Լրահոս
Օրվա լրահոսը

Ցորի խմբի տղաներից մեկի մարմնի վրա կար 2 սուր գործիքի վնասվածք…ավելի ուշ, երբ հայկական կողմին թույլ են տվել մտնել այդ տարածք, այնտեղ հայտնաբերել են լոմը

Նոյեմբեր 13,2023 20:52

Ճշմարտության և Արդարադատության կենտրոնի հրապարակած 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից հայ զինվորների դիակների պղծման դեպքերի վերաբերյալ  զեկույցում կան նաեւ Արցախի ՊԲ N զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի (Ցորի խմբի) մահացած զինծառայողների ծնողների հարցաքննություններ:

Հիշեցնենք, որ Ցորի խմբի տղաները 2020 թվականի հոկտեմբերի 12-ին Վարանդայի (Ֆիզուլի) «Ջուվարլու» կոչվող տեղանքում հայտնվել էին շրջափակման մեջ դիվերսիոն խմբի կողմից։ Արդյունքում խմբի 20 հայ զինծառայողներ զոհվել են մարտերում:

2019 թվականին բանակ զորակոչված Դ-20 հրետանային դիվիզիոնի (Ցորի խմբի) զինծառայող Ա.Մ-ի հայրը, որը խմբի տղաների մահվան դեպքով ճանաչվել է վկա, պատմել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց պատերազմը, ինքը գրանցվեց զինված ուժերում և սեպտեմբերի 28-ին հասավ Արցախ, սակայն տարիքի պատճառով չզորակոչվեց։ Ստեփանակերտում գտնվելու ժամանակ նա անընդհատ անօդաչու թռչող սարքեր է տեսել, որոնք ուսումնասիրում էին տեղանքը, իսկ հետո հրթիռային հարվածներ էին հասցնում։ Նա պատերազմի ժամանակ ականատես է եղել Ստեփանակերտի, Շոշ գյուղի և այդ շրջաններում տեղակայված հիվանդանոցների, ինչպես նաև այլ քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծություններին։

Ա.Մ-ի հայրը պատմել է, որ իր երկրորդ որդին նույնպես կամավորագրվել է զինվորական ծառայության, սակայն ո՛չ ինքը, ո՛չ որդին չեն հանդիպել Ա.Մ.-ին պատերազմի ժամանակ։ Վկան նրա մասին տեղեկություն չի ունեցել մինչև 2020 թվականի հոկտեմբերի 8-ը։ Վերջին անգամ որդու հետ խոսել է 2020 թվականի հոկտեմբերի 10-ին, երբ նա և այլ հրետանավորներ տեղափոխվել են Ջուվարլու կոչվող բնակավայր։

Որոնողական աշխատանքները սկսվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի պայմանավորվածությունից հետո։ Վկան վերցրել է որդու զորամասի բոլոր անհետ կորած 21 զինծառայողների ցուցակը՝ որոնողական աշխատանքները կատարելու նպատակով։

Ա. Մ-ի հայրը Ցորի խմբի տղաներին առնչվող երկու տեսանյութ է տեսել ադրբեջանական Telegram ալիքներում։ 2020 թվականի դեկտեմբերի 15-ին տեսել է գիշերվա ընթացքում նկարահանված առաջին տեսագրությունը։ Տեսանյութում վկան ճանաչել է գործով անցնող մեկ այլ վկայի որդուն։ Նա նաև կասկածել է, որ դիերից մեկը Գ.Բ. -ինն է, ավելի ուշ հաստատվել է, որ նա է։ Գ.Բ. կողքից խրված էր բութ գործիք: Զոհերի մարմինները տեսանելի էին, բայց դեմքերը պարզ չէին մթության պատճառով։ Երկու օր անց վկան տեսել է ցերեկվա ժամերին նկարահանված մյուս տեսանյութը, որտեղ 11 դի է երևում։ Նրանք արդեն ուռչել էին, դեմքերը դեֆորմացված էին, բայց երևում էին համազգեստներն ու մարմինները։ Մարմինները խոշտանգումների էին ենթարկվել։ Վկան նշում է, որ զինվորները զոհվել են ոչ ռմբակոծությունից, և հնարավոր չէ, որ դիերը մասնատված լինեին։ Վկայի խոսքով՝ կա՛մ խոշտանգումները կատարվել են մահից առաջ, կա՛մ ոմանց սպանել են, հետո դիակները պղծել:

Նա պատմել է, որ անձամբ մասնակցել է մի շարք որոնողական աշխատանքների։ Առաջին անգամ Ադրբեջանը հայկական կողմին թույլ է տվել որոնողական աշխատանքներ իրականացնել Ջուվարլուի տեղանքում 2020 թվականի դեկտեմբերի 1-ին, երբ հայտնաբերվել է Ցորի խմբի 6 զինվորի դի (Գ.Բ., Ա.Ա., Գ.Ա., Ն.Բ., Լ.Գ., Վ.Հ): Զինվորներից միայն մեկի (Գ. Բ.) մարմինն էր որոշակիորեն ամբողջական։

Մնացած հինգ զինվորների մարմինները մասնատված էին, հայտնաբերվել էին միայն գանգ և մի քանի ոսկորներ: Ն.Բ.-ի ձեռքերն են հայտնաբերվել, իսկ Լ.Գ.-ինը՝ միայն ծնոտը և կողոսկրերը, նրա մարմնի որոշ մասեր տրվել են 2021 թվականի նոյեմբերին և երկու անգամ հուղարկավորվել։

Ա.Մ-ի հայրը պատմել է, որ անձամբ տեսել է Գ.Բ.-ի մարմինը, դիակի վրա տեսանելի էին խոշտանգման հետքեր։ Նրա մարմնի վրա եղել է 2 սուր գործիքի վնասվածք, որը երեւում էր նաև տեսանյութում։ Ավելի ուշ՝ ապրիլին, երբ հայկական կողմին կրկին թույլ են տվել մտնել այդ տարածք, այնտեղ հայտնաբերել են լոմը։

2020 թվականի դեկտեմբերի կեսերին հայկական կողմը հայտնաբերել էր ևս երկու դի, որոնք ամբողջական էին: Վ.Ա.-ի գանգը ջախջախվել էր: Վկան պատմել է, ոչ զննել են տարածքը 1,5-2 կմ շառավղով, և այդ հատվածում հարյուրավոր փոսեր կային. «Եթե ադրբեջանական կողմը թաղեր դրանք, ապա կօգտագործեր այդ փոսերից մեկը, բայց հետո պարզվեց, որ դիակները տարվել են: Մենք փորձում էինք նորից փորել նրանց հին խրամատները, կամ նոր փորված խրամատները՝ հուսալով, որ գուցե այնտեղ գտնենք։ Ես կասկածում էի, որ դիակները վերցվել են ադրբեջանական կողմի վայրագությունները կոծկելու համար։ Հնարավոր էր, որ նրանցից ոմանք վիրավորված վիճակում գերեվարվել էին, մենք չգիտեինք: Փաստն այն է, որ բոլոր դիակները հավաքվել էին։ Ադրբեջանցիներն ամեն դաժանության ընդունակ են»:

Որոնողական աշխատանքներից մեկի ժամանակ մեկ այլ վկայի քրոջորդու վերնահագուստի զննման ժամանակ գրպանում հայտնաբերել են հեռախոսը։ Ադրբեջանցի սպաները վերցրել են հեռախոսն ու հետ չեն տվել։ Որոշ բանակցություններից հետո մի քանի օր անց նրանք կարողացան ստանալ միայն SIM քարտ: Վկաներից մեկի պատմելով, ողջ որոնողական աշխատանքների ընթացքում իրենք մշտապես գտնվել են ադրբեջանական զինուժի հսկողության տակ: Կատարված բոլոր որոնողական աշխատանքներից հետո 11 դի անհետ կորած է մնացել։ 13 ամիս անց՝ 2021 թվականի նոյեմբերի 2- ին, ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահների միջոցով վերադարձրել է արտաշիրիմված «մարմիններ»։

Հայկական կողմը հանդիպել է ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար գեներալ Մուրադովին, իսկ ավելի ուշ՝ ՌԴ ԱԱԾ գեներալ Եգորովին։ Օրեր անց 11 անհետ կորած զինվորների մարմինները վերադարձվել են։ Ա.Մ-ի հայրը պատմել է. «Ադրբեջանը շատ լավ գիտեր, թե որտեղ են և ովքեր են Ցոր խմբի զինվորները, քանի որ վերադարձված աճյունների մեջ այլ մարդկանց մասունքներ չեն հայտնաբերվել։ Այսինքն՝ 13 ամիս, ադրբեջանական կողմը, ի սկզբանե գիտեր, թե որտեղ են մեր երեխաների դիերը, նրանք գիտեին, բայց հետ չէին տալիս։ Երևի բացատրեն պատճառը… մի օր»:

Վկան պատմել է նաեւ, որ զոհվածների մասունքները շատ տարբեր էին։ Ընդամենը 3 գանգ կար։ Մեկը իր տղայինն էր, որը մասնատված էր, մյուսը՝ Ն.Օ.-ինն էր, նաև Լ.Գ.-ի գանգի որոշ հատվածներ կային։ Ձախ ոտքի ստորին հատվածը և իր տղայի մի քանի կողերը բացակայում էին, մի ձեռքն առանձնացված էր՝ այլ պայուսակի մեջ։

«Մարդը բախտ պետք է ունենա, եթե մահից հետո գտնվի նրա մարմինը, նույնիսկ ավելի բախտավոր, եթե ժամանակին գտնվի։ Սա է այսօրվա Հայաստանի իրականությունը»,- եզրափակել է իր վկայությունը Ա.Մ-ի հայրը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930