք։ Ավելի ուշ ռուս խաղաղապահների հետ բանակցությունների արդյունքում՝ ԱԻՆ-ի միջոցով, ադրբեջանական կողմը հայկական կողմին թույլատրել է ուղեկցել մեքենայով, որպեսզի դիակները դուրս բերեն, կամ երկու ուղղությամբ որոնողական աշխատանքներ կատարեն։

«Ադրբեջանական կողմը թույլ է տվել, որ որոնողական աշխատանքներ կատարվեն 2-ից 3 օրով, հետո կարող էին հանկարծ 1 շաբաթով արգելել որոնողական աշխատանքները, կամ հետաձգել 15 օրով։ Թեև հրադադարից հետո կողմերի միջև ձեռք է բերվել  պայմանավորվածություն՝ դիակները փոխանակելու «բոլորը բոլորի դիմաց»  սկզբունքով, սակայն ադրբեջանական կողմը ստեղծել է բազմաթիվ խոչընդոտներ։

Ադրբեջանցիներն ամեն ինչ արեցին ցավ պատճառելու, ամեն ինչ հետաձգելու համար… Մեզ թույլ չէին տալիս տարբեր պատճառներով կամ առանց որևէ պատճառաբանության որոնումներ անել։ Չես կարող գնալ, ասում էին, և վերջ…»,- պատմել է Ա. Մ-ի հայրը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930