Լրահոս
Օրվա լրահոսը

Ցորի խմբի՝ հրաշքով փրկված զինծառայողը պատմել է՝ ինչպես են ադրբեջանցիները բարձունքից իջել ու վերացրել իրենց դիվիզիոնի գրեթե ողջ կազմը

Նոյեմբեր 13,2023 19:20

Ճշմարտության և Արդարադատության կենտրոնը հրապարակել է 2020 թվականին 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից հայ զինվորների դիակների պղծման դեպքերի վերաբերյալ զեկույց։

Զեկույցն անդրադարձել է Արցախի ՊԲ N զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի (Ցորի խմբի) զինծառայողներին:

Հիշեցնենք, որ նրանք 2020 թվականի հոկտեմբերի 12-ին Վարանդայի (Ֆիզուլի) «Ջուվարլու» կոչվող տեղանքում հայտնվել էին շրջափակման մեջ դիվերսիոն խմբի կողմից։ Արդյունքում խմբի 20 հայ զինծառայողներ զոհվել են մարտերում:

Զեկույցում կան նաեւ խմբի տղաներից հրաշքով փրկվածների հարցաքննություններ: Ըստ այդմ՝ 2023 թվականի հունիսի 23-ին 2000 թվականին Հայաստանի Հանրապետությունում ծնված մի վկա պատմել է, որ 2019 թվականի հունվարին էր զորակոչվել բանակ՝ որպես ժամկետային զինծառայող, ծառայում էր Ցոր զորամասում՝ Դ-20 հրետանային դիվիզիոնի կազմում։ Նա պատմել է, որ ռազմական գործողությունների ընթացքում մոտ 30 անձնակազմից բաղկացած Դ-20 հրետանային դիվիզիոնը տեղակայվել է Ասկերան քաղաքի մերձակա շրջաններից մեկում, իսկ ավելի ուշ՝ դիրքերում, Մարտունու շրջանի Վազգենաշեն բնակավայրի մոտ։ Վազգենաշենում հինգից վեց օր կռվելուց հետո դիվիզիան տեղակայվել է Հադրութի շրջանում։ Նրանք այնտեղ մնացել են մեկ գիշեր, հետո գործուղվել Վարանդա։ Շուրջ 5 օր Վարանդայում մնալուց և մարտական առաջադրանքները կատարելուց հետո դիվիզիան հրաման է ստացել շարժվել դեպի «Ջուվարլու» կոչվող տեղանք։

2020 թվականի հոկտեմբերի 10-ին խումբը տեղակայվել է «Ջուվարլու» կոչվող բնակավայրի մոտ։

Տարածքը, որտեղ նրանք տեղակայվել են, հիմնականում բաց դաշտ էր։

Դիվիզիոնը կրակային դիրքեր է գրավել և այնտեղ կատարել մարտական հրամաններ մինչև հոկտեմբերի 12-ը, ժամը 17:00-ի սահմաններում։ Դիվիզիոնի դիտակետը նկատել է զինված խմբի շարժը դեպի իրենց ուղղությունը։ Դա ադրբեջանական զինուժն էր՝ բաղկացած մոտ 150-200 հոգանոց անձնակազմից։ Սկսել են կրակել «Ցոր» խմբի և տեխնիկայի ուղղությամբ հրետանային զինատեսակներից և ականանետերից, ինչի հետևանքով խումբը կրել է կորուստներ և ունեցել բազմաթիվ վիրավորներ։ Վկայի պատմելով՝ ադրբեջանական բանակը իջնում էր բարձունքից, երբ իրենց ստորաբաժանումն արդեն դաշտային հատվածում էր։ Կռիվը շարունակվել է քսանից երեսուն րոպե։ Վկան տեսել է, թե ինչպես են հինգ հայեր վիրավորվել ոտքերի, մեջքի, ուսերի և ձեռքերի շրջանում։ Նրանք դաշտում էին մոտ մեկ կամ մեկուկես ժամ։

Փամփուշտները վերջանալուց հետո ավագ սպան հրամայել է մեքենան մոտեցնել վիրավոր զինվորներին տարհանելու համար։ Մինչ վկան հրաման էր կատարում, նրան հրազենային հարվածներ են հասցրել և վիրավորել։ Նա նաև ոտքից վիրավորում է ստացել մեքենային դիպված նռնակի բեկորներից։ Մեքենան փչացել է, և նա հազիվ է կարողացել մի փոքր նահանջել։ Փամփուշտների վերջանալուց հետո, կրակոցները դադարել են, նա լսել է, թե ինչպես է ադրբեջանական բանակը մոտենում զոհված հայ զինվորներին։ Վկան տեսել է թիկունքում մահացած իր ընկերներից մեկին, ով դիպուկային կրակոցով ճակատային հատվածից խոցվել է, և նրան ծածկել էին զինվորական ձմեռային վերնազգեստով։ Սա տեղի էր ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 12-ին ժամը 18:15-ի սահմաններում։ Նրանց չի հաջողվել տարհանել մահացածին:

Վկան նաեւ անդրադարձել է 2020 թվականի հոկտեմբերի 16-ին համացանցում հայտնված տեսանյութին, թե ինչպես են ադրբեջանցիները նկարահանում Ցոր խմբի զոհված զինվորներին և որոշակի խոսքեր ասում Հայաստանի վարչապետի հասցեին։ Վկան ճանաչել է տեսանյութի գրեթե բոլոր զոհերին, բացառությամբ մի քանիսի՝ տեսանյութի ցածր որակի պատճառով։

Որոշ զինծառայողներ, այդ թվում՝ վկան, կարողացել են դուրս գալ կրակային դիրքից, իսկ 20 զինծառայողներ և զորամասի հրետանու պետը մնացել են կրակային դիրքում՝ արդեն սպանված կամ ծանր վիրավորված։

Հաջորդ տարվա որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 20 զինծառայողի մասունք, իսկ հրետանային ստորաբաժանման պետը մինչ օրս համարվում է անհետ կորած։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930