Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախցի տղան օգնում էր մեզ՝ առանց ակնկալիքի, սակայն իր ընտանիքից երկու հոգի հատակին էր քնում». «Դոկտոր Լիզա»-ի հայաստանյան ծրագրերի համակարգող

Նոյեմբեր 13,2023 12:40

«Դոկտոր Լիզա» բարեգործական հիմնադրամն արդեն երեք տարի է՝ օգնում է Արցախի մեր հայրենակիցներին։ Նոյեմբերի 13-ից հիմնադրամը սկսում է մարդասիրական օգնության տրամադրումը Արցախից բռնի տեղահանվածներին, այս անգամ` Արարատի մարզում: Սա վերջին մի քանի շաբաթների ընթացքում հիմնադրամի արդեն երրորդ բարեգործական միջոցառումն է:

«Լեռնային Ղարաբաղին հումանիտար օգնություն առաջին անգամ ցուցաբերել է 2010-12թթ Ելիզավետա Գլինկան՝ դոկտոր Լիզան: Նա այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղ էր տանում բժշկական սարքավորումներ մանկական հիվանդանոցների համար, հատկապես՝ վերականգնողական սարքավորումներ: Երբ դոկտոր Լիզան այլեւս ողջ չէր, մեր հիմնադրամը ի դեմս հիմնադրամի ղեկավար Նատալյա Ավիլովայի, շարունակեց այդ առաքելությունը, եւ արդեն 2020-ին մենք սկսեցինք աշխատանքները Լեռնային Ղարաբաղում, տարատեսակ հումանիտար օգնություն տարանք, այդ թվում` նաեւ բուժսարքավորումներ, որոնք անհրաժեշտ էին բնակչությանը: Առայսօր մենք այդ օգնությունը շարունակում ենք»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նշեց «Փրկիր երեխային թեժ կետերում» ծրագրի ղեկավար Վլադիմիր Խավշաբոն:

«Շտապիր դեպի բարին» հիմնադրամի խորհրդի անդամ, «Դոկտոր Լիզա» հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Անի Մարտիրոսյանի (լուսանկարում) խոսքով, 2020թ.-ից «Դոկտոր Լիզան» ակտիվորեն աշխատում էր Արցախի տարածքում, այժմ էլ՝ Հայաստանի Հանրապետությունում՝ աջակցություն ցուցաբերելով Արցախից բռնի տեղանված բնակչությանը: «Վերջին ամսվա ընթացքում շուրջ 20 տոննա հումանիտար բեռ է ուղարկվել, այսօր էլ օգնություն ենք ցուցաբերելու Արարատի մարզում ապաստանած արցախցիներին»,-ասաց «Դոկտոր Լիզա» հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգողը: Հավելեց, որ օգնություն կտրամադրվի մասնավորապես Մասիս համայնքում, Մասիսի գյուղերում, Արտաշատ քաղաքում եւ Արտաշատի գյուղերում տեղավորված արցախցիներին;

«Ամեն անգամ հումանիտար օգնություն ցուցաբերելիս՝ լսում ենք շատ հուզիչ պատմություններ: Կարծում եմ՝ օգնություն բաժանող մարդիկ պետք է հիշեն, որ բարություն անելիս չպետք է որեւէ այլ բանի մասին մտածել, պետք է ուղղակի շնորհակալ լինել Աստծուն, որ կարողանում ես ինչ-որ մեկին օգնել: Երեկ, երբ պետք է օգնությունը բաժանեինք, պահեստ էին եկել 12 եւ 17 տարեկան արցախցի տղաներ:12 տարեկան տղայի անունն Արարատ էր: Երբ մենք զրուցում էինք իր հետ, հարցնում էինք՝ որտեղից է, ինչի կարիք ունի, ինքն ասաց, որ ուղղակի եկել է օգնելու՝ առանց որեւէ ակնկալիքի: Հետո պարզեցինք, որ իրենց ընտանիքը բաղկացած է հինգ հոգուց, որոնցից երկուսն ուղղակի հատակին են քնում: Ապշելու բան էր, երեխան օգնում էր մեզ ու ոչինչ չէր ակնկալում… Եվ նման պատմությունները շատ-շատ են»,-նշեց Անի Մարտիրոսյանը:

Նա ասաց, որ արդեն տարիներ շարունակ համագործակցել են Արցախի եւ Հայաստանի պետական կառույցների հետ, նախկինում՝ նաեւ Հայաստանում Արցախի ներկայացուցչության հետ: Պետական, համայնքային կառույցների հետ աշխատելիս հետաքրքրվում են, թե ինչի կարիք ունեն այս պահին Արցախից Հայաստան տեղափոխվածները, որպեսզի ցուցաբերվող օգնությունն ավելի նպատակային եւ հասցեական լինի:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930