Քննարկման հիմք է դարձել բարեգործության ոլորտում բարեփոխումների քաղաքականության մասին ՀԿ-ների կողմից հանձնաժողով ներկայացրած փաստաթուղթը, որտեղ մատնանշված են ոլորտի խնդիրներն ու ներկայացվել են մի շարք առաջարկություններ. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանը՝ իր նախաձեռնությամբ նոյեմբերի 13-ին տեղի ունեցած՝ բարեգործության ոլորտի բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ:
Քննարկմանը մասնակցել են ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Գայանե Եղիազարյանը, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի, բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչներ, Հայկական կարմիր խաչ ընկերության աշխատակիցներ:
Քննարկման մասնակիցների հավաստմամբ բարեգործությունն այն ոլորտն է, որն անհրաժեշտ է բոլորին: Կարեւորվել է Հայաստանում բարեգործության մշակույթի ձեւավորման եւ զարգացման, պետություն-բարեգործական կազմակերպություն, պետություն-անհատ բարեգործ փոխգործակցության, բարեգործության իրականացման թափանցիկության անհրաժեշտությունը: Առաջարկվել է պետություն-ՀԿ համագործակցության շնորհիվ բարեփոխել ՀՀ-ում «Բարեգործության մասին» օրենքը եւ համապատասխանեցնել այն ժամանակակից պահանջներին:
Մասնավորապես առաջարկվում է ձեւավորել համատեղ գործընկերության հարթակ բարեգործության համալիր բարեփոխումներ իրականացնելու համար: Առաջարկվել է նաեւ պարզեցնել «Ծրագրերը՝ որպես բարեգործական» ճանաչելու նպատակով ներկայացված դիմումների ուսումնասիրման ընթացակարգը, ներդնել բարեգործական կազմակերպության որակավորման համակարգ, վերանայել օրենքով սահմանված ծախսեր/նվիրատվություններ հարաբերակցության 20/80 տոկոսի շեմը, որը գործնականում ստեղծում է անհարմարություններ եւ չի համապատասխանում բարեգործությամբ զբաղվող ՀԿ-երի ֆունկցիոնալ գործունեության ներկա պահանջներին:
Կարդացեք նաև
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը կարեւոր է համարել հասարակական կազմակերպությունների հետաքրքրվածությունն ու նպատակադրված լինելը ոլորտում առկա խնդիրների լուծման առնչությամբ:
Պատգամավոր Զարուհի Բաթոյանի հավաստմամբ ոլորտում առկա են խնդիրներ, եւ Կառավարությունն ամեն ինչ անում է դրանց լուծում տալու ուղղությամբ:
Նշվել է, որ առաջիկայում Ֆինանսների նախարարությունը հստակ կսահմանազատի եւ կտարանջատի «բարեգործական դրամաշնորհներ», «ծառայությունների մատուցում» հասկացությունները:
ՀԿ-ները նաեւ կարեւոր են համարել բարեգործությանը հարկային արտոնությունների տրամադրումը, ինչպես նաեւ օրենսդրորեն թույլատրել կազմակերպություններին իրականացնել բարեգործություն: Շեշտադրվել է նաեւ ճգնաժամային իրավիճակներում բարեգործության արագ արձագանքման գործիքակազմի ներդրման կարեւորությունը:
Նշվել է նաեւ բարեգործության անվան տակ զեղծարարությունների անթույլատրելիությունը, ընդգծվել է դրանց դեմ պայքարի խստացումն ու բարեգործության նկատմամբ վստահության բարձրացումը:
Նշվել է, որ բարեգործության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ քննարկումները շարունակական են:
ՀՀ Ազգային ժողով