«Մենք պետք է աչալուրջ լինենք Հայաստանի ներքին և արտաքին ապակայունացման ցանկացած փորձի նկատմամբ»,- ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Նշենք, որ այսօր ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման թեմաներից մեկը հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցն էր, մյուս երկուսը՝ Ուկրաինայի խնդիրն ու իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը։
Ժոզեպ Բորելն ընդգծեց՝ մեր ուղերձն Ադրբեջանին հստակ էր՝ ՀՀ-ի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում մեզ համար անընդունելի է և կունենա խիստ հետևանքներ մեր և Ադրբեջանի հարաբերությունների վրա։
ԵՄ բարձր ներկայացուցիչն ասաց՝ հորդորում են ՀՀ-ին և Ադրբեջանին վերադառնալ բանակցություններին։
Կարդացեք նաև
Ժոզեպ Բորելը, հիշեցնելով, որ քննարկվում է ՀՀ-ի հետ համագործակցության ավելի ընդլայնումն ու սերտացումը, նշեց․ «Մենք պետք է աջակցենք ՀՀ-ի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին, երկրի կայունությանը, անվտանգությանն ու բարեփոխումների շարունակականությանը։ Մենք որոշել ենք ընդլայնել մեր առաքելությունը Հայաստանում՝ ավելի շատ ծառայություններ, ավելի շատ դիտորդներ սահմանի զգայուն հատվածներում»։ ԵՄ բարձր ներկայացուցիչն ասաց նաև, որ փորձում են տարբերակներ մշակել Հայաստանի հետ վիզաների ազատականացման հարցով։ Նաև տեղեկացրեց՝ նախատեսում են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հրավիրել ԵՄ ԱԳ նախարարների հաջորդ կամ առաջիկա խորհրդի նիստերից մեկին։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ