Լրահոս
Օրվա լրահոսը

«Նպատակս է, որ ունենանք ինքնաբավ տնտեսություններ, մենք կարողանանք տեղում սերմ արտադրել և հնարավորինս ապահովել մեր բնակչության պահանջները»․ գյուղատնտես Ալեքսանդր Ղուկասյան

Նոյեմբեր 13,2023 14:30

«Ուզում եմ, որ մեր հանրապետությունը կարողանա ինքնաբավ դառնալ սերմնարտադրության մեջ, որովհետև ոնց հասկանում եմ՝ Ռուսաստանի հետ ճանապարհը փակվելու է»,-Aravot.am-ի հետ զրույցում խոսելով իր նպատակների մասին՝ ասաց Ամրակից համայնքի բնակիչ Ալեքսանդր Ղուկասյանը։
Նա գյուղատնտես է, երաշտադիմացկուն հացահատիկի և հատիկընդեղենի սորտերի առաջնային և երկրորդային սերմնաբուծության ոլորտում բազմամյա փորձ ունի։ Սերմերի պահեստում, որտեղ հյուրընկալվել էինք, Ալեքսանդր Ղուկասյանն ոգևորությամբ ցույց տվեց այն տեխնիկան, որը ձեռք է բերել ԵՄ LEADER համայնքային զարգացման մեթոդաբանությամբ Հայաստանում ստեղծված ութ տեղական ակտիվ խմբերից մեկի՝ «Լոռվա ձոր» Տեղական ակտիվ խմբի (ՏԱԽ) միջոցով տրամադրված դրամաշնորհով․ «Մեր ունեցած տեխնիկաները քանի որ հին էին, կորուստները շատ էին լինում։ Ծրագրին դիմեցի և դրամաշնորհի միջոցով կարողացա գնել հացահատիկի և հատիկընդեղենի շարքացան՝ հինգ միլիոն դրամ արժողությամբ։ Իմ կողմից ներդրում է կատարվել և գնել եմ նոր զտիչ՝ 3,5 միլիոն դրամ արժողությամբ, որպեսզի կարողանանք մաքուր արտադրություն կազմակերպել․ և′ ցանքսերի որակը տեղը լինի, և′ մաքրման աշխատանքները նորմալ լինեն»։

Ալեքսանդր Ղուկասյանն ասաց, որ այս պահին ունեն երկու սորտի ցորենի սերմնացու՝ գրավ և գռոմ էլիտար սորտերն են։ Ներմուծում եմ ՌԴ-ից, տեղում վերարտադրում, բայց նպատակ ունի հետագայում ինքնուրույն ստանալ այդ էլիտար սորտերը։

Հայաստանում կայուն զարգացմանը և գյուղական համայնքների բնակիչների կենսամակարդակի բարելավմանն ուղղված ԵՄ LEADER մեթոդաբանությունը ԵՄ ֆինանսավորմամբ տեղայնացվել է Լոռու և Տավուշի մարզերում՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից ու Շիրակի մարզում՝ Ավստրիական զարգացման գործակալության կողմից: LEADER մեթոդաբանությունն իրականացվում է ՏԱԽ-երի միջոցով, որոնք, առաջնորդվելով գործընկերության և նորարարության մոդելով, համախմբում են տեղական իշխանությունների, տեղական բիզնեսների և տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ ապահովելու շոշափելի արդյունքներ և նպաստելու տեղական զարգացմանը։ Տավուշում, Լոռիում և Շիրակում այժմ գործում են ութ ՏԱԽ-եր, որոնք մասնակցային գործընթացի միջոցով հաստատված առաջնահերթություններին համապատասխան օժանդակում են զարգացման ծրագրերի իրականացմանն իրենց տարածքներում։

Օրինակ՝ Ալեքսանդր Ղուկասյանը ներկայացրել էր երաշտադիմացկուն հացահատիկի և հատիկընդեղենի սերմնարտադրությանն ուղղված ծրագիր․ «Մեր տարածաշրջանը, քանի որ սահմանափակ հնարավորություններով է, իմ նպատակն է, որ ունենանք ինքնաբավ տնտեսություններ, կարողանանք տեղում մենք սերմ արտադրել և հնարավորինս ապահովել մեր բնակչության պահանջները»։

Մեր զրուցակիցը «Լոռվա ձոր» տեղական ակտիվ խմբի խորհրդի անդամ է։ Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ աշխատանքներ են իրականացվում ՏԱԽ-ում և արդյունավե՞տ է այս մոդելի կիրառումն իրենց համայնքում։ Նա պատասխանեց․ «Տեղական ակտիվ խմբում հաճախ հանդիպումներ ենք ունենում մասնագետների հետ, օրինակ՝ հաշվապահական առումով խորհրդատվություններ են անցկացվում։ Բավականին օգնում են մեզ։ Ֆերմերների  մեծամասնությունը հաշվապահության մեջ շատ չի խորանում, իսկ այդ խորհրդատվությունը նպաստավոր է բոլորի համար։ Մեզ օգնել են նաև ծրագրեր գրելու հարցում․ մեզ մեր ծրագրի լավ ու վատ կողմերն են բացատրել և այլ հմտություններ փոխանցել։ Մենք ճիշտ կողմնորոշվեցինք, ծրագիրը շահեցինք»։

Ալեքսանդր Ղուկասյանի կարծիքով՝ LEADER մեթոդաբանությունը յուրահատուկ է, այն չի տեսել այլ ծրագրերում, որոնց մասնակցել է․ «Տարբեր ծրագրերի եմ մասնակցել, բայց այստեղ շատ հետաքրքիր ոճ էին ընտրել։ Ամբողջ ընտրությունը թողել են տեղական ակտիվ խմբի անդամների վրա։ 50 հոգով ընտրել ենք՝ որ ծրագրերը պետք է անցնեն։ Բոլորը կմտածեն, որ յուրաքանչյուրն իրենը կփորձի անցկացնել, իրականում հաջողվեց այնպես, որ մարդիկ բոլորի ծրագրերը լսեցին, դրա հիման վրա իրենց եզրակացությունն արեցին, գնահատում իրականացրին։ Կարելի է ասել՝ նոր մեթոդ էր, հետաքրքիր ոճով։ Բոլորս տեղում՝ դեմ դիմաց նստած ծրագրերն ընտրել ենք։ Հաջողված ծրագիր է»։

ԵՄ LEADER համայնքային զարգացման մեթոդաբանությամբ Հայաստանում ստեղծված ութ Տեղական ակտիվ խմբերից մեկի՝ «Լոռվա ձոր» ՏԱԽ-ի միջոցով հատկացված դրամաշնորհով Ալեքսանդր Ղուկասյանը և′ կկարողանա առաջ մղել իր գործը, և′օգտակար լինել իր համայնքին․ «Մենք կունենան նոր աշխատատեղեր, որը համայնքին ևս կարող է օգտակար լինել։ Այս տեխնիկան, որ ձեռք ենք բերել, համայնքին էլ է ծառայելու։ Պարտավորություն ենք վերցրել, որ համայնքի բնակիչներին, ֆերմերներին պահանջի դեպքում տրամադրենք տեխնիկան․ իրենց ցանքսներն էլ կատարվեն, զտման աշխատանքներ անենք»։

Ալեքսանդր Ղուկասյանի համար սերմնարտադրությունը սիրելի ոլորտներից է. դեռ վաղուց է այս գործով զբաղվում։ Իր ամենակարևոր ցանկություններից է՝ մեր հանրապետությունը կարողանա ինքնաբավ դառնալ սերմնարտադրության մեջ․ «Կարևոր է, որ մեր գիտելիքները ներդնենք նաև հաջորդ սերունդների համար։ Ունենք նաև պայմանավորվածություն տարբեր կրթական հաստատությունների հետ, որ ուսանողները գան, մեզ մոտ պրակտիկա անցնեն։ Պետք է օգտակար լինենք երիտասարդներին, որ կարողանան մեզնից հետո շարունակել այս գործը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930