«Գլխավոր խնդիրը հասկանալն է, թե ի՞նչ ծավալի մասին է խոսքը եւ Հայաստանի ու Ֆրանսիայի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության ընդհանուր փաթեթն ի՞նչ է ենթադրում։ Եթե ավելի կոպիտ ասեմ՝ եթե դա սահմանափակվում է միայն զրահապատ մեքենաների, մի քանի տեղորոշիչ ռադարների եւ մի քանի միավոր սպառազինությամբ, ապա բնական է, որ դա չի կարող որեւէ լուրջ խնդիր ապահովել։ Այլ բան է, որ ռազմատեխնիկական համագործակցության դետալները, որպես կանոն, մանրամասնություններով չեն ներկայացվում՝ ոչ քանակի, ոչ ծավալի առումով, եւ դժվար է ասել, թե այս պահին ինչո՞վ, ինչին կարելի է փոխարինել»,- այսօր «դիզվառելիքի» գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է Ֆրանսիայի կողմից Հայաստանին տրամադրվելիք զենքն Ադրբեջանում այդքան աղմուկ բարձրացրել:
Ադրբեջանի հռետորաբանությունը, պատգամավորը ինչ-որ առումով նորմալ է համարում, ու նկատում է, որ անկախ ամեն ինչից՝ ՀՀ անվտանգության համակարգում արագ վերականգնողական աշխատանքների եւ հագեցվածության մեծ խնդիր կա, որը պետք է ապահովել: Այս ամենում Տիգրան Աբրահամյանը ամենակարեւոր խնդիրներից է համարում մարդկային գործոնը՝ սկսած համապատասխան անձնակազմերի վերապատրաստումներից մինչեւ ԶՈւ-ի հաստիքացուցակով նախատեսված զինծառայողների ապահովմամբ։
Խոսելով Հայաստանի անվտանգային համակարգերի մասին, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Այն, ինչը մենք տեսնում ենք այս 5,5 տարվա ընթացքում, դա ամբողջական առումով ոչ մի հստակ ուղղություն չի մատնանշում։ Այս համատեքստում շատ է խոսվում արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին, բայց նույնիսկ, եթե արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխություն իրականացվում էլ է կամ կոնկրետ ուղղությամբ, կոնկրետ քայլեր իրականացվում էլ են, ապա այդ պարագայում պետք է հաշվի առնեն, թե կոնկրետ ո՞ւր են գնում, ի՞նչ հաշվարկով եւ ի՞նչ կա դրա տրամաբանության ներքո։ Այս պարագայում Հայաստանը 5,5 տարվա ընթացքում գնում է միայն անդունդ, անորոշություն ու անկանխատեսելիության դաշտ»:
Այլ մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ