Կապանի թիվ 6 դպրոցի 4-րդ դասարանի աշակերտ Տիգրան Նավասարդյանը շատ երազանքներ ունի․ նա երազում է գիտնական դառնալ, որպեսզի անհրաժեշտ սարքեր նախագծի բոլոր կարիքավորների համար։ Տեսողության հետ կապված խնդիրներ ունեցող Տիգրանին, երբ ծնողները դպրոց են բերել՝ ասել են, առաջին դասարանն ավարտելուց հետո տեղափոխելու են Երեւան՝ հատուկ դպրոց։ Ուսումնական տարվա վերջին դպրոցի տնօրեն Մարինե Դավթյանը հանդիպում է Տիգրանի ծնողներին։
«Բոլորիս հասկանալի է, թե մայրաքաղաք բնակության տեղափոխվելով՝ ինչ սոցիալական խնդիրների առաջ կկանգներ ընտանիքը։ Տիգրանն յուրահատուկ ակտիվ երեխա է, ծնողներին առաջարկեցի՝ որ Տիգրանը կարող է շարունակել ուսումը հենց մեր դպրոցում, ներառական կրթական ծրագրի շրջանակում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մարինե Դավթյանը։
9-ամյա Տիգրանն ուրախությամբ համաձայնվեց հանդիպել մեզ, բայց ցանկացել էր առանձին զրուցել, որ մտքերը կարողանա շարադրել։ Եղբոր անունը Դավիթ է, 5 տարեկան։ Դասարանում 30 աշակերտ կա։ Դպրոցական առարկաներից մայրենին է սիրում, անգլերենը շախմատը, մաթեմատիկան, երաժշտությունը։ Երաժշտական դպրոց է գնում, դաշնամուր է նվագում, երգչախմբի պարապմունքներին է մասնակցում։ «Դպրոցում եմ էլ գերազանցիկ եմ սովորում, հասցնում եմ ամեն ինչ»,-ասում է Տիգրանն ու մեր խնդրանքով մի փոքրիկ հատված երգում։
Կարդացեք նաև
Տիգրանի երազանքներից մեկն անցած շաբաթ կատարվեց․ նա ունեցավ բրայլյան գրատիպով տպագրված դասագրքեր ու այսուհետ ինքնուրույն է սովորելու դասերը։ «Առաջ մաման կարդում էր, ինձ սովորեցնում, անգիր էի անում կամ թելադրում՝ գրում էի, սովորում»,-պատմում է Տիգրանը։
Երկրորդ դասարանում սկսեց սովորել նաեւ բրայլյան այբուբենը։ Նրան ուսուցման հարցում օգնեց հատուկ մանկավարժ Լիա Հարությունյանը։ «Տետրերն էլ է ընկեր Լիան բերել»,-ասում է Տիգրանն ու շարունակում․«Դպրոցի տնօրեն ընկեր Դավթյանը դիմեց նախարարին, նախարարն էլ գրքերն ուղարկեց, որ ես ավելի հեշտ սովորեմ»։
Տիգրանին խնդրում ենք որեւէ բան կարդալ։ Մայրենիի դասագիրքն է բացում, երկար փնտրտուքներից հետո ընտրում է «Մոր ժպիտ»-ը։
«Շնորհակալ ենք կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին՝ արագ արձագանքելու եւ դասագրքերը դպրոց ուղարկելու համար։ Դպրոցը չէր կարող իր միջոցներով ձեռք բերել դրանք, կարեւորը կատարվեց երկար սպասված փափագը։ Համոզված եմ՝ Տիգրանը կսովորի նորովի բացահայտել աշխարհն ու երեւույթները, նոր գույներով երանգավորել իր շրջապատը, սպիտակ թղթի վրա հեքիաթներ կնկարի, ու ինչո՞ւ չէ, կսովորեցնի մեզ տեսնել շուրջբոլորն ու իր յուրահատուկ աշխարհը»,-ասում է տնօրեն Մարինե Դավթյանը՝ ստանալով Տիգրանի համաձայնությունը։
Հրաժեշտից առաջ Տիգրանի դասվար Լուսինե Ավանեսյանն է հիշեցնում՝ բա չտեսաք Տիգրանն ինչպե՞ս է գրում։ Ու նորից Տիգրանը մոր մասին է գրում եւ կարդում։ «Իմ մայրիկը սիրուն է»,-հպարտությամբ ու ժպիտով իր գրածն է բարձրաձայնում 9-ամյա ապագա գիտնական Տիգրան Նավասարդյանը․․․
Տիգրանի հետ զրուցելը, լուսանկարելն եւ տեսաձայնագրելը համաձայնեցված է նրա ծնողների հետ:
Արմեն ԴԱՎԹՅԱՆ