Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ուղղակի անձի խոշտանգում է»․ Երեմ Սարգսյանը՝ Գագիկ Խաչատրյանի դատական նիստի մասին

Նոյեմբեր 13,2023 16:53

Պետական եկամուտների կոմիտեի եւ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով այսօրվա դատական նիստում նրա պաշտպան Երեմ Սարգսյանը պնդում էր, որ Խաչատրյանը ողնաշարի խնդիր ունի, նա կարիք ունի արտերկրում վիրահատության, քանի որ Հայաստանում այդ վիրահատությունը հնարավոր չէ կատարել։

Մեղադրող կողմը առարկեց այդ պնդմանը։

Պաշտպանն ասաց, որ նախաքննության փուլից սկսած՝ երեք փաստաթուղթ կա, որ պետական մարմիները նախաձեռնել են կոնսիլիումներ հանրապետության լավագույն բժիշկների մասնակցությամբ՝ առողջապահության նախարարի հանձնարարությամբ։

«Երեք անգամ հանձնաժողովը պաշտոնապես եզրակացրել է, որ ողնաշարի վիրահատությունը Հայաստանում հնարավոր չէ կատարել։ Չհավատացին։ Մի հատ էլ դատարանի նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակվեց։ Եզրակացությունում նշված է, որ այս վիրահատությունը ՀՀ-ում չի կատարվում։ Հիմա եթե մեղադրողի համար կարեւոր է փաստաթուղթը՝ Հայաստանում հնարավո՞ր է, թե՝ ոչ, որից հետո ինքը պետք է ասեր՝ եթե հնարավոր չէ, թույլ տվեք մեկնի։ Մեղադրական կողմի համար էական չէ, թե ինչ փաստաթուղթ է այստեղ։ Կարեւորը ձգելն է։ Օրինակ՝ փորձաքննությունը մեկ տարի տեւում էր, պատասխանը ստանում էին, ասում էին՝ դե սա մի տարի առաջ է եղել, եկեք մի հատ էլ հիմա անենք։ Բայց այդ մի տարվա ընթացքում Գագիկ Խաչատրյանի առողջականը վատանում է։ Նույնը դատարանում է։
Ի՞նչ է ուզում հարգելի մեղադրողը ստանալ, որ նորից ասվի՝ Հայաստանում հնարավոր չի՞, ու ինքն ասի չէ, մենք առարկո՞ւմ ենք»,-ասաց Երեմ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ Խաչատրյանի մոտ միայն ողնաշարի հիվանդությունը չէ, նա այլ հիվանդություններ էլ ունի, որոնք բուժում են Հայաստանում՝ որքան հնարավոր է․ «Պետք է հստակեցնել մի բան՝ երբ կա հիվանդություն, որը հնարավոր չէ բուժել Հայաստանում, եւ դրանից հետո բազմաթիվ տարբեր տեսակի հիվանդություններ են առաջացել, որ բազմաթիվ բժիշկներ դժվարանում են պատկերացնել, թե խնդիրները որտեղից են առաջացել, դրա համար բազմապրոֆիլ հիվանդանոց է պետք, որպեսզի կարողանա բուժումը ստանալ»։

Պաշտպանն ասաց, որ Գագիկ Խաչատրյանը նախկինում պատշաճ ներկայացել է դատական նիստերին, մի քանի անգամ թույլտվություն է եղել մեկնելու, վերադարձել է, մեկնելուց հետո նույնիսկ փաստաթուղթ են տվել, որ երկար է տեւելու բուժումը, բայց դատական նիստ է նշանակվել, նա ընդհատել է բուժումն ու վերադարձել է․ «Հիմա ինչի՞ց եք անհանգստանում։ Ոչ թե անհանգստանում եք, ուղղակի թույլ չեք տալիս՝ ստեղծելով առողջական ծայրահեղ վատ վիճակ։ Ընդամենը ձեւականություն է, ոչինչ, որ հիվանդ ես»։

Պաշպանը պնդեց, որ Խաչատրյանը հիվանդության պատճառով չի կարողանում դատական նիստերին երկար նստել։

Մեղադրական կողմն էլ նշեց, որ 2020 թվականից հետո, երբ գործն ուղարկվել էր դատարան, Գագիկ Խաչատրյանը բազմաթիվ անգամ մասնակցել է նիստերին, ի վիճակի է եղել ժամերով նստել․ «Նույնիսկ նրա մասնակցությունն այնքան է եղել, որ կարողացել ենք գործով հասնել համարյա ավարտական փուլին, մնացել էր մեկ վկայի եւ ամբաստանյալների հարցաքննությունը։ Այսինքն, այն ներկայացումը, որ Գագիկ Խաչատրյանը ընդհանրապես ի վիճակի չէ, չի կարողացել մասնակցել, որ հիվանդություններն այնպիսին են․․․ դուք առնվազն լավ գիտեք, որ պարբերաբար մասնակցել է նիստերին ինչպես անազատության մեջ գտնվելու ժամանակ, այնպես էլ ազատության մեջ գտնվելու ժամանակ։ Դրանից հետո արդեն մեկ տարի է՝ պաշտպանության կողմից պարբերաբար ներկայացվում են փաստաթղթեր, ու չենք կարող պնդել, որ դրանք ներկայացնում են ողնաշարի հետ կապված խնդիրը, ներկայացնում են տարբեր հիվանդությունների հետ կապված։ Բայց այդ փաստաթղթերում չկա նշում կապված ողնաշարի ախտորոշման հետ կապված նիստերին մասնակցելու չկարողանալու մասին։ Հակառակը, բազմաթիվ փորձագետների եզրակացություն կա, որ ի վիճակի է եղել մասնակցել։ Փաստաթղթում մի կետ կա, որ ասում են՝ կարիք կա պլանային վիրահատության, այսինքն՝ ոչ հրատապ։ Այս պայմաններում պարբերաբար անդրադառնում ենք նույն խնդրին։ Մնում եմ նույն կարծիքին, որ որեւէ կոնկրետ փաստաթուղթ չկա, (մեկ տարվա ընթացքում դատական նիստերը ձգձգվում են) որ այդ հիվանդությունները հնարավոր չէ բուժել»։

Երեմ Սարգսյանը պնդեց միջնորդությունը՝ դեկտեմբերի 10-ից մինչեւ հունվարի 10-ը թույլ տալ Գագիկ Խաչատրյանին մեկնել Գերմանիա՝ ողնաշարի վիրահատության։ Նա հիշեցրեց՝ տասից ավել անգամ նման միջնորդություն է ներկայացվել, մեղադրողն առարկել է։

Դատական նիստից հետո պաշտպանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ պարբերաբար, երբ խնդրում են թույլ տալ կարճաժամկետ մեկնել բուժման, անընդհատ ձգձգում են․ «Մեղադրանքի կողմն ու դատարանը կաշկանդված են եւ ուղղորդված, դա երեւում է հատկապես երբ մենք միջնորդեցինք տասներկու օրով մեկնել, դատարանը բավարարեց, մեկ ժամ հետո դատարանից տեղեկացրին, որ նոր միջնորդություն է ներկայացվել։ Առանց կողմերի՝ միջնորդությունը քննարկել են, դատարանը չեղարկել նախորդ որոշումը, ոստիկանությանը գրություն ուղարկում՝ արգելել ելքը։ Սա ուղղակի անձի խոշտանգում է։ Գործ ունենք ոչ օբյեկտիվ գործընթացների հետ։ Հույս ունեմ, որ դատարանը վեր կկանգնի այս ամենից, որովհետեւ, Աստված չանի, եթե շատ լուրջ խնդիրներ առաջանան, դրա համար պատասխան են տալու, թե ինչու թույլ չեն տալիս»։

Հիշեցնենք, Խաչատրյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը: Մեղադրանքն առնչվում է ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարած ենթադրյալ հանցագործություններին:

  Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930