Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական իրավական կենտրոնը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում քայլեր է ձեռնարկում Ադրբեջանի «Համընդհանուր պարբերական դիտարկման» գործընթացում

Նոյեմբեր 13,2023 17:57

Հայ դատի համակարգում գործող՝ «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը» (Armenian Legal Center-ALC) տևական ժամանակահատված ակտիվորեն ներգրավված է ՄԱԿ-ի կողմից Ադրբեջանի «Համընդհանուր պարբերական դիտարկման» (UPR) գործընթացում: Համապատասխան UPR-ի ընթացակարգերին՝ ALC-ն մանրակրկիտ պատրաստել է «այլ շահագրգիռ կողմերի զեկույց»՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից հայերի, Արցախի և Հայաստանի նկատմամբ իրականացված մարդու իրավունքների խախտումների համապարփակ ամփոփումը՝ կոնկրետ առաջարկություններով: Այս զեկույցը ներկայացվել է UPR-ի քարտուղարություն՝ նպաստելով Ադրբեջանում մարդու իրավունքների ընդհանուր վիճակի պատշաճ գնահատմանը:

Վերջին 18 ամիսների ընթացքում ALC-ն համապատասխան զեկույցներ և իրավական վերլուծություններ է ներկայացրել ՄԱԿ-ի տարբեր մարմիններին, այդ թվում՝ Մարդու իրավունքների տարբեր դաշնագրերի մարմիններին, անկախ փորձագետներին, հատուկ զեկուցողներին և աշխատանքային խմբերին: ALC-ն նաև համագործակցել է միջազգային հասարակական կազմակերպությունների հետ, որոնք կենտրոնացած են մարդու իրավունքների վրա՝ նրանց տրամադրելով զեկույցներ և տվյալներ՝ ընդգծելու խախտումների լրջությունը և Ադրբեջանին, իր գործողությունների համար, պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը: ALC-ի կողմից պատրաստված նյութերի ազդեցությունն ակնհայտ է ՄԱԿ-ի «Շահագրգիռ կողմերի տեղեկատվական զեկույցում», որտեղ տեղ են գտել ALC-ի պատկերացումները:

Բացի այդ, ALC-ն աջակցել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի տարածաշրջանային գրասենյակներին՝ համապատասխան զեկույցներ ներկայացնելու UPR քարտուղարությանը և պաշտպանելու հայերի իրավունքներն իրենց երկրների արտաքին գործերի նախարարություններում, որոնք նույնպես մասնակցում են Ադրբեջանի UPR-ի վերաբերյալ աշխատանքային խմբի քննարկումներին: Աշխատանքի այս ընթացակարգը ենթադրում էր հարցումների և կոնկրետ առաջարկությունների ներկայացում՝ նպատակ ունենալով երաշխավորել, որ Ադրբեջանը պատասխանատվություն կկրի միջազգային մարդասիրական իրավունքի և Մարդու իրավունքների խախտումների համար:

Շարունակելով իր հանձնառությունը՝ ALC-ն ակտիվորեն մասնակցում է Ադրբեջանի UPR-ի աշխատանքային խմբի նիստերին, որոնք նախատեսված են 2023 թվականի նոյեմբերի 14-ին և 17-ին, Ժնևում՝ Մարդու իրավունքների խորհրդում:

Ավելին՝ ALC-ն նոյեմբերի 14-ին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Խորհրդի նստավայրում մասնակցելու է Հայ օգնության միության կողմից կազմակերպված տեղեկատվական միջոցառմանը, որը կրում է «Արցախի վերականգնման ճանապարհը. Ադրբեջանին պատասխանատվության ենթարկում» խորագիրը: Այս միջոցառումը, որն անցկացվում է Ադրբեջանի համար UPR գործընթացին զուգահեռ, նպատակ ունի խթանել փորձագետների, պետական ​​պատվիրակությունների, շահագրգիռ կողմերի և փաստաբանների միջև քննարկումները մարդու իրավունքների մարտահրավերների ու հաշվետվողականության հնարավորությունների վերաբերյալ՝ Արցախում բռնի տեղահանման ողբերգական իրադարձությունների լույսի ներքո: Այս առումով ALC-ն օգտագործելու է իր փորձը ցեղասպանության, էթնիկական զտումների և բռնի տեղահանման հանցագործությունների իրավական հետապնդման գործում:

Վերջին իրադարձությունների համատեքստում ALC-ն միջազգային հանրությանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ ՝ մարդկության նկատմամբ իր վերջին հանցագործությունների համար: Հիմնական առաջարկությունները ներառում են Արցախի կալանավորված առաջնորդների և ռազմագերիների հրատապ ազատ արձակումը` ապահովելով նրանց անվտանգ վերադարձն իրենց ընտանիքներ: Շեշտը դրվում է նաև արցախահայության՝ տուն վերադառնալու և խաղաղ ու ապահով ապրելու հիմնարար իրավունքի, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն ինքնորոշման իրավունքի վերահաստատման վրա։

ALC-ն կոչ է անում անհապաղ մարդասիրական օգնություն տրամադրել տեղահանված հայերին, հաստատել տեղահանված արցախցիների գույքային պահանջների արդարացի գործընթաց, միջազգային մոնիտորինգի միջոցով ապահովել տարածաշրջանում մշակութային ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը և խրախուսել դիվանագիտական ​​ջանքերը՝ ապահովելու Արցախի հայության իրավունքները։

Վերջապես, ALC-ն վճռականորեն կոչ է անում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ հակամարտության ընթացքում միջազգային իրավունքի խախտման և մարդու իրավունքների ոտնահարման համար՝ ընդգծելով արդարության կարևորությունը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում:

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930