Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան եւ Նոր-Նորք նստավայրում ընթանում էր «Դիզվառելիքի գործով» դատավարությունը։
Դատախազությունը նոր հայցադիմում է ներկայացրել այս գործով մեղադրյալների դեմ։ Դատարանում մեղադրող դատախազը հայտարարեց, որ գործով մեղադրյալներ Սերժ Սարգսյանից, Բարսեղ Բեգլարյանից, Սերգո Կարապետյանից, Սամվել Գալստյանից եւ Գեւորգ Հարությունյանից պահանջում են հօգուտ պետության բռնագանձել մոտ 490 մլն դրամ գումար։ Ըստ հայցադիմումի՝ վիճելի ժամանակահատվածում իրականացված գյուղատնտեսական օգնության ծրագրի շրջանակներում դիզվառելիքի մատակարարման համար գյուղնախարար Սերգո Կարապետյանը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ ծրագրին մասնակից «Ֆլեշ» ՍՊԸ-ի տնօրեն Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ պետական պահուստային ֆոնդից մոտավորապես 490 մլն դրամ գումար են ելքագրել, որը տրամադրվել է «Ֆլեշ» ընկերությանը իբրեւ սուբսիդավորման հավելյալ գումար։
Այլ մանրամասները՝ տեսանյութում։
Կարդացեք նաև
Նիստը հետաձգվեց, քանի որ պաշտպանական կողմը հայցադիմումի պատասխան պետք է ներկայացնի։
Հիշեցնենք, որ այդ գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով յուրացման/վատնման համար․ ըստ մեղադրանքի, նրա կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ 2013թ․ հունվարից մինչեւ փետրվարը կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 ՀՀ դրամ: Այս գործով մեղադրյալի կարգավիճակում էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու նրա տեղակալ Սամվել Գալստյանը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է․ նախկին պաշտոնյաները մահացել էին կորոնավիրուսից։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ