Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Կառավարություն, կամ մեծ-մեծ խոսելու փոխարեն այս աղետի հաղթահարումը վերցնում ես քո վրա, կամ մենք ականատես ենք լինելու 21-րդ դարի ամենամեծ հումանիտար կատաստրոֆային արդեն Հայաստանում»

Նոյեմբեր 13,2023 18:35

Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում այսօր խոսեց բռնի տեղահանված արցախցիների, Հայաստանում նրանց սոցիալական ծանր վիճակի մասին:

«Մեկ կամ մի քանի քաղաքական գործչի ֆեյսբուքյան էջով հարցը չի լուծվելու: Պետություն, կառավարություն, կամ մեծ-մեծ խոսելու փոխարեն այս աղետի հաղթահարումը վերցնում ես քո վրա, կամ մենք ականատես ենք լինելու 21-րդ դարի ամենամեծ հումանիտար կատաստրոֆային արդեն Հայաստանում:

Սոցապ նախարար, 100 հազարական դրամների հետ կապված ինչ-որ հերոսական հայտարարություններ եք անում, թե այս ենք արել, այն ենք արել, հասկանում ե՞ք, որ մարդկանց ամեն օր հանրապետության հեռավոր մարզերից կանչելով բերում հասցնում եք սոցապ նախարարություն, գնդակի նման ուղարկում միգրացիոն ծառայություն, միգրացիոն ծառայությունը հետ է ուղարկում սոցապ նախարարություն: Մարդիկ եկել, հաշվառվել են, հարեւանից պարտք են վերցնում, որ գան նախարարություն: Դեռևս հազարավոր ընտանիքներ կան, որ այդ 100 հազարական դրամը չեն ստացել, հազարավոր ընտանիքներ կան, որ իբր կոմունալ ծախսերի փոխհատուցում 50 հազարական դրամը չեն ստացել»,- ասաց տիկին Զոհրաբյանը՝ անդրադառնալով նաեւ ընդդիմությանը:

«Գոնե ձեր գոյությունը, օգգ-ն արդարացնելու համար օրենք փոխեք, որ եթե, օրինակ, աղջիկը ամուսնացել, գնացել 50 տարի այլ տանն է ապրում, բայց իր նախատատիկը իր տան 7 քմ-ն ժառանգել է նրան, այդ կնոջ ընտանիքը զրկվում է 40 +10 հազար դրամից: Ընդդիմություն, ՔՊ-ականների հետ ձեր «վոյաժների» արանքներում արցախցիների մասով գոնե օրենսդրական կարգավորումներ բերեք: Գոտիավորեք Հայաստանը եւ Երեւանը, որ Ապարանի հեռավոր Երնջատափ գյուղում գյուղացին իր գոմը 300 հազար դրամով վարձակալության չտա:

Արդեն տասնյակ զանգեր ունեմ, որ մարդկանց հանում են տներից: Ես չեմ էլ կարող մեղադրել որեւէ մեկին: Հայաստանցին էլ ասում է. այս տունը, որ տալիս եմ վարձով, իմ ապրուստի միակ միջոցն է: Թեեւ ձեր ապրուստի միակ միջոցը կարող էիք մի քիչ տրամաբանական, մարդկային  գներով տայիք: Դա յուրաքանչյուրիդ խղճի հարցն է: Մարդիկ մինչեւ սեպտեմբերի 29-ը եկել են, շոկի մեջ: Մարդ է եղել, որ 50 ժամ ճանապարհ է եկել: Գաղթի ճանապարհին ունեցել ենք 67 զոհ եւ որեւէ մեկն այդ մասին չի խոսում: Մարդիկ իրենց վերջին գումարը հանել տվել են երկու ամսվա տան վարձ եւ արդեն դեկտեմբերից կանգնած են խնդրի առջեւ: Վարձակալները պահանջում են գումար, այդ մարդիկ տան վարձավճարը չեն կարողանալու տալ եւ իրականանալու է այս իշխանության երազանքը: Այն, ինչ իրենք ուզում էին ամեն գնով, իրենց պրոպագանդայով անել եւ հիմա էլ անում են, հրահրելու են հայաստանցի-արցախցի կոնֆլիկտը:

Երեկ ինձ ահազանգեցին: Վայոց Ձորի Եղեգիս համայնքի Սիրանույշ ճամբարում ապաստանած 12 ընտանիք, մոտավորապես 50-55 մարդ, որոնք 50 հազարը չեն ստանում, որովհետեւ ասում են, թե ճամբարում են մնում: Նրանք շնորհակալություն հայտնեցին, որ համայնքի սրբազանի ջանքերով են  կարողանում դեռեւս այդ ճամբարում մնալ: Նրանք ասացին, որ օրեր առաջ իրենց հետ հանդիպման են եկել ՔՊ-ական  ինչ-որ պատգամավորներ:

Որ այդ մարդկանց ասում եք դուրս եկեք ճամբարից եւ ինչ-որ կացարաններ եք առաջարկում, որտեղ չկա պատուհան, կոյուղի, ջուր, չկա ոչինչ, այդ մարդիկ ո՞նց են գնալու: Ձմեռվա կեսին, որ Սիրանույշ ճամբարից հանում եք, ասում, որ տարբեր հանգստյան գոտիներից մեկ-երկու ամսում հանելու եք, որովհետեւ «մեր պլյաժի սեզոնն է սկսվում», մտածում ե՞ք այդ մարդիկ ինչ են անելու, ոնց են ապրելու: Կառավարություն, ո՞վ է զբաղվում այս մարդկանց խնդիրներով: Սա աղետ է»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930