Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանության ստորագրած ամեն թուղթն անօրինական է, Արցախի կարգավիճակը որոշել է Արցախի ժողովուրդը, այս դավաճանությունը կանցնի»․ Արգամ Հովսեփյան

Նոյեմբեր 13,2023 17:13

«Առավոտի» զրուցակիցն է Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը։

-Պարոն Հովսեփյան, ի՞նչ իրավիճակ է Տեղ գյուղում, այս տարվա գարնանը հայկական տարածքները զավթած ադրբեջանցիներն այս ամիսների ընթացքում նահանջե՞լ են, դիրքային փոփոխություն եղե՞լ է։

-Նույն իրավիճակն է, ինչպես եկել՝ զբաղեցրել են մեր տարածքները, այնպես էլ մնացել են իրենց տեղում։ Անգամ մեկ սանտիմետր էլ հետ չեն գնացել։ Գյուղում իրավիճակը նորմալ է, մեզ համար առօրյա կյանքով ապրում ենք։

-Հայաստանի իշխանությունները խոսում են «խաղաղության պայմանագրի» մասին։ Երբ զավթված են ՀՀ տարածքները, ի՞նչ պայմանագրի մասին կարող է խոսք լինել։

-«Խաղաղության պայմանագիրը» կնքում են, որ ի՞նչ լինի։ Ադրբեջանը Արավուսի տարածքում է, Տեղ գյուղի տարածքում է, Սեւ լճի, Ջերմուկի տարածքում է, խոսում է այսպես կոչված «անկլավների» մասին, իր հետ ի՞նչ «խաղաղության պայմանագրի» մասին կարելի է խոսել։ Ես այդպիսի «խաղաղության պայմանագիր» չեմ տեսել։

Այսինքն՝ նախ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից, հետո՞ քննարկվեն այդ հարցերը։

-Միանշանակ պետք է դուրս շպրտվեն Հայաստանի տարածքից։ Մեր Արցախը, մեր Շուշին, Հադրութն ու Նախիջեւանը, դրանց մասին ոչ ոք այլեւս չի խոսում։ Ես ուղղակի զարմանում եմ, այս կառավարությունը չի խոսում Արցախի ու Նախիջեւանի մասին, «անկլավների» մասին է խոսում։ Ի՞նչ անկլավ, անկլավ կա՞։ Նախ` մեր Արցախի, Նախիջեւանի, Սեւ լճի մասին խոսեք, դեռ Արեւմտյան Հայաստանը մի կողմ թողնենք։

Իշխանության կողմից Արցախի հարցը փակելու քաղաքականություն է վարվում կարծես։ Դուք ի՞նչ կարծիքի եք՝ այսպիսով Արցախը հարցը փակվո՞ւմ է։

-Ոչ, Արցախը մերն է, մերն է լինելու, մենք հետ ենք գնալու։ Ո՞նց կարող ենք մոռացության մատնել Արցախի հարցը, այդպիսի բան չի լինելու։ Մինչեւ օրս այս իշխանություններն ինչ անում են՝ անօրինական է։ Երբ ասում են՝ «Արցախը Ադրբեջան է», «Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է», խոսում են «Մեղրիի միջանցքի» ու «անկլավների» մասին, լրիվ անօրինական է։ Նրանց ստորագրած ամեն մի թուղթն անօրինական է։ Ես չէ, որ պետք է ասեմ՝ «Արցախը Ադրբեջան է», Նիկոլը չէ, որ պետք է ասի, Արցախի կարգավիճակը որոշել է Արցախի ժողովուրդը։ Արցախի կարգավիճակը որոշված է, այս ժամանակավոր դավաճանությունը, այս արհավիրքը կանցնի։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930