Հայաստանի շուրջ ստեղծված անորոշ իրավիճակի հետեւանքով ՀՀ քաղաքացիներից ոմանք սկսել են անշարժ գույք ձեռք բերել արտերկրում։ Այս միտումների մասին «Առավոտի» հետ զրույցում խոսել է «Silver Rea» անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրեն Անդրանիկ Հարությունովը։
«Իրականում կա հետաքրքրություն Հայաստանից դուրս անշարժ գույք գնելու հարցով, բայց դա ավելի շուրջ միջոցների դիվերսիֆիկացում ենք համարում։ Այսինքն՝ փող ունեցող անձինք այստեղ ներդրում են անում, բայց նաեւ զուգահեռ ապահովագրում են իրենց՝ այլ ապահով կամ զարգացող երկրում իրենց միջոցներով ինչ-որ կապիտալ են ձեռք բերում»,- ասաց նա։
Մեր զրուցակցի խոսքով, մասնավորապես, հայաստանցիները հետաքրքրություն են ցուցաբերում Դուբայում, Հունաստանում ու Կիպրոսում անշարժ գույք գնելու հարցով։ Նա նշեց, որ, օրինակ, Դուբայում բազմաբնակարան շենքերում փոքր բնակարանների գներն սկսվում են 400 հազար դոլարից։
Հարցին, թե դա արդյոք կապիտալի արտահո՞սք է, մասնագետը պատասխանեց․ «Ոչ, միջոցների դիվերսիֆիկացում է։ Այն մարդիկ, որոնք շատ միջոցների են տիրապետում, վաղուց են իրենց միջոցները դիվերսիֆիկացրել, Եվրոպայում, այլ երկրներում անշարժ գույք են ձեռք բերել։ Այս պահին միջինից բարձր բիզնեսմենները նախընտրում են նաեւ դրսում գույք ունենալ»։
Կարդացեք նաև
Անդրանիկ Հարությունովն ասաց, որ Հայաստանի անշարժ գույքի շուկայում թեթեւ սպասողական վիճակ կա։ «Մենք ունենք ահռելի քանակի բնակֆոնդի կարիք՝ հաշվի առնելով ռուսների, այնուհետեւ արցախցիների հոսքը, բայց այս պահին քչերն են բնակարան գնում։ Շատ հաճախորդների հետ մենք քննարկում ենք այդ հարցը, ասում են, որ դա կապված է նրա հետ, որ ուզում են հասկանալ՝ այստեղ ի՞նչ է լինելու։ Այսինքն՝ մարդիկ սպասում են տեսնեն՝ խաղաղության պայմանագի՞ր կստորագրվի, թե՞ ինչ կլինի։ Մասնագետներ կան, որոնք անշարժ գույքի շուկայում գների նվազում են կանխատեսում։ Բայց ես համաձայն չեմ այդ տեսակետների հետ։ Եթե անորոշությունը վերանա, ավելի շուտ գների բարձրացում տեղի կունենա, որովհետեւ բավական մեծ պահանջարկ կա շուկայում»,- ասաց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ