ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ երբ փորձել է եղանակի տեսությանը ծանոթանալ, պարզվել է, որ Երեւանը «Արեւմտյան Ադրբեջանում» է: Аravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանից:
«Եղանակի տեսությունները տարբեր քարտեզների վրա են հիմնված, ես հիմա չգիտեմ, թե այս պարագայում ինչ ծրագրով են օգտվել, բայց պարբերաբար ադրբեջանցիներին հաջողվում է ինչ-որ մի բնակավայր, տարածք, մեծ քանակի դիմումներով ավտոմատացված համակարգին ստիպել անունը փոխել: Նման բաներ հաջողվում է իրենց անել, եւ ինչ-որ ժամանակ անց, երբ բողոքներ են լինում, նորից փոփոխությունը շտկվում է»,-ասաց տեղեկատվության անվտանգության մասնագետը:
«Ադրբեջանցիները մի քանի հարյուր հոգով ուղղորդված մտնում են, տալիս են խմբագրել ու առաջարկում են անունը փոխել: Սիստեմը ավտոմատացված փոխում է, հետո պետք է մտնել եւ հակառակը բողոքել: Սա շարունակական պրոցես է: Նույն կերպ գուգլի քարտեզում «Զանգեզուրի միջանցք» էր հայտնվել:
Իրականում դա Հայաստանի եւ Իրանի ամբողջ սահմանը չէր, ընդամենը մեկ կետ էին ավելացրել ու այդ կետի անունը դրել էին «Զանգեզուրի միջանցք»: Բայց նայողին թվում էր, թե սահմանն է այդպես վերանվանվել: Դա Հայաստանի դեմ ուղղորդված իրականացվող հոգեբանական պատերազմի մի մասն է»,-նշեց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Ըստ Սամվել Մարտիրոսյանի, լուծումներից մեկն այն է, որ մարդիկ անընդհատ դիտարկեն ու բողոքներ ներկայացնեն նման փոփոխությունների դեմ, բայց նրա ձեւակերպմամբ ամեն ինչ ավելի համակարգված կլինի, եթե պետական մոտեցում լինի. « Եթե պետական մակարդակով արվի, ամեն ինչ ավելի հեշտ կլինի, իսկ այսպես ամբողջ օրին ընկած ենք ամեն մի փոփոխության հետեւից»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Տեր է պետք…
Դուք էլ նույն կերպ վարվեք, այդ ժամանակ նրանք պոչերը կհավաքեն