Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Իշխանությունն ինչի՞ է մտածում, որ իշխանություն վերացնելու ձեւը ֆիզիկական ոչնչացումն է, այլ ոչ թե հեռացնելը, ասենք, հրաժարականը պահանջելու միջոցով»

Նոյեմբեր 13,2023 16:37

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Արցախի հետ եւ Հայաստանում տեղի ունեցող ողբերգությունների նկատմամբ հանրության մի շերտի անտարբերությանը՝ ասաց. «Այն, որ ասում են, թե ժողովուրդը ամեն ինչ մոռանում է, բայց բաներ կան, որ ընդհանրապես ուշադրության չեն արժանանում: Օրինակ, պաշտոնական տեղեկություն, որ Ստեփանակերտից Երեւան գաղթի ճանապարհին մահացել է 64 մարդ: 64 մարդ, որ մի տեղ հավաքվի, դառնում է ներկայանալի միջոցառում: 64 մարդ՝ ճանապարհին: Իսկ թե սեպտեմբերի 19-ից մինչեւ վերջնական դուրս գալը քանի՞ մարդ է Արցախում մահացել, դրա վիճակագրությունը չեն վարում: Դիակ են տեսել, թաղել են, դուրս են եկել, որովհետեւ էլ ի՞նչ գերեզման: Միեւնույն է, նրանց հետեւից ոչ գնացող է լինելու, ոչ ծաղիկ դնող, ոչ խունկ ծխող:

Գերիների մասով էլ էին հարազատներին ասում, որ եթե հարցազրույց տաք, այստեղ ասեք, որ դուք նրա եղբայրն եք, նրա համար այնտեղ վատ կլինի: Իբրեւ թե գերիների համար այնտեղ լավ է, հարցազրույցից հետո վատ կլինի»:

Խոսելով իշխանությունների՝ խաղաղության պատկերացումների մասին՝ Էդգար Ղազարյանն ասաց. «Որ լեռան վրա ձյուն կա, դա պետք է տալ: Մի պատգամավոր կար չէ՞, որ ասել էր, թե մեր բանակը հո ձյունառատ սարերը պաշտպանելու համա՞ր չէ: Արդեն նոյեմբեր ամիսն է: Որ սարի վրա ձյուն է դրել, պետք է տալ: Այսօր մեր տնից նայում եմ, Արագածի վրա ձյուն կա: Արագածը մեր էլ ինչի՞ն է պետք»:

Քաղաքական գործիչը չշրջանցեց նաեւ վերջին շրջանում ազատ խոսքի համար ընդդիմադիրներին դատի տալու լայն տարածում ստացող պրակտիկան: «Օրինակ, Արագած Ախոյանին հիմա ձերբակալել են հինգ ամիս առաջ ֆեյսբուքյան մի գրառման համար, որտեղ ասում է, թե Նիկոլին քշելուց հետո դավաճաններին պետք է պատժել: Եթե այդ գրառումն արել է հինգ ամիս առաջ, այդ հինգ ամսվա ընթացքում ոչ մի մարդ այդ բռնության կոչով ոչ մի բռնություն չի կատարել, քննիչը հիմա ի՞նչ է մտածել: Մտածել է, որ մի մարդ պետք է հիմա մտնի Արագած Ախոյանի ՖԲ էջ, հինգ ամիս հետ գնա ու բռնության կոչ գտնելով բռնությո՞ւն կատարի:

Այդ որոշումը կայացրած քննիչին, դատախազին այսօր պետք է տանել հարկադիր բուժման, որովհետեւ այդպիսի երեւակայություն ունեցող մարդը ստացիոնար բուժման ենթակա է:

Եթե սա իսկական բռնության կոչ է եւ հինգ ամիս չեն ենթարկել պատասխանատվության, ամբողջ իրավապահ համակարգին պետք է դատել, որ հինգ ամիս դա թողել են անհետեւանք: Իսկ եթե զանգ են ստացել, որ ինչ ուզում եք արեք, կոնկրետ Արագած Ախոյանին պետք է ձերբակալել, սա արդեն քրեական օրենսգրքի ուրիշ հանցագործություն է: Այսինքն, այստեղ բոլորը հանցագործ են, բացի Արագած Ախոյանից:

Կամ Հրանտ Բագրատյանը ապրիլի 4-ին ելույթ է ունեցել ու տնտեսական վերլուծությունների արդյունքով ասել՝ այս իշխանությունը պետք է վերացնել: Իսկ դուք ինչի՞ եք մտածում, որ վերացնելու ձեւը ֆիզիկական ոչնչացումն է: Վերացնելու ձեւը իշխանությունը հեռացնելն է, ասենք, հրաժարականը պահանջելու միջոցով: Ես այդպես եմ հասկացել: Բայց որ իշխանական պատգամավորը եթերում ասում է՝ ընդունեք որպես բռնության սպառնալիք, ես Ղազարյան Էդգարի եւ, ընդհանրապես, որեւէ մեկի, ով կասի ադրբեջանաթուրքական հեղափոխություն, լեզուն ու ականջները կտրելու եմ, երեկ արդեն ստացել եմ վարույթ չընդունելու՝ վճռաբեկ դատարանի որոշումը»,- ասաց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930