Տիգրանաշենի բնակչությունը չի քննարկում համայնքը որպես «անկլավ» հանձնելու հարցը, գյուղում խուճապ չկա։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց Արարատի մարզի Պարույր Սեւակ գյուղի համայնքապետարանի աշխատակից Արտակ Ասատրյանը։
Նշենք, որ Տիգրանաշենը միավորված է Պարույր Սևակ համայնքին՝ ոչ թե որպես վարչական միավոր, այլ Պարույր Սևակի մի թաղամաս է համարվում։ Պարույր Սեւակն ու Տիգրանաշենը ներառված են Արարատ խոշորացված համայնքի կազմում։
«Բնակչությունը չի ուզում հավատալ, որ այդպիսի հանգուցալուծման կհասնեն բանակցությունների ընթացքում։ Հազար տեսակի հարցեր են առաջանալու, որոնք պատասխանը դեռ ոչ ոք չգիտի։ Մենք դեռ ինֆորմացիա չունենք, որ այս կամ այն հարցով համաձայնության են եկել։ Ես շփվում եմ Պարույր Սեւակի ու Տիգրանաշենի բնակիչների հետ, չկա մի մարդ, ով այս պահին մտածում է համայնքից դուրս գալու մասին։ Այդպիսի տրամադրվածություն այս պահին գյուղում չկա։ Եթե կլինի այդ փորձանքը, նոր կմտածենք, թե դրա դեմը ոնց առնենք։ Դա իրոք փորձանք է կլինի մեզ համար, որովհետեւ Պարույր Սեւակի կոմունիկացիաները Տիգրանաշենով են անցնում։ Մեր խմելու ու ոռոգման ջուրն անմիջապես այդ տարածքով է անցնում, ոչ ոք ռիսկ չի անի օգտագործել այդ ջուրը, որովհետեւ նրանցից ամեն ստորություն սպասելի է»,- ասաց համայնքապետարանի աշխատակիցը։
Արտակ Ասատրյանը նշեց, որ չեն պատկերացնում՝ հնարավոր հանձնման դեպքում ադրբեջանցիներն ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով են մուտք գործելու Տիգրանաշեն։ «Մեր տարածքի մեջ, նրանք չունենալով ոչ մի ճանապարհ՝ ոչ օդում, ոչ հողի վրա, այս ինչքա՞ն ռեսուրս պիտի կուտակեն, որ մեզ այստեղ խեղճացնեն։ Եթե դրանք այսքանով հանդերձ պետք է մեզ խեղճացնեն, ուրեմն մեզ հասնում է խեղճանալ, ուրեմն դրան ենք արժանի»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Ասատրյանը նշեց, որ Տիգրանաշենի բնակչության հետ ոչ մի պաշտոնյա չի հանդիպել, պաշտոնապես ոչ մի տեղեկություն չի եղել Տիգրանաշենի հնարավոր հանձնման մասին։
Ինչ վերաբերում է այսպես կոչված «անկլավների» մասին ՀՀ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին՝ Արտակ Ասատրյանն ասաց․ «Եթե բանակցում են, դա դեռ չի նշանակում հանձնել։ Հազար տեսակի հարց է առաջանալու։ Նրանք անցնելու են մեր տարածքով, ես ուզում եմ պատկերացնել, եթե մեզ ասեն՝ գնացեք Արծվաշենում ապրեք, մենք գնալո՞ւ են այնտեղ ապրենք, երբ ամեն անգամ անցնելու ենք թուրքերի քթի տակով»։
Արտակ Ասատրյանը հավելեց․ «Տիգրանաշենում բոլորը դեմ են դրան, բայց չեմ կարծում, որ ինչ-որ բան անելիս մեր կարծիքը հաշվի են առնելու։ Մինչ օրս իշխանությունները չեն հետաքրքրվել, թե Տիգրանաշենի տներից քանիսն ունեն սեփականության վկայական, քանիսը՝ չունեն, կամ քանի բնակեցված տուն կա այսօր։ Եթե այդպիսի մի հարցում անեն, մենք կմտածենք, որ հաշվառում են, թե այնտեղից դուրս գալու դեպքում քանի ընտանիքի պետք է ապահովեն բնակարանով։ Բայց այսօրվա դրությամբ ոչ մի հարցում ու ինֆորմացիա չկա։ Առայժմ այդքան լուրջ չենք ընդունում այդ խոսակցությունները»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ